Հայերեն   English   Русский  

​Ցավոտ դաշտան


  
դիտումներ: 14883

Կանանց մեծ մասը կյանքի ընթացքում առնվազն մի քանի անգամ ցավոտ դաշտան ունենում է: Դա բժշկական անուն ունի` դիսմենորեա:

Դաշտանով պայմանավորված ցավը սկսվում է փորի ստորին մասում, սակայն կարող է տարածվել թիկունքի ու ազդրերի հատվածում:

Ճշգրիտ թիվ ու վիճակագրություն հայտնի չէ, թե քանի կին է տառապում ցավոտ դաշտանից, այնուամենայնիվ, տեղեկություն կա, որ դիսմենորեան հաճախ հանդիպող երևույթ է: Որոշ մասնագետներ կարծում են, որ մինչև 35-40 տարեկան կանանց շուրջ երեք չորրորդը կամ նույնիսկ կեսն ունեցել է դաշտանի ժամանակ ցավի կամ պարզապես տհաճ զգացում փորի ստորին հատվածում: Մեկ հինգերորդի մոտ ցավն այնքան ուժգին է լինում, որ անգամ խանգարում է առօրյա գործերին:

Իսկ հիմնականում ցավն ընդունվում է որպես դաշտանին ուղեկցող պարտադիր երևույթ, որը հաղթահարվում է առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքով, իսկ երբեմն էլ` առանց դրա: Սակայն երբեմն ցավոտ դաշտանը կնոջ լուրջ հիվանդության մասին է խոսում: Հաճախակի և ուժեղ ցավի դեպքում ճիշտ կլինի բուժզննում անցնել` բացառելու լուրջ խանգարումները:

Ախտանշանները

Հիմնական ախտանշանը ցավն է ու մկանային կծկումները փորի շրջանում; Այն կարող է հանկարծակի և ուժեղ լինել կամ էլ բութ ու տևական: Բացի այդ, կարող է ուղեկցվել գլխացավով, սրտխառնուքով, հոգնածության զգացումով, թուլությամբ, գլխապտույտով ու փորլուծով;

Ոմանց մոտ ցավն առաջանում է դաշտանը սկսվելուց առաջ, ոմանց մոտ էլ ընթացքն է ուղեկցվում ցավով:

Հաճախ այն տևում է 12-24 ժամ, իսկ ծանր դեպքերում` մի քանի օր: Որպես կանոն, ցավն ուժեղ է լինում հատկապես առատ արյունահոսության ժամանակ: Տարիքի հետ կանանց մեծ մասի մոտ դաշտանը նվազ ցավոտ է դառնում, շատերի ցավերն էլ թեթևանում են առաջին ծննդաբերությունից հետո:

Պատճառները

Ցավն առաջանում է այն ժամանակ, երբ կրճատվում է արգանդը: Գործնականում արգանդը կրճատվում է անընդհատ, սակայն այդ կծկումներն այնքան թույլ են, որ կանայք դա չեն զգում: Դաշտանի ժամանակ արգանդն ավելի ակտիվ է կրճատվում ու ճզմում որոշ արյունատար անոթներ, որոնք ժամանակավորապես սահմանափակում կամ դադարում են արյուն մատակարարել արգանդի պատին: Բավարար քանակությամբ թթվածին չստանալով` արգանդի հյուսվածքներն արյան մեջ քիմիական միացություններ են արտանետում, որոնք էլ ցավագին զգացումներ են առաջացնում:

Այդ նույն ժամանակ օրգանիզմը նաև ուրիշ նյութեր է արտադրում, որոնք հայտնի են պրոստագլանդիններ անունով: Դրանք խթանում են արգանդի հետագա կրճատումը` դրանով իսկ ուժգնացնելով ցավը:

Դեռևս պարզ չէ, թե ինչու մի մասի մոտ դաշտանը ցավոտ է, իսկ մյուսի մոտ առանց առանձնահատուկ ախտանշանների է ընթանում:Կարծիք կա, որ դա կարող է կապված լինել օրգանիզմում պրոստագլանդինների կուտակմամբ:

Հիվանդություններով պայմանավորված ցավոտ դաշտան

Ոչ հաճախ, սակայն երբեմն ցավոտ դաշտանը հիմնական հիվանդության պատճառ է լինում, որը կոչվում է երկրորդային դիսմենորեա: Այդպիսի հիվանդություններ են.

գ էնդոմետրիոզը. բջիջները, որոնք նորմայում ձևավորում են արգանդի պատի թաղանթը, սկսում են աճել այլ տեղերում, հաճախ` արգանդափողերում ու ձվարաններում: Դրանց շերտատումն էլ ուժեղ ցավ է առաջացնում:

գ Միոմա, այս վիճակը բնութագրվում է արգանդում ոչ քաղցեկղային, այսինքն` բարորակ ուռուցքների առկայությամբ: Դրանից դաշտանի ժամանակ ցավը կարող է ուժգին լինել, իսկ արյունահոսությունը` ավելի առատ, քան սովորաբար է լինում:

գ Փոքր կոնքի օրգանների հիվանդություններ. խանգարման այս տեսակի դեպքում տեղի է ունենում մանրէներով արգանդի, արգանդափողերի ու ձվարանների վարակում, ինչը կարող է հանգեցնել ուժեղ բորբոքման ու ցավոտ դաշտանի:

գ Ներարգանդային պարույրը նույնպես կարող է հանգեցնել դիսմենորեայի: Դա կարող է կապված լինել ինչպես պարույրի սխալ տեղադրման, այնպես էլ պարույրի նյութի նկատմամբ ռեակցիայի հետ: Երբեմն ցավի զգացում է լինում միայն պարույրի տեղադրման առաջին ամիսը:

Երկրորդային դիսմենորեան հաճախ լինում է 30-45 տարեկան կանանց մոտ:

Ախտորոշումը

Ցավոտ դաշտանը պատճառ է, որ դիմեք մասնագետի: Ախոտորոշման համար կատարվում է գինեկոլոգիական զննում` հայտնաբերելու արյունահոսության կամ վարակի պատճառները: Գուցե և պահանջվի արյան ու մեզի անալիզ, քսուք ցավոտ դաշտանի պատճառ- հիվանդությունը հայտնաբերելու համար: Ցավը մեղմելու համար կանայք հաճախ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ են օգտագործում, հաճախ էլ մատչելի, առանց բաղադրատոմսի վաճառվող հանգստացնող միջոցներ` ասպիրին կամ իբուպրոֆեն:

Ցավի պարագայում պետք է մասնագետը նշանակի համապատասխան դեղորայք:

Չնայած ցավոտ դաշտանի ժամանակ սպորտն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հաճելի չեն, այնուամենայնիվ Ֆիզիկական ակտիվությունը թուլացնում է դաշտանի հետևանքով առաջացող ցավը:

Ի դեպ, կանայք գիտեն, թե որքան հաճելի է տաքն այդ ժամանակ. ուստի կարելի է շշի կամ ջեռակի մեջ տաք (ոչ եռման) ջուր լցնել ու 10-15 րոպե դնել փորի ստորին հատվածում: Դա շատ թեթևացնում է ցավը:

Փորի մերսումը շրջանաձև շարժումներով նույնպես թեթևացնում է վիճակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: