Հայերեն   English   Русский  

​ Մշակութային միջոցառում Հռոմում


  
դիտումներ: 681

Սեպտեմբերի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում կայացավ Երվանդ Քոչարի թանգարանին նվիրատվության արարողություն:

Հռոմում բնակվող Պաոլո Զաքարյանը համաձայնվել էր Երվանդ Քոչարի թանգարանին նվիրել իր հոր՝ Գևորգ Զաքարյանի դիմաքանդակը, որը հայտնի արվեստագետը ստեղծել էր 1922-23թթ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում եղած ժամանակ:

Արարողությանը ներկա էին Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, վարպետի թոռ Կարինե Քոչարը և վերջինիս պատանի դուստրերը, Պաոլո Զաքարյանը, ՀԲԸՄ Միլանի մասնաճյուղի ղեկավար, Իտալիայի հայերի միության խորհրդական-քարտուղար Կեկել Խաչատրյանը:

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց Պաոլո Զաքարյանի՝ հոր դիմաքանդակը թանգարանին նվիրաբերելու որոշումը: Նա կարևորեց աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային արժեքների վերադարձը հայրենիք և վստահելի ու պրոֆեսիոնալ խմամքի ներքո գտնվելը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային մշակութային կարևոր հարթակներում դրանց ցուցադրումը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ «դիմաքանդակը վերադառնում է հայրենիք», որտեղ Հայաստանի ներկա և ապագա սերունդները հնարավորություն կստանան այն տեսնելու ու ըստ արժանվույն գնահատելու:

Պաոլո Զաքարյանն իր ելույթում ընդգծեց, որ նվիրատվության որոշումը դժվարությամբ է կայացրել, քանի որ ողջ կյանքի ընթացքում հոր դիմաքանդակն իր հետ է եղել, սակայն հասկացել է, որ այն առաջին հերթին արվեստի ստեղծագործություն է և պատկանում է հայ ժողովրդին: Նա հավելեց, որ Հայաստանն է դիմաքանդակի ամենաապահով տեղը, և այն պետք է իր արժանի տեղը զբաղեցնի Երվանդ Քոչարի թանգարանում՝ վարպետի ստեղծագործությունների շարքում:

Տիկին Լալա Մարտիրոսյան-Քոչարը շնորհակալություն հայտնեց Պաոլո Զաքարյանին նվիրատվության համար՝ այն բնութագրելով որպես «իմաստուն» որոշում: Նա նաև իր երախտիքի խոսքն ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանն ու Իտալիայում ՀՀ դեսպանությանը՝ նվիրատվության հարցում աջակցություն ցուցաբերելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: