Հայերեն   English   Русский  

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում. այստեղ մոռացել են, որ 100 տարի առաջ իրենք էին թակում այլոց դռները


  
դիտումներ: 964

Այս օրերին համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված է եվրոպական երկրներին, որտեղ փախստականների ճգնաժամ է առաջացել: Պատերազմի ու անկայունության մեջ գտնվող աֆրիկյան ու մերձավորարևելյան երկրների (Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Սոմալի, Էրիթրեա) հարյուրհազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրը և նոր, ապահով ապաստան են փնտրում: Մարդկային հոծ զանգվածներն ուղղվում են դեպի Եվրոպա՝ բարեկեցիկ ու խաղաղ կյանքի ակնկալիքով, սակայն արի ու տես` մերօրյա քաղաքակրթության բնօրրաններից մեկը` Եվրոպան, փակել է իր դռները փախստականների առջև:

Արևելյան Եվրոպայի երկրներն ընդհանրապես հրաժարվում են փախստականների ընդունել, արևմտաեվրոպական երկրներն էլ տարակուսանքի մեջ են. կա՛մ չեն ուզում ընդունել, կա՛մ հույս ունեն հնարավորինս քիչ թվով մարդկանց ընդունել: ԵՄ-ն ստիպված քվոտաներ է սահմանել` յուրաքանչյուր երկրին պարտավորեցնելով ընդունել որոշակի թվով փախստականների:

Միգրացիոն ճգնաժամ

Այսպես, ակնկալվում է, որ եվրոպական երկրները միմյանց մեջ «կբաժանեն» 120 հազար փախստականների: Եվրոպական երկրներից միակ բացառությունը Գերմանիան է, որը պատրաստակամություն է հայտնել ընդունելու փախստականներին. նախատեսվում է, որ մինչև 2015-ի վերջն այս երկիրը կընդունի շուրջ 1 մլն փախստականի: Դեպի Գերմանիա փախստականների ուղին, սակայն, այնքան էլ հարթ չէ. շատ երկրներ համաձայն չեն անգամ, որ իրենց տարածքը տարանցիկ գոտի դառնա դեպի Գերմանիա ուղևորվող միգրանտների համար:

Փախստականների հոսքն անգամ պատճառ է դարձել, որ քննարկվի շենգենյան ընդհանուր վիզան չեղյալ հայտարարելու մասին հարցը, ինչպես նաև երբեմնի ամենաբաց սահմանները փշալարերով պատվեն ու փակվեն բոլորի առջև:

Եվրոպան, որ ԱՄՆ-ի հետ համատեղ իր մեծ «ներդրումն» ունի Սիրիայում տիրող անկայունության ու տարիներ շարունակ ձգձգվող քաղաքացիական պատերազմի մեջ, կարծես մոռացել է իր դերակատարության մասին ու նախընտրում է այս պահին մոռանալ իր դավանած հումանիստական արժեքները:

Միգրացիոն ճգնաժամ

Խաղաղ կյանքով ապրող և ուրիշի խնդիրներին անհաղորդ եվրոպացիները, սակայն, միշտ չէ, որ այդպիսի կյանք են ունեցել: Դեռ ոչ վաղ անցյալում հարյուրհազարավոր եվրոպացիներ ստիպված էին բախել այլ երկրների դռները` ապաստանի ակնկալիքով: Այն ժամանակ նրանց առջև որևէ մեկը դուռ չէր փակում:

Այսպես, Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով շուրջ 12 մլն մարդ փախստական դարձավ, իսկ Երկրորդ համաշխարհայինը անտուն փախստականի վերածեց շուրջ 60 մլն մարդու (ի դեպ, նախորդ տարվա տվյալներով, աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 50 մլն-ը):

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ 900 հազար բելգիացի ստիպված եղավ լքել իր երկիրը: Նրանց մի մասն ապաստան գտավ Ֆրանսիայում, մի մասն էլ` Հոլանդիայում ու Մեծ Բրիտանիայում:

Միգրացիոն ճգնաժամ

Ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ ֆրանսիացիներ ևս ստիպված եղան լքել իրենց տները: Պատերազմի ավարտին Ֆրանսիայում փախստականների թիվը հասավ 2 միլիոնի: Իշխանությունները նրանց տեղաբաշխեցին թե՛ երկրի տարածքում, թե՛ անգամ հյուսիսաֆրիկյան գաղութներում:

1914-ին գաղթի ճանապարհը բռնեց նաև շուրջ 500 հազար գերմանացի (այն ժամանակ` պրուսացի):

Սերբիան, որը դեմ է ԵՄ սահմանած քվոտաներով փախստականներ ընդունելու պահանջին և պատրաստվում է բողոքարկել որոշումը, ևս անմասն չի մնացել Առաջին համաշխարհայինի միգրացիոն հոսքերից: 1915-ին, երբ սերբերի դեմ կռվող ավստրո-հունգարական զինված ուժերին միացան նաև բուլղարական բանակը և այլ ճակատներից բերված գերմանական զորամիավորումները, այստեղ ևս սկսվեցին քաղաքացիական բնակիչների տեղահանությունները:

Միգրացիոն ճգնաժամ

Նշենք, որ երկու համաշխարհային պատերազմների փորձը ցույց է տալիս, որ ամենաբարդ խնդիրը փախստականներին ընդունելը չէ, այլ հետո առանց տնտեսական ցնցումների նրանց կեցությունն ու ինտեգրումն ապահովելը: Անգամ բարյացկամ տրամադրված տեղացիները որոշ ժամանակ անց իրենց մոտ ապաստան գտած փախստականների մեջ (եթե այդպիսիք մեծ թիվ են կազմում) սկսում են տեսնել էժան աշխատուժի տեսքով մրցակցի, իրենց հարկերի հաշվին ապրող «ձրիակերի» կամ պարզապես իրենց անվտանգության ու անդորրի սպառնալիքի: Պատահական չէ, որ Անգելա Մերկելը հայտարարել է, թե ԵՄ ճակատագիրը և հնարավոր ելքերը կախված են միության անդամ երկրների որոշումներից ու նրանից, թե ինչպես կկարողանան հաղթահարել միգրացիոն ճգնաժամը:

Միգրացիոն ճգնաժամԼուսանկարների մակագրություններն ըստ հերթականության.

1.Փախստականները բելգիական Օստենդե նավահանգստում սպասում են նավին Անգլիա մեկնելու համար: 1914-ի ընթացքում 250 հազար բելգիացի Լա-Մանշով հեռացավ երկրից:

2.1914-ին գերմանացիների կողմից օկուպացված Բելգիայի քաղաքացիները Փարիզ են ժամանում:

3.1914 թ., Ֆրանսիացի փախստականները պատրաստվում են լքել Բելգիային սահմանակից Վալենսեն քաղաքը: Պատերազմի ավարտին Ֆրանսիայում փախստականների թիվը 2 միլիոնի էր հասնում:

4.Սերբ փախստականները փրկվում են ավստրո-հունգարական օկուպացիայից, 1915 թ.

Միգրացիոն ճգնաժամ

5.1936 թ., իսպանացի փախստականները Ֆրանսիա են ուղևորվում երկրում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո: 1936-1939 թթ. Իսպանիայից հեռացավ շուրջ 600 հազար մարդ

6.1937 թ., Անգլիա ժամանած նավում բասկեր են, որոնք լքել են իրենց երկիրը քաղաքացիական պատերազմի պատճառով:

7.Սերբ մանկահասակ փախստականները, Սալոնիկ, Հունաստան, 1917 թ.:

Լուսանկարների աղբյուրը` Slon.ru





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: