Հայերեն   English   Русский  

​Որ երկիրը երկիր դառնա…


  
դիտումներ: 1408

Հետաքրքիր է` պետական բարձրագույն ղեկավար մարմիններում դեռ հիշող կա՞, որ Հայաստանում հայտարարված է ազատ շուկայական տնտեսություն` ազատ շուկայական հարաբերություններով ու ազատական մոտեցումներով: Թե՞` երբ պետք է, մեր տնտեսությունը շուկայական է, և խաղի կանոնները թելադրում է շուկան, իսկ երբ հակառակն է պետք, պարզվում է` ապրում ենք վարչա-հրամայական պլանային տնտեսության պայմաններում:

Սեպտեմբերի 18-ին Արարատի ու Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, ինչպես կգրեր Խնկո Ապերը, «ահել, ջահել, գեղովի» դուրս էին եկել ու փակել հանրապետական նշանակության մայրուղիները` բողոքելով, որ բերքը դաշտերում փչանում է, ընկերությունները մթերում չեն իրականացնում: Գյուղացիները բողոքում էին, որ այս տարի բերքը շատ է և սահմանված չափով խաղողը մթերելուց հետո էլ բերքը մնացել է դաշտում:

Ստացվում է, որ երբ բերք չկա` գյուղացիների համար խնդիրներ են առաջանում: Եվ հակառակը, երբ բերքը շատ է` դարձյալ խնդիրներ են առաջանում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հիշում ենք, հայտարարում էր, որ այս տարի խաղողի բերքը, ըստ կանխատեսումների, 10-15 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Կոտայքի մարզում էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ խաղող մթերող ու վերամշակող բոլոր ընկերությունները կսկսեն մթերման գործընթացը, քանի որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 18-ին խիստ հանձնարարական է տվել կառավարությանը, որ գյուղացիների աճեցրած բերքն ամբողջովին ու ժամանակին մթերվի վերամշակող ընկերությունների կողմից, և մինչև վերջին կիլոգրամն էլ մթերվելու է ու վճարվելու, ինչպես անցյալ տարի, 1 կիլոգրամը` միջինը 150 դրամով: Այսինքն` հրամանը «վերևից է ու բեկանման ենթակա չէ», թքած, թե այդ դեպքում ազատ շուկայական տնտեսության գաղափարը կորչում է գրողի ծոցը:

Իհարկե, բնականոն է, որ պետությունը կամ նրա ղեկավարությունը ինչ-որ քայլերով փորձում է կարգավորել խնդիրները` գյուղացիների հոգսերը թեթևացնել կամ տնտեսությունում առաջացած «խցանումները» հարթել: Որովհետև գյուղացիները պետք է իրենց հարկուտուրքերը փակեն, վարկերը մարեն ու, վերջիվերջո, ապրեն, իսկ առանց ստացած բերքն իրացնելու դա անհնար է: Բայց, այսպիսով վերամշակող ձեռնարկություններն են հայտնվում հարվածի տակ: Նրանց ներկայացուցիչները միաբերան ասում էին, որ արտահանման հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն. «Նախորդ տարիների համեմատ` դեպի Ռուսաստան արտահանումը նկատելիորեն կրճատվել է, իսկ առավել եկամտաբեր կոնյակի, գինու արտահանումը` գրեթե դադարել, քանի որ ձեռնտու չէ` կապված դոլար-ռուբլի կուրսի հետ»:

Այս թնջուկում մի կողմից գյուղացիներն են` իրենց առատ բերքով, մյուս կողմից` գործարանները` ճգնաժամային պայմաններում: «Իսկ նման պայմաններում գործարաններին պարտադրել լրացուցիչ ծախսեր անել` նույնպես սխալ է: Դա նշանակում է նրանց անելանելի վիճակի մեջ դնել, քանի որ նրանք դեռ անցյալ տարվա արտադրանքը չեն իրացրել ու շահույթ չեն ստացել: Առանց այն էլ պետության վարած ինտեգրացիոն-տնտեսական քաղաքականության հետևանքով հայտնվել են ճգնաժամային վիճակում»,- նշում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ե՛վ գայլին կուշտ պահել, և՛ գառանը փրկել

Մի խոսքով, երկընտրանքի առջև ենք: Մի կողմից` պետք է օգնել գյուղացիներին, մյուս կողմից` վերամշակողների համար նոր խնդիրներ ստեղծել` ստիպելով գնել նրանց բերքը: Այս առումով ուշագրավ է ԱՄՆ-ում ու Եվրամիությունում կիրառվող քաղաքականությունը: Այնտեղ պետության ղեկավարը չի հրամայում ընդունել բերքը:

Եվրամիության որոշ երկրներում գյուղացիական տնտեսություններն աշխատում են մինչև 70-80 տոկոս պետական դոտացիաների հաշվին: ԱՄՆ-ում ու Եվրամիությունում ակտիվորեն խթանվում է գյուղարտադրանքի արտահանումը` միջազգային շուկաներում պաշտպանելով սեփական գյուղարտադրանքը, միջպետական համաձայնագրերում ու պայմանագրերում ամրագրելով այս կամ այն ապրանքի մատակարարումների ծավալներն ու պայմանները: Նաև լայնորեն կիրառվում են արտահանման դոտացիաները, երբ որոշակի արտադրատեսակների արտահանման ժամանակ արտահանվող յուրաքանչյուր տոննայի համար պետությունից որոշակի գումար է հատկացվում: Սա, իհարկե, Հայաստանի պարագայում անիրատեսական է, եթե հաշվի առնենք մեր տնտեսության վիճակն ու պետության հնարավորությունները:

Աջակցության մյուս եղանակը ներմուծման սահմանափակումներն են, որի դեպքում կա՛մ որոշակի ներմուծվող ապրանքներ, որից տվյալ երկիրն էլ է արտադրում, քվոտավորվում են, կա՛մ դրանց համար սահմանվում են հարկային ու մաքսային բարձր դրույքաչափեր:

Հաջորդ եղանակը արտադրանքի ներքին սպառման խրախուսումն է: ԱՄՆ-ում, օրինակ, լայնորեն կիրավում են մթերային քարտերը, որոնք տրվում են անապահով խավերին որպես սոցիալական աջակցություն: Այդ քարտերով հնարավոր է ձեռք բերել միայն տեղական արտադրանք, բայց անհամեմատ ցածր գներով, իսկ գնի տարբերությունը վճարում է պետությունը: Եվ, վերջապես, գյուղմթերքների շուկայում կատարվող ինտերվենցիաները. բերքի առատության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար ԵՄ գրեթե բոլոր երկրներն արտադրողներից ուղղակի գնում են ավելացած ամբողջ մթերքը: Իսկ դրա համար այդ երկրները ստեղծել են հզոր ենթակառուցվածքներ` սառնարանային տնտեսություններ, պահեստներ և այլն, որտեղ կուտակում են գնված գյուղմթերքները, իսկ վերամշակողները կամ դրանց առևտրով ու արտահանմամբ զբաղվողները հետագայում, երբ իրենց պետք է, կարողանում են գնալ ու այդ սառնարաններից գնել իրենց հարկավոր մթերքը իրենց անհրաժեշտ քանակությամբ:

Այս տարբերակը կարծես մեզ համար շատ հարմար լուծում կարող է լինել: Հայաստանում պտուղ-բանջարեղենը հիմնականում հասունանում է միանգամից` 1-2 ամսվա ընթացքում: Ու քանի որ մեր վերամշակող ձեռնարկությունները հիմնականում տնտեսապես թույլ են, չունեն սառնարանային տնտեսություններ ու այլ ենթակառուցվածքներ, կամ դրանք մեծ չեն, ստիպված են հենց այդ «պիկ սեզոնին» միանգամից մթերել վերամշակվող հումքի ամբողջ ծավալն ու անմիջապես վերամշակել այն, իսկ մնացած ամբողջ տարին գրեթե պարապ մնալ: Եվ եթե պետությունը ստեղծի սառնարաններ, որտեղ գյուղացին հանձնի իր բերքը, իսկ այնտեղից վերամշակողները կամ վաճառքով ու արտահանմամբ զբաղվողները կարողանան ժամանակ առ ժամանակ իրենց անհրաժեշտ հումքն ու ապրանքները գնել, կլինի հիանալի տարբերակ: Բայց նման ենթակառուցվածքներ ստեղծելը, հասկանալի է, երկար ու միջոցներ պահանջող տարբերակ է, որն այս պահին մեզ համար դարձյալ իրատեսական չէ:

Բայց այնպես չէ, որ լուծում չկա: Հաշվենք` այս տարի կլինի մոտ 290-295 հազար տոննա խաղողի բերք: Այն ամբողջությամբ գնելու համար (միջին` 150 դրամով) կպահանջվի մոտ 45 մլրդ դրամ կամ 92 մլն ԱՄՆ դոլարից քիչ ավելի գումար: Հայաստանի համար դա փոքր գումար չէ, ինչ խոսք, բայց նման ծախսը մի քանի լուրջ խնդիր է լուծում:

Առաջին` մի քանի հազար գյուղացու սոցիալական խնդիր կլուծվի և որոշ գործարաններ` հազարավոր աշխատատեղերով, չեն հայտնվի հարվածի տակ: Սա նաև տնտեսապես է արդարացված, քանի որ եթե պետությունը չօգնի մի քանի հազար գյուղացու իրացնելու բերքն ու եկամուտ ստանալու, նրանք կհայտնվեն ծայրահեղ վիճակում, ու պետությունը, միևնույն է, պետք է միջոցներ ծախսի ու պահի նրանց: Մյուս կողմից` եթե այդ բերքը գնելու պարտավորությունը դրվում է վերամշակողի վրա, նրա բիզնեսը, առանց արտահանման, հետևաբար նաև առանց սպառման, դառնում է ոչ եկամտաբեր, ու այդ գործարաններն են հայտնվում փակման վտանգի առջև: Այս դեպքում էլ կնվազեն հարկերը, այսինքն` պետության եկամուտները, մի քանի հազար հոգի կդառնա գործազուրկ, ու նրանց պահելու հոգսը նույնպես կընկնի պետության ուսերին: Իսկ եթե խնդիրը հավելյալ ծախսի համար անհրաժեշտ միջոցների առկայության տիրույթում է, ապա այնպես չէ, որ այդ գումարները կորչելու են, որովհետև դրանք, վերջիվերջո, նորից հետ են վերադառնում տնտեսություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: