Հայերեն   English   Русский  

​«Մեր հզոր մշակութային ժառանգությունը նախ մենք պիտի կրենք, հետո աշխարհին ներկայացնենք». երիտասարդ արվեստագետ


  
դիտումներ: 1364

«Նոր սերնդի արվեստագետները պիտի կարողանան տեսնել, հասկանալ, թե աշխարհում ինչ է կատարվում և իրենք էլ իրենց ասելիքն ասեն աշխարհին, ներկայացնեն մեր ազգային մշակույթը, կապեր հաստատեն: Մեր ծրագրի հիմնական նպատակը հենց դա է»,- ասում է «Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ» խեցեգործական ամենամյա սիմպոզիումի ղեկավար, երիտասարդ քանդակագործ, նկարիչ Հրաչյա Համբարձումյանը:

Այս միջազգային երիտասարդական-մշակութային ծրագիրը կյանքի է կոչվում արդեն 13-րդ անգամ: 20 օր շարունակ բնության գրկում մշակութային երկխոսության մեջ են մտնում հայ և օտարերկրացի երիտասարդ արվեստագետները, իսկ ծրագիրն ամփոփվում է յուրօրինակ տոնակատարությամբ, որի ընթացքում մասնակիցներն իրենց աշխատանքները թրծում են վառարանում և ներկայացնում բնության գրկում բացված ցուցահանդեսում:

Այս տարի նույնպես միջոցառման աշխարհագրությունն ընդլայնվել է: Ներկա են եղել մասնակիցներ ոչ միայն Եվրոպայից (Գերմանիա, Լեհաստան, Չեխիա և այլն), այլև Միացյալ Նահանգներից: Իսկ հայկական կողմը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ներկայացված է եղել Արցախով ու Ջավախքով:

Ի դեպ, ծրագիրն իրականացնելուն աջակցել է նաև ՀՀ Հանրային խորհուրդը, ինչի համար ծրագրի ղեկավարը շնորհակալություն է հայտնում խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանին:

Հրաչյա Համբարձումյանը կարծում է, որ նմանատիպ ծրագրերն անչափ կարևոր են ոչ միայն հայ երիտասարդների համար ուսումնասիրելու, եվրոպական մշակույթի կրողների հետ շփվելու առումով, այլև հայ ազգային մշակույթն օտարներին ըստ արժանվույն ներկայացնելու համար: Իսկ ներկայացնելու բան իրոք կա, և հյուրերը, որոնք մինչ այդ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չեն իմացել, տպավորված են հեռացել մեր երկրից:

Հայաստանից վերադառնալուց հետո խմբի անդամներից մեկը՝ մասնագիտությամբ արվեստաբան, Հրաչյա Համբարձումյանին գրել է. «Երբ ես ձեր երկրում էի ու լսեցի ձեր երաժշտությունը, ծանոթացա ձեր մշակույթին, ձեր հողի վրա զգացի իմ նախնիների ոսկորները: Խնդրում եմ՝ կարողացեք պահպանել ձեր տեսակը, ձեր երգարվեստն ու մշակույթը»:

Հրաչյան ասում է, որ երկար է մտածել այդ կնոջ խոսքերի մասին և թե հատկապես ինչու էր նա մեր հողում զգացել իր նախնիներին: «Այն, որ մենք ասում ենք, թե համաշխարհային ժողովուրդ ենք, հենց դա է, ոչ թե այն, որ ամեն տեղ կանք: Մեր մշակույթն իրոք համամարդկային է, մեր ցավը համամարդկային ցավի պատմություն է, և պատահական չէ, որ այդ կինը, գտնվելով մեր երկրում, կարողացել էր զգալ դա»:

Այսօր, ըստ երիտասարդ արվեստագետի, մենք խնդիր ունենք նախ ինքներս մեր հզոր մշակութային ժառանգությունը կրելու և ապա դա աշխարհին ներկայացնելու: «Մենք ահռելի պոտենցիալ ունենք, բայց դրան չենք տիրապետում, և որպես հետևանք՝ շատ քիչ բան ունենք տալու աշխարհին: Ասում ենք՝ 2000 տարվա թատրոն ունենք, բայց եթե օտարերկրացին մտնի մեր թատրոն… Ծիծաղելի է… Այո, մենք ունեցել ենք, բայց արդյոք այսօր կրո՞ւմ ենք այդ մշակույթը: Ցավոք սրտի՝ ոչ: Իսկ ամենացավալին այն է, որ մեր կյանքում այսօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում օրվա կարիքների բավարարումը, նյութական արժեքները»:

Երիտասարդ արվեստագետը, իր մտահոգությունը հայտնելով ներկայիս հոգևոր-մշակութային իրավիճակի մասին, նկատում է, որ այսօր մտավորականը կորցրել է իր կերպարն ու ազգի մեջ իր դերակատարությունը. «Փոխարենը մշակույթի գործիչն է վերցրել մտավորականի սայլը, որը չի կարող տանել, որովհետև դա շատ ծանր է իր համար: Հետևանքն այն է, որ հասարակությունը խորշում է իր մտավորականներից, որովհետև մշակույթի գործիչն իրեն խաբեությամբ ներկայացնում է մտավորական, թղթի վրա մատիտ քսողն իրեն ներկայացնում է արվեստագետ, այնինչ մտավորականը մի ուրիշ արժեք է: Ամեն ազգ կարող է հարյուր տարվա մեջ մեկ կամ երկու մտավորական ունենալ, իսկ մեզ մոտ այսօր ցանկացած մեկը, որ մշակույթի բուհի մոտով անցել է, առանց անհարմար զգալու իրեն մտավորական է հայտարարում»:

Ըստ նրա` մտավորականն այն մարդն է, որը չունի գրպաններ, անձնական ցավի զգացողություն և կարողանում է անշահախնդրորեն ծառայել իր ազգին, ոչ թե դառնալ չարիք այդ նույն ազգի գլխին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: