Հայերեն   English   Русский  

Գործարկվել է առաջին օն-լայն խանութը, որտեղ միայն հայկական արտադրանք է վաճառվում


  
դիտումներ: 8642

Հայկական արտադրության ապրանքներն այսուհետ հասանելի են մեկ ընդհանուր օն-լայն հարթակում: Երկուսուկես ամիս առաջ գործարկվել է mediamarket.am օն-լայն խանութը, որտեղ ներկայացված են բացառապես հայկական արտադրության ապրանքներ` հագուստ, խաղալիքներ, տան պարագաներ, աքսեսուարներ, խնամքի պարագաներ, գրենական պիտույքներ ևն: Օն-լայն խանութում արդեն իսկ ներկայացված են 30-ից ավելի արտադրողներ, սակայն ցանկը դեռ ընդլայնվում է. ընկերությունը բանակցությունների մեջ է հայաստանյան մի շարք արտադրողների հետ:

«Մեդիամարկետ» օն-լայն խանութի համահիմնադիրը և տնօրենը Գոռ Սաղաթելյանն է: Պատմում է, որ օն-լայն խանութ ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ տարիներ առաջ, երբ օն-լայն առևտուրը նոր-նոր էր զարգանում: «Այն ժամանակ ինտերնետը Հայաստանում դեռ տարածված չէր, շատ քչերը գիտեին e-bay-ի ու նման այլ հարթակների մասին: Երբ գնում էի փոստից ծանրոցը ստանալու, փոստի աշխատողը զարմացած նայում էր, թե ով է ինձ ապրանք ուղարկում, օրինակ, Չինաստանից»,- ասում է Գոռը:

Նա նշում է, որ այն ժամանակ, չնայած գաղափարը կար, կյանքի չկոչեց` համարելով, որ Հայաստանի համար դեռ վաղ է օն-լայն առևտրի հարթակ ունենալը, դեռ չի գործի: «Մեզ մոտ այդ ժամանակ դա հեռանկարային չէր: Բայց վերջին զարգացումներից հետո, երբ սննդի օն-լայն առևտուրը գործեց, հասկացանք, որ սա էլ կարող է գործել»,- ասում է նա:

Եվ ահա Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Գոռն իր եղբոր հետ նախաձեռնում ու կյանքի է կոչում առաջին օն-լայն խանութը, որտեղ միայն և միայն հայկական արտադրանք է վաճառվում:

«Ճիշտ է, Հայաստանում դեռ օն-լայն առևտուրը բավարար մակարդակի չի հասել, բայց օր-օրի այդ մշակույթը զարգանում է: Որքան կյանքն արագանում է, զբաղվածությունը մեծանում է, այնքան մարդիկ ժամանակ չեն ունենում խանութներով շրջելու և դիմում են օն-լայն առևտրին»,- ասում է Գոռը:

Նա պատմում է, որ միայն հայկական արտադրանք վաճառելու մի քանի պատճառներ կան: Նախ` սա բիզնես մոդել է: Բացի այդ, հայկական արտադրանքը, հատկապես` կոշիկները, դեռ խորհրդային տարիներից վստահություն են ներշնչել իրենց որակի առումով, ուստի հայկական արտադրանք վաճառելը նաև որակի երաշխիք է: «Երբ հաճախորդները տեղեկանում են, որ հայկական արտադրանք է, վստահությամբ են լցվում»,- ասում է Գոռը:

Մեդիամարկետ

Նա նաև վստահ է, որ հատկապես թուրքական ապրանքներին այլընտրանք լինելու պարագայում Հայաստանի քաղաքացիները նախապատվությունը կտան տեղական արտադրանքին: Եվ ահա «Մեդիամարկետը» փորձում է հանրությանն իրազեկել առկա տեղական այլընտրանքի մասին ու այն հասանելի դարձնել սպառողին:

«Երբ նոր էինք սկսել, ընդամենը հայկական մի քանի արտադրողների մասին գիտեինք: Բայց պարզվեց, որ շատ կան: Օրինակ` սկզբում երկու տրիկոտաժ արտադրող ընկերության մասին գիտեինք, ավելի ուշ իմացանք, որ միայն Երևանում տասը կան, մեծ արտադրամասեր կան Գյումրիում ու Վանաձորում: Շատերի հետ դեռ բանակցությունների փուլում ենք, այնպես որ մեր բազան առաջիկայում կհամալրվի»,- ասում է Գոռը` հավելելով, որ առաջիկայում սպառողին կներկայացնեն նաև հայկական արտադրության ժամացույցներ, ձեռագործ շարֆեր ու նոր զարդեր: Իսկ հեռանկարում Գոռը նախատեսում է, որ իրենց կայքում կներկայացնեն նաև հայկական արտադրության շինանյութ, կահույք ու անգամ սնունդ և հնարավոր ամեն բան, որ կարտադրվի Հայաստանում:

«Հիմա մշակման փուլում է կայքի անգլերեն տարբերակը, որպեսզի արտասահմանյան ներդրողին ևս տեղեկությունները հասանելի լինեն հայկական արտադրության մասին: Նախատեսում ենք ունենալ նաև բաժին, որտեղ կներկայացնենք տեղեկություններ յուրաքանչյուր արտադրողի մասին»,- ասում է Գոռը: Նա նաև նշում է, որ տեղական շուկայում կայանալուց հետո, հաջորդ քայլերը կլինեն միջազգային շուկա դուրս գալու և արտերկիր կանոնավոր առաքումներ իրականացնելու փորձերը:

Խոսելով գործելու կարճ ժամանակահատվածում ունեցած արդյունքներից` Գոռն ասում է, որ նոր նախաձեռնության համար լավ ցուցանիշներ ունեն: «Այս կարճ ժամանակում արդեն հասցրել ենք մշտական հաճախորդներ ձեռք բերել: Ամենամեծ գնահատանքն այն է, որ նրանք միմյանց են խորհուրդ տալիս: Այդպես շատ է եղել»,- ասում է նա:

Նրա խոսքով` հաճախորդներից նաև դրվատանքի խոսքեր են լսում հայկական արտադրանք վաճառելու գաղափարի համար: «Սա բավական հարմար տարբերակ է, մանավանդ որ գները չեն տարբերվում խանութի գներից: Աշխատում ենք անմիջապես արտադրողների հետ»,- ասում է նա` հավելելով, որ սպառողը հավելյալ միայն առաքման գումար է վճարում: Իսկ առաքումն իրականացվում է մեկ օրվա ընթացքում: Ընդ որում, սպառողը կարող է վերջում հրաժարվել պատվերից ու որևէ բան չգնել` վճարելով միայն առաքման համար: Իսկ առաքում ընկերությունն իրականացնում է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:






Մեկնաբանություններ - 1

Сусанна     24.09.2017 Uzum em gnel haykakan ankognu paraganer
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: