Հայերեն   English   Русский  

​Կրակոցներով հարց չի լուծվում. գայլերի որսի 4-ամյա փորձը դա է վկայում


  
դիտումներ: 1025

Ամենօրյա լրահոսում գայլերի հարձակումների մասին լուրերը սովորական են դարձել: Գայլերը պարբերաբար հիշեցնում են իրենց գոյության մասին, իսկ տուժած գյուղացիներն էլ դժգոհում, թե իրենց արյուն-քրտինքով ստեղծածը մեկ օրում ջուրն ընկավ, և ակնկալում են որոշակի օգնություն կառավարությունից:

Գայլերի հարձակումները հաճախակի են դարձել և մասնագետների ուշադրությունը գրավել դեռ 2011-ից: Որպես խնդրի լուծում կառավարության որոշմամբ տարեկան թույլատրվում է 200 գլուխ գայլ որսալ, իսկ հանձնած յուրաքանչյուր մորթու համար որսորդին 100 հազար դրամ պարգևավճար է տրվում: Գայլերի որսը դրամական պարգևներով խրախուսվել է 2011-2015 թթ.: 2013-ին դադար է տրվել, 2014-ից նորից պարգևավճարներ են սահմանված:

Բնապահպանության նախարարությունից «Անկախին» տեղեկացրին, որ այս տարի արդեն ընդունել են գայլի 166 մորթի` համապատասխան խրախուսավճարներ վճարելով:

Եվ չնայած պետական մակարդակով իրականացվող պայքարին` գայլերի հարձակումները շարունակվում են, ավելին, այս տարի արձանագրվել է մարդկանց վրա հարձակվելու դեպք: Գարնանը Չիվա գյուղի 4 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Բնապահպան, «Փրկենք գայլերին» նախաձեռնության անդամ և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի կարծիքով` քանի դեռ կառավարությունը փորձում է խնդիրը կրակոցներով լուծել, իրավիճակը չի փոխվի: Նա որսորդներին տրված գումարները խնդրի լուծման տեսանկյունից անիմաստ ծախս է համարում:

Ադամյանը նշում է, որ խնդրի ի հայտ գալուն պես կառավարությունը որդեգրել է գայլերի դեմ պայքարելու սովետական քաղաքականությունը: Այն ժամանակ ուղղաթիռներով ֆիքսում էին գայլերի տեղանքը և կրակոցներով վերացնում: Սակայն մինչ կրակոցները մշտադիտարկում էր իրականացվում բոլոր տարածաշրջաններում, վերահսկվում էր գայլերի գլխաքանակը, եթե որևէ տարածքում գայլերի թիվը մեծանում էր ու բնակավայրերի ուղղությամբ հարձակումներ էին լինում, նոր միայն գայլերի թիվն արհեստականորեն կրճատում էին: Մինդեռ Հայաստանում, ըստ Ադամյանի, որևէ գիտական ուսումնասիրություն չի կատարվել: «Վերջին 15 տարվա ընթացքում որևէ տվյալ չունենք գայլերի բազմացման, նրանց արիալների մասին»,- ասում է Ադամյանը` հավելելով, որ հենց այնպես որոշվել է, որ գայլերի պոպուլյացիան մեծ է, ու տարեկան 200 գայլ ոչնչացնելու թույլտվություն է տրվել:

Ադամյանի խոսքով` գայլերի հարձակումների հաճախակիացումը մի քանի պատճառներ ունի: Նախ` ազեդություն ունեն կլիմայի գլոբալ փոփոխությունները: «Այդ փոփոխություններն ազդում են նաև մեր հանրապետության վրա: Բայց ասել, որ դրանք ազդում են հենց գայլերի վրա, մերկապարանոց կհնչի»,- ասում է նա:

Սիլվա Ադամյան

Հաջորդ պատճառը, ըստ Ադամյանի, անտառների և դրա բնակիչների կորուստն է: Թե՛ կանաչ տարածքների, թե՛ գայլերի կեր հանդիսացող կենդանիների թիվը հետզհետե կրճատվում է: Առաջինի պատճառն այն է, որ ամենուրեք հանքեր են բացվում, ձեռնարկություններ ու զանազան օբյեկտներ են կառուցվում կանաչ տարածքների հաշվին: Իսկ որսագողության ու վերջին տարիներին արձանագրված խոզերի ժանտախտի պատճառով էլ կտրուկ պակասել է վայրի խոզերի գլխաքանակը, որոնցով սնվում են գայլերը:

Ադամյանը նշում է, որ «Փրկենք գայլերին» նախաձեռնությունը բնապահպանության նախարարությանը կոչ է արել արգելել գայլերին սնունդ ծառայող կենդանիների որսը: Չնայած դրական պատասխանին` մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Բնապահպանը գայլերի դեմ պայքարի ներկայիս պաշտոնական քաղաքականությունն անգրագիտության արդյունք է համարում և նշում, որ կա տխուր միջազգային փորձ այս առումով: Ժամանակին ամերիկացի և անգլիացի ֆերմերներն են փորձել կրակոցներով գայլերի հարցը լուծել, արդյունքն այն է եղել, որ այժմ արհեստականորեն գայլ են բազմացնում ու բնություն բաց թողնում:

Ադամյանը համոզված է, որ պայքարի ճիշտ մեթոդ ընտրելու համար հարկավոր է նախ գիտական հետազոտություններ կատարել, հասկանալ իրավիճակը: Այլ երկրներում, օրինակ, էլեկտրական չոբաններ են կիրառում, հատուկ տեխնիկայի միջոցով վերահսկում են ոհմակների տեղաշարժը և այլն: Նա խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները հաճախ դուռ և տանիք ունեցող գոմ, չոբանի շուն չունեն:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հարցը որսի միջոցով լուծելու փորձը: «Առանց գիտական մոտեցումների և հետազոոտությունների անկանոն որսը կարող է հանգեցնել ոչ թե ոհմակի կրճատման, այլ տարածքից կենդանու հեռանալուն»,- ասում է Ադամյանը: Եթե գայլը գոյատևելու և բազմանալու համար բավարար պայմաններ չունի թե՛ իր բնական միջավայրում, թե՛ մարդկանց տարածքում, ապա կարող է հեռանալ բարենպաստ միջավայր գտնելու համար: «Ադրբեջանի մասին չգիտեմ, բայց Վրաստանում լավ վիճակ է այս առումով»,- ասում է Ադամյանը` մտավախություն ունենալով, որ Հայաստանն առանց գայլերի կմնա: Իսկ բնության սանիտարների բացակայության պարագայում, ըստ բնապահպանի, զանազան հիվանդությունների տարածվածությունը կենդանիների շրջանում կմեծանա:

Նա հիշեցնում է Չինաստանի օրինակը, որտեղ ժամանակին ճնճղուկների դեմ պայքար էր տարվում: «Արդյունքում բզեզների ու միջատների այնպիսի հարձակում եղավ, որ սկսեցին արհեստական ձևով ճնճղուկներ բազմացնել»,- ասում է նա

Ադամյանն ասում է, որ կրակոցներով պայքարի դեպքում գործում է նաև տեսակի պահպանման բնազդը, գայլերը սովորականից ավելի շատ են ձագեր ունենում, բայց այդ բազմացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ կենդանիները ուտելու բան չունեն, կորցրել են իրենց կենսամիջավայրը:

«Կոչ ենք անում լուրջ մոտեցումներ ցույց տալ խնդրին»,- ասում է Ադամյանը` նկատի ունենալով կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը:

«Անկախը» փորձեց ճշտել նաև, թե գյուղատնտեսությունն այս տարի ինչ վնասներ է կրել գայլերի հարձակումների պատճառով: Սակայն, ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոֆի Սիմոնյանը, իրենք նման տվյալներ չունեն: Գյուղնախարարության աշխատակիցն առաջարկեց դիմել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն (ՏԿԱԻՆ): Վերջինիս կայքում էլ պատահարների թվում այս տարվա 8 հրապարակում գտանք, որոնք իրազեկում են գայլերի հարձակումների մասին: Ըստ այդ տվյալների` այս տարվա ընթացքում գայլերը հոշոտել են 150 ոչխար և 4 հորթ: Գայլերի հարձակումներից վիրավորվել է 41 ոչխար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: