Հայերեն   English   Русский  

​Ամերիկահայ և սիրիահայ զույգը երազում է նոր կյանք սկսել Արցախում


  
դիտումներ: 1232

Սարգիս Ռշտունին համոզված է, որ եթե անգամ Սիրիայում պատերազմ չլիներ, միևնույն է, ինքը գալու էր Հայաստան։ Այդ որոշումը նա կայացրել է դեռևս 2008 թ., երբ առաջին անգամ կամավորական ծրագրով եկել է հայրենիք և հասկացել, որ այլևս Սիրիայում անելիք չունի։

Մինչ այդ Հայաստանն իր համար միայն դասագրքերի մեջ էր՝ ռոմանտիկ ու հեռավոր, ուր վերադառնալը, սակայն, առանձնապես համայնքի ավագ սերնդի սրտով չէր։

Երբ Սարգիսը 2008-ին, Հայաստանով տպավորված, վերադառնում է Սիրիա և ծնողներին ասում, որ ուզում է տեղափոխվել, նրան լուրջ չեն վերաբերվում։ Կարծում են՝ 20-ամյա տղան մի քիչ ոգևորված է, ժամանակի հետ ամեն ինչ կանցնի։ Ցավալին այն է, որ նրա ծնողները նույնպես երբևէ չէին եղել Հայաստանում։ Եվ մինչ տղան ծնողներին կհամոզեր, որ գոնե մեկ անգամ գնան հայրենիքը սեփական աչքերով տեսնելու ու գնահատելու, վրա է հասնում պատերազմը։ 2012 թ. արդեն ընտանիքն ուզած-չուզած գալիս է Հայաստան։

Սարգիսը ցավով է նշում, որ 2008-ից ի վեր ծնողներին անընդհատ հորդորել է գոնե Հայաստանում մի բնակարան գնել. «Պետք չունենք, որ Հալեպում 10 բնակարան ունենանք, 10 խանութ ունենանք։ Դե, բոլորի պես մտածում էինք՝ Հայաստանն աղքատ երկիր է, բոլորը դուրս են գնում, աշխատանք չկա և այլն։ Հասկանալի է, դա իրականությունն է, բայց քանի որ մենք ապրում ենք արաբական երկրներում, միշտ էլ հեռանալու խնդիր կար»։

Սարգսի մայրն այսօր Հայաստանում արևելյան քաղցրավենիք և ուտեստներ է պատրաստում ու վաճառում, հայրն էլ առայժմ գործ չունի, մորն է օգնում։ Մինչդեռ Հալեպում հայրն ուներ կաուչուկի մասերի արտադրամաս, որի արտադրանքը նաև արտահանում էին հարևան երկրներ։ 2012-ին, երբ արդեն Հայաստանում էին, արտադրամասը թալանում են, և նրանք զրկվում են եկամտի միակ միջոցից։

Սարգիսն ուսանող է, սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Հայաստանի պատմությամբ մշտապես հետաքրքրվող երիտասարդի համար դա հոգեհարազատ ոլորտ է, և երբ 2011-ին Շիրակի մարզի Շիրակամուտ գյուղում մասնակցում է հնագիտական պեղումների, է՛լ ավելի է կապվում հայոց պատմությանն ու հայրենի արմատներին և որոշում լրջորեն ուսումնասիրել այն։

Մինչև համալսարան ընդունվելը Սարգիսը կարծում էր, որ լիարժեք ինտեգրվել է հայկական միջավայրին, սակայն բուհում նրան հակառակ զգացողությունն էր սպասում. «Շատ լուրջ շոկի մեջ ընկա բուհական սիստեմից,- ասում է նա,- ահավոր վիճակ է։ Օրինակ` քննության ես գնում, պիտի հերթ կանգնես, սպասես, թե հերթդ երբ կհասնի։ Մի անգամ ժամը 10։00-ին գնացի քննության, ժամը 17։00-ին նոր կարողացա մտնել։ Ես ավելի կազմակեպված էի պատկերացնում հայկական բուհը, բայց այդպես չէր։ Կան մի քանի կարևոր առարկաներ, որ շատ գեղեցիկ ձևով դասավանդվում են, բայց մյուս մասը փոշի մաքրելու համար է միայն»։

Իսկ ինչո՞վ է զբաղվելու ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտած Սարգիս Ռշտունին Հայաստանում, մանավանդ որ իր մասնագիտությամբ եկամտաբեր աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Կցանկանար սկսել դպրոցում պատմություն դասավանդելուց, բայց աշխատավարձը 60-70 հազար դրամ է, իսկ Երևանում այդ գումարով դժվար թե կարողանա ապրել։ Նա, բուհում սովորելուն զուգահեռ, որպես զբոսավար աշխատում է մի քանի զբոսաշրջային ընկերությունների հետ և օտարերկրյա հյուրերին անգլերեն ու արաբերեն ներկայացնում Հայաստանը։ Բայց միևնույն է, դա էլ այն գործը չէ, որով կարողանա լիարժեք ապահով և կայուն զգալ: «Երևանը շատ եմ սիրում, բայց դժվար է կյանքը, մրցակցությունը մեծ է, ինչքան էլ փորձում ես ինչ-որ բան անել, տեղում ես մնում՝ քայլ տեղում»,- ասում է նա։

Դա է պատճառը, որ Սարգիսն իր հետագա կյանքը պատկերացնում է Երևանից դուրս։ Սակայն, ի տարբերություն շատերի, նրա «արտագաղթը» հայրենիքի սահմաններում է։ Միացյալ Նահանգներից հայրենադարձված ընկերուհու՝ Անի Քալաֆյանի հետ նա ցանկանում է իր կյանքի նոր էջը սկսել Արցախում։

Անին ու Սարգիսը սիրահարված են ոչ միայն իրար, այլև Լեռնային Ղարաբաղին և որոշել են տեղափոխվել այնտեղ։ Արցախում նրանց ամեն ինչն է դուր գալիս։ Դա մի յուրօրինակ աշխարհ է՝ աշխարհի թոհուբոհից հեռու, ինքն իր ափի մեջ ծվարած, հանգիստ ու ներդաշնակ։

«Արցախը սփյուռքահայության համար պատերազմից անկախացած մի տարածք է, և մենք բոլորովին տեղյակ չէինք, թե այնտեղ ինչ է կատարվում։ Մտածում էինք՝ քանդված, պատերազմի հետքերով ապրող ժողովրդով մի երկիր է»։

Սարգիսն ասում է, որ Սիրիայում արգելված էր հայոց պատմության դասավանդումը։ Ինչ վերաբերում է Արցախին ու նրա պատմությանը, ապա ընդհանրապես հայկական նորագույն պատմության մասին տեղեկությունները շատ սուղ են Սփյուռքում։

2008-ին առաջին անգամ այցելելով Արցախ՝ Սարգիսը հասկանում է, որ դա ամենևին էլ իրենց պատկերացրած պատերազմական երկիրը չէ։ Ամեն տարի մի քանի անգամ այցելելով Արցախ՝ Սարգիսն ավելի ու ավելի է սիրում հայկական այդ մի բուռ հողը ու որոշում, որ դա այն վայրն է, որտեղ կուզենար նոր կյանք սկսել. «Հիմա ինձ համար Արցախը լիուլի երկիր է, երբեմն շատ ավելի ինքնակազմակերպված, քան Հայաստանը»,- ասում է նա,- Հայաստանն ու Արցախը ինչքան նույնն են, այնքան էլ տարբեր են։ Այնտեղ էլ կան խնդիրներ, շատ խնդիրներ, բայց մարդիկ ավելի հակված են այդ խնդիրները լուծելու»։

Մնում է, որ երիտասարդ զույգը կարողանա հարմար աշխատանք գտնել այնտեղ։ Սարգիսն ասում է, որ դիմել է Արցախի պետական պաշտոնյաներից մեկին, որպեսզի իրեն աշխատանք առաջարկի։ Առաջարկել են ուսուցչություն անել Արցախի ազատագրված գյուղերից մեկում, սակայն նա մերժել է, քանի որ գյուղում ապրելն իրատեսական չի համարում. «Ես գյուղատնտեսությունից, հողագործությունից հեռու եմ, այդ գործից բան չեմ հասկանում։ Իսկ գյուղում միայն ուսուցչություն անել չես կարող։ Մենք պիտի աշխատենք ու ապրենք այնպիսի տեղ, որտեղ մեր գիտելիքները, մեր հնարավորություններն ավելի արդյունավետ կօգտագործենք»։

Երիտասարդները ցանկանում են աշխատանք գտնել Ստեփանակերտում և հույս ունեն, որ մինչև հաջորդ ամառ արդեն կլինեն իրենց երազանքների հայրենիքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: