Հայերեն   English   Русский  

​Գնել Մեջլումյանին նվիրված հուշամրցաշար


  
դիտումներ: 1038

Հոկտեմբերի 2-3-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր , աշխարհի գավաթակիր, «Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանական միջազգային գավաթի խաղարկությունը:

Հատկանշական է, որ մրցաշարն այս տարի առաջին անգամ անցկացվեց մայրաքաղաք Երևանում: Մեծ թվով մարզիկներ հանդիսատեսի բուռն աջակցությամբ պայքարեցին հաղթելու համար: Մրցաշարին մասնակցում էին 14-16 տարեկան շուրջ 150 պատանի ըմբիշներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից: Թիմային պայքարում հաղթողի կոչմանն արժանացավ «Երևան 1»-ը, 2-րդ տեղը զբաղեցրեց Լոռիի, իսկ 3-րդը՝ Կոտայքի թիմը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, խոսելով ավագ ընկերոջ՝ Գնել Մեջլումյանի մասին, բարձր գնահատեց նրա՝ ավանդը սպորտում, արժևորեց նրա մարդկային որակները: Արայիկ Բաղդատյանը կարևորեց մրցաշարի անցկացումը՝ նշելով, որ մի շարք մարզիկներ ժամանակին հաջողությամբ հանդես են եկել այս մրցաշարում, իսկ այժմ ընդգրկված են ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր հերթին նշեց, որ մրցաշարի անցկացումը հիանալի հնարավորություն է տեսնելու դաշտում առկա թերությունները, շտկելու դրանք՝ նպաստելով ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը:

Մրցաշարի հաղթողներին ողջունեցին և մեդալներով ու հուշանվերներով պարգևատրեցին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: