Հայերեն   English   Русский  

​Խոշտանգելով ցանկանում էին սպանել


  
դիտումներ: 837

Եթե տարիներ առաջ հայ հասարակությունը տեղեկություններ չուներ ընտանիքներում տեղի ունեցող բռնությունների մասին, ապա այսօր կանայք սկսել են բարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին:

Ընտանեկան բռնությունների վերաբերյալ վիճակագրական պատկերը համոզիչ չէ. մարդիկ իրենց կյանքի պատմությունը չեն ցանկանում հանրայնացնել: Սոցիալական ծառայության աշխատակիցներն այս հանգամանքը պայմանավորում են կանանց` ընտանիքը չկորցնելու մտավախության հետ:

ՍԻՐՈՎ ՉԱՄՈՒՍՆԱՑԱՆՔ

Ստելլա Նավասարդյանը (անունը փոխված է) արդեն 30 տարեկան է: Ապրած տարիներից այսօր արդեն չի դժգոհում, սակայն հուսահատ նշում է, որ ճակատագիրն իր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չի գտնվել:

- 18 տարեկան էի` դեռ սովորում էի համալսարանում: Հակոբը (անունը փոխված է) համալսարանում հաճախ էր երևում, մեկ-երկու անգամ էինք հանդիպել: Մի օր ծաղկեփնջով եկավ ու ասաց, որ սիրում է ինձ ու որպես իր կյանքի երկրորդ կեսի՝ ինձ է տեսնում: Ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր,- հիշում է Ստելլան,- ծնողներս դեմ չէին, սակայն մայրս ցանկություն ուներ, որ գոնե համալսարանն ավարտեմ` նոր ամուսնանամ: Հակոբը հաղթեց մեր ներընտանեկան պատերազմում, իսկ մայրս չըմբոստացավ:

Ստելլա Նավասարդյանը համալսարանի 3-րդ կուրսում էր սովորում, երբ գարնանային մի գեղեցիկ օր, իր համաձայնությամբ, Հակոբը փախցրեց... Կյանքի հեքիաթային գույները վայելելու իսկական ժամանակն էր, բայց, ինչպես Ստելլան է ասում, երկնքում աստղերն այնպես դասավորվեցին, որ երջանկությունն իրեն բաժին չհասնի: Փոխարենը բաժին հասավ «հաշմանդամացած» մարդու կյանք, ինչին պատրաստ չէր:

- Առաջին իսկ օրվանից սկեսուրս և սկեսրայրս ինձ չհավանեցին: Նրանց մինչ իրենց տուն հարս գնալն ընդամենը մի անգամ էի տեսել: Անկեղծ ասած` նրանք էլ առաջին տպավորությամբ ինձ դուր չեկան: Օր-օրի մեր հարաբերությունները լարվում էին, իսկ ամուսինս՝ Հակոբը, օր ու գիշեր աշխատում էր: Ցավոք, համալսարանը չավարտեցի, իսկ Հակոբը դեմ էր, որ աշխատեի: Ասում էր՝ ես աշխատում եմ, դու տանը եղիր, դեռ երեխաներ պետք է ծնվեն, քո խնամքին են ծեր հայրս ու մայրս,- պատմում է Ստելլան:

Նա նշում է, որ ամուսնու գործերը կարծես մեկ օրում վատացան. կես մարդ դարձած եկել է տուն, հարձակվել կնոջ վրա ու դաժան ծեծի ենթարկել նրան: Մինչև հիմա էլ Ստելլան չի հասկանում, թե ինչի՞ համար էր արժանացել մեղմ, հոգատար ամուսնու ձեռքի ուժգին հարվածներին:

- Որոշ ժամանակ անց Հակոբն ասաց, որ նոր գործ է գտել, մենք նախկինի համեմատ սկսեցինք ավելի լավ ապրել: Մի օր էլ արթնացա ու լսեցի ոստիկանների ու սկեսուրիս «մենամարտը»: Ասում էր՝ իմ տղան անմեղ է, ոչինչ չի արել: Հետագայում պարզվեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ էր զբաղվում, ու ոստիկանները կարծես թե ճիշտ հասցեով էին եկել: Ես արդեն հղի էի, ծանր էի տանում, ինձ խնամք էր պետք: 15-16 շաբաթական հղի էի, երբ բժիշկն ասաց, որ թունավոր հղիություն եմ տանում:

ԱՌԱՆՑ ԵՐԵԽԱՅԻ

- Զարմացած եկա տուն, տեղս չէի գտնում. սկեսրայրիս, որ համեմատաբար համարձակ ու կշռադատող մարդ էր թվում, պատմեցի ամեն ինչ: Ասաց` ինչ ուզում է լինի, երեխան պետք է ծնվի: Ասացի՝ բժիշկներն ասում են` պտուղը թերի է, ասաց՝ կծնվի, կմեծանա, ամեն ինչ լավ կլինի,- շարունակում է Ստելլա Նավասարդյանը:- Իմացավ նաև սկեսուրս, ու վերաբերմունքը դրանից չփոխվեց: Լուրը հասավ Հակոբին, պատկերացնո՞ւմ եք՝ երեքով այնպես ծեծի ենթարկեցին ինձ, որ քիչ էր մնում` մահանայի: Մի կերպ կարողացա փախչել տնից՝ հետս ոչինչ չվերցնելով:

Որոշ ժամանակ անց Հակոբը փնտրեց ու գտավ ինձ, խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի, խնդրեց վերադառնալ տուն ու ապրել, ապրել արժանապատիվ: Երեխային կորցրեցի նրանց ծեծի հետևանքով, բայց վերադարձա… Երկու ամիս չէր անցել, երբ ոստիկանները Հակոբին ձերբակալեցին: Մայրն ասում էր, որ անմեղ է, ապօրինի եկան տարան: Սկեսուրս գնաց դատախազություն, բողոք գրեց, էդ բողոքն ավելի թեժացրեց ամեն ինչ: Միայն վերջերս իմացա, որ Հակոբը նախկինում էլ է դատապարտված եղել: Ու հիմա, երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ նախկին ամուսնուս իբր անմեղ լինելը, իր գլխին սարքելու մասին պատմությունները թատրոնի ժանրից էին, իսկ ես շատ միամիտ էի:

ԵՍ ՄԱՐՄՆԱՎԱՃԱ՞Ռ

Երբ Հակոբի վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը որոշում է կայացնում ազատազրկել նրան, վերջինիս խնդրանքով Ստելլան շարունակում է ապրել նրանց տանը:

- Պատկերացնո՞ւմ եք՝ տանն անգամ հաց չկար, ոչ ոք չէր աշխատում: Սկեսուրս մի անգամ եկավ ու համոզեց, որ գնամ մարմնավաճառությամբ զբաղվեմ, այդ կերպ փող աշխատեմ. «Մեկ ա՝ ոչ ոք չի իմանա»: Տեղս չէի գտնում: Երևի չեք հավատա, բայց օրերով հաց չեմ կերել, իսկ իրենք ամեն օր մի բարեկամի տուն հյուր էին գնում, ուտում-խմում,- ասում է Ստելլան,- իմ ու Հակոբի ծնողների հարաբերություններն օր-օրի սկսեցին ավելի սրվել: Պատճառը ոչ միայն սոցիալական վիճակն էր, այլև երևի այն հանգամանքը, որ նրանք ինձ առաջին իսկ օրվանից չընդունեցին, ու իմ նկատմամբ նրանց վերաբերմունքը տարիների ընթացքում չփոխվեց: Սկեսրայրս անգամ բռնաբարության փորձ արեց, փախա, այնպե՜ս ծեծեց ինձ, այնպե՜ս… Ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր: Սկեսուրս էլ լկտի ձևով ասում էր՝ ուզում ա` տուր:

Ստելլայի պատմելով՝ սկեսրայրն իրեն օր ու արև չի տվել: Ամեն օր չնչին առիթից վիճաբանություն է սարքել ու ծեծել իրեն, իսկ սկեսուրը շարունակ անիծում էր այն օրը, որ իրենց տուն ինքը հարս է գնացել:

- Ծնողներս Ռուսաստանում են ապրում, զանգահարեցին ու ասացին, որ գալու են Հայաստան, մեր տուն էլ կգան. բնականաբար, հյուրի կարգավիճակով: Սկեսրայրս և սկեսուրս նյարդայնացան, թե «գալիս են ի՞նչ անեն, մի շատ գոհ ենք, որ դու ստեղ ես ապրում, մի հատ էլ իրանք են ուզում հյուր գան»: Ու էդ բառի վրա սկեսրայրս նորից հարձակվեց, ծեծում էր անխնա, առանց մտածելու, որ դիմացինը իր տղայից էլ փոքր է, իսկ սկեսուրս ոչ միայն չէր զսպում ամուսնուն, այլև մեկ-մեկ ինքն էլ էր մասնակցում,- պատմում է Ստելլան:

ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԾՆՈՂՆԵՐՍ

Ստելլա Նավասարդյանն ասում է, որ դեռ երկար կհիշի իր կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող օրը` իր ծնողների այցը ամուսնու տուն:

- Հայրս ներս էր մտել, սկեսուրս և սկեսրայրս շատ սառն էին ընդունել ինչպես նրան, այնպես էլ՝ մորս: Ես ննջասենյակում լաց էի լինում՝ սկեսրայրիս հերթական բռնություններից հետո, հայրս ներս մտավ ու… Ես երբեք չէի ցանկանա, որ հայրս այդպես տեսներ ինձ: Նա լուռ կանգնեց մի քանի րոպե ու ասաց. «Վե՛ր կաց, գնում ենք տուն»: Ես առաջին հայացքից չհասկացա, թե ինչ է ասում: Նա սկեսուրիս և սկեսրայրիս ոչինչ չասաց, ինձ էլ որևէ բան չհարցրեց կատարվածի մասին: Որոշեցի լսել հորս, վերցրեցի մի քանի իր, որոնք թանկ են եղել ինձ համար: Հակոբը երկար ժամանակ չի էլ իմացել, թե իրականում ինչ է եղել. ծնողները նրանից թաքուն են պահել ինչպես իմ նկատմամբ կատարված բռնությունները, այնպես էլ՝ հայրական տուն վերադառնալու որոշումս:

ԱՌԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ, ԲԱՅՑ ՄԵՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայրական օջախը որքան էլ ջերմ է, Ստելլան որոշում է անկախանալ ու հոր համաձայնությամբ ու գիտությամբ որոշում է առանձնանալ, ապրել մենակ վարձակալած բնակարանում: Նախկինում ապրած օրերի, տառապանքների մասին փորձում է մոռանալ, ասում է՝ անցյալով չպետք է ապրել:

- Քանի որ հասկանալի է՝ ես պետք է գլխիս ճարը տեսնեմ, որոշեցի աշխատել: Երևանյան սրճարաններից մեկում մատուցողուհի էի աշխատում: Մշտական հաճախորդներից մեկը, իմանալով իմ կյանքի պատմությունը, խորհուրդ տվեց ամեն գնով շարունակել ուսումը ու դիպլոմ ստանալ, գոնե դա երաշխիք կլիներ նորմալ աշխատանք գտնելու համար,- պատմում է Ստելլան:- Այսօր էլ չեմ կարող ասել, որ կյանքն իմ հանդեպ բարեհաճ է եղել, աշխատանք ունեմ, երկու առանձին ոլորտներում եմ աշխատում, բայց մենակ եմ, մեն-մենակ, այնքան հիասթափված եմ, որ կարծում եմ՝ էլ երբեք որևէ տղայի հետ չեմ հանդիպի: Հայրս ասում է՝ պետք է միշտ առաջ նայել: Կյանքն ինձ համար այսքանով երևի սահմանափակվեց. դժվար է, երբ ամուսնանում ես մեկի հետ, որը հանցագործ է, դժվար է, երբ քեզ ծեծում են այնքան, որ կորցնես երեխայիդ:

Ստելլայի պատմելով՝ երբ Հակոբը քրեակատարողական հիմնարկում կրում է պատիժը ու դուրս գալիս, հանդիպում է իր հետ, և միասին երկար զրուցում են:

- Հակոբի վերաբերյալ իմ որոշումը վերջնական էր. նա ասաց, որ մայրը մահացել է, հայրն էլ վատառողջ է: Մեջս, ամեն դեպքում, խղճահարության զգացում առաջացավ, բայց որոշումս անփոփոխ էր: Խնդրեցի էլ չանհանգստացնել ինձ, մոռանալ իմ մասին:

Ստելլան այսօր էլ շարունակում է աշխատել, հույս ունի, որ մի օր երկնքում աստղերն այնպես կդասավորվեն, որ կգտնի իր կյանքի այն կեսին, որի մասին երազել է: 30-ամյա կինը լավատեսության դասական օրինակ է, որ իր մեջ կարողացել է ուժ գտնել ու շարունակել կյանքի ճանապարհը:

Արմեն ՂԱԶԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: