Հայերեն   English   Русский  

Նման ենք վերակենդանացման բաժնում պառկած հիվանդի. Դավիթ Խիթարյան


  
դիտումներ: 392

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում խոսել է մարզաձևում առկա խնդիրների, դրանց լուծման և նպատակների մասին:

-Պարոն Խիթարյան, ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի երեք մարզիկներն էլ ձեռնունայն վերադարձան աշխարհի առաջնությանից: Բոլորն էլ Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Սպասելիքները մեծ էին, ո՞րն էր անհաջողության պատճառը:

-Շահեն Աբաղյանը Եվրոպայի առաջնության մրցանակիր էր, նրան պետք է հնարավորություն տայինք: Աբաղյանն արեց ամեն ինչ` իր ուժերի հնարավորության սահմաններում: Մենք տեսանք, որ Շահենի մոտ ինչ որ տեղ բացակայում է տեխնիկական բազան: Վահագն Հովսեփյանի մոտ կարծես կրկնվեց նույնը, ինչ Եվրոպայի առաջնությունում էր: Ղազախ մրցակցի հետ գոտեմարտում պարտվեց յուկոյով: Կարծում եմ մարզիչներն էլ ինչ որ տեղ մտածելու բան ունեն: Արսեն Ղազարյանը իր մարզական գագաթնակետին հասավ մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ, և դրանից հետո անկում ապրեց։ Ցավոք, այստեղ ևս անկումը շարունակվում էր: Մյուսների նման, նա էլ մեկ գոտեմարտ հաղթեց, այնուհետև պարտվեց։ Քանի որ մեր մարզիկներից ոչ ոք չէր մտել քառորդ եզրափակիչ, նրանց չհաջողվեց պայքարել բրոնզե մեդալի համար։ Մեր մարզաձևում անակնկալներ շատ են լինում։ Մրցակցությունը շատ մեծ է, ակնհայտ առաջատարները կարող են մնալ առանց մեդալի:

-Անակնկալներն իրենց տեղում, այնուամենայնիվ, տղաների ելույթներում անկայունություն չե՞ք նկատում:

-Իրականում խնդիրն ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից: Ձյուդոն տարբերվում է մեր հենակետային մյուս մարզաձևերից: Այո, համաձայն եմ մեդալը մնում է մեդալ, երբ այն կա ուրախանում ենք բոլորս, երբ չկա` ձախողում ենք համարում: Սակայն ձյուդոյի բարդությունը մեզ համար կայանում է նրանում, որ այն երիտասարդ մարզաձև է մեր երկրում: Ձյուդոյի առաջընթացը Հայաստանում սկսվել է երկրի անկախացումից հետո:

-Զարգացման ի՞նչ փուլում է ձյուդոն Հայաստանում:

-Յուրաքանչյուր մարզաձևի զարգացման գործում մեծ դեր ունի ֆինանսական մասը: 1990-ականներին մեր ֆեդերացիայի բյուջեն 21 մլն դրամ էր, այժմ մեր աշխատանքների շնորհիվ հասցրել ենք 71 միլիոնի, բայց դա, մեծ գումար չէ: Անգամ ձյուդոյի մասնագիտացված դահլիճ, մարզադպրոց կամ դպրոց չունենք: Սա մեծ խնդիր է: Ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում մարզաբազաներում, որտեղ մասնագիտացված գույք չկա: Միայն Աբովյան քաղաքի դահլիճն է, որը ինչ-որ չափով համապատասխանում է միջազգային ստանդարտներին, բայց անընդհատ այնտեղ հավաքներ անցկացնելը նպատակահարմար չէ: Այժմ սպասում ենք «Օլիմպավան»-ի ձյուդոյի դահլիճի բացմանը, որը կլինի առաջին մասնագիտացված դահլիճը Երևանում: Մեկ այլ խնդիր է այն, որ մրցակցությունն է թույլ: Դահլիճներում կա զույգերի խնդիր:

-Ինչպիսի՞ մասսայականություն է վայելում այս մարզաձևը մեր երկրում:

-Սպորտի նախարարության տվյալներով` մենապայքարային մարզաձևերի մեջ ամենամասսայականը ձյուդոն է: Սրանում է կայանում մեր խնդիրը:

-Խոսեցիք մասնագետներից: Արդյո՞ք ֆեդերացիան տեղյակ է, թե ինչ կարգի և որակավորում ունեցող մարզիչներ են աշխատում երեխաների հետ:

-Ցավոք սրտի, մենք տեղյակ չենք: Բայց աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Պետք է կարողանանք որակավորում տալ այն մարզիչներին, ովքեր աշխատում են երեխաների հետ:

-Մի շարք մարզաձևերում մենք որակավորված մարզիչների և մրցավարների խնդիր ունենք: Ձեր մարզաձևի վրա՞ էլ է դա տարածվում:

-Այո: Ունենք միջազգային կարգի 5 մրցավար, որոնցից միայն մեկն է Հայաստանում: Կան միջազգային կարգի մրցավարներ, բայց այս պահին նրանք պասիվ են: Առաջին հերթին շահագրգռվածություն չկա, որ մրցավարները մրցումներ դատեն: Իհարկե, դա կապված է ֆինանսի հետ: Մի քանի անգամ այդ հարցով առաջարկություն ներկայացրինք: Բայց դա միայն նախարարության լուծելու հարցը չէ: Կառավարությունը պետք է այդ հարցին լուծում տա: Օրինակ` Հայաստանի մեծահասակների առաջնություն դատելու համար մրցավարները ստանում են 2000 դրամ օրապահիկ, մարզիկը` 2500: Այստեղ տարբերություն չկա, թե մրցավարն ինչ կարգ ունի, բոլորը միանման են վարձատրվում: Շահագրգռվածություն չկա: Հիմնականում այս ճանապարհով գնում են նրանք, ովքեր շատ նվիրված են մարզաձևին: Ֆեդերացիան չունի մարզիչներին որակավորող ծրագիր: Բայց մենք Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի, ձյուդոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիայի համատեղ ջանքերով ժամանակ առ ժամանակ սեմինարներ ենք կազմակերպում մարզիչների համար: Առաջիկա սեմինարին հրավիրելու ենք ճապոնացի մասնագետ: Հայաստանում ձյուդոյի հիմքը սովետական է, որը մի փոքր խեղաթյուրված է: Մենք մեր առաջ խնդիր ունենք մեր մասնագետներին ցույց տալու և մոտեցնելու ձյուդոյի իրական արմատներին և տեսակին: Սեմինարին կմասնակցի 30-40 մարզիչ: Մենք ունենք նաև մարզիչներ, որոնց մենք գործուղում ենք վերապատրաստման:

-Սպորտում կա ևս մեկ անխուսափելի խնդիր, որի հետ ժամանակ առ ժամանակ բախվում ենք: Դա սերնդափոխությունն է: Ի՞նչ է արվում այդ խնդիրն ավելի աննկատ լուծելու համար:

-Պատանիների անցումն երիտասարդների կատարվում է պլանավորված: Խնդիրը մեծահասակների հավաքականի համալրումն է: Մեր հավաքականում Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանն էին: Վերջինս ավարտել է մարզական կարիերան, այժմ նրան հնարավորություն ենք տվել հավաքականի հետ աշխատելու: Հովհաննես Դավթյանը 32 տարեկան է, սակայն հույս ունենք, որ նա օլիմպիական այս փուլը հաջող կանցնի: Իրենից հետո, կտրուկ՝ 10-12 տարվա բաց կա: Երիտասարդական տարիքից մեծահասակներ նոր տեղափոխված ձյուդոիստներն են: Հույս ունենք, որ նրանք օլիմպիական հաջորդ շրջափուլին ամբողջովին պատրաստ կլինեն: Այդ 4-5 մարզիկների որակներն այնքան բարձր են, որ նրանք ոչ միայն հավաքականում, այլև ամբողջ Հայաստանում իրենց հավասար մրցակիցներ չունեն:

-Ասացիք, որ կան 4-5 ձյուդոյիստ, ովքեր անհամեմատ բարձր որակներ ունեն: Կարելի է ենթադրել, որ նրանք զույգերի խնդիր էլ են ունենում: Այս հարցին ի՞նչ լուծում եք տալիս:

-Ժամանակ առ ժամանակ մենք համատեղ հավաքներ ենք անցկացնում Վրաստանում: Վրաստանն աշխարհի մակարդակով համարվում է ձյուդոյի «գերտերություն»: Նրանց հետ համատեղ հավաքներ անելը շատ արդյունավետ է: Մեր մարզիկները մեկնում են նաև Ռուսաստան, մասնակցում են «Բոլորս գնում ենք դեպի Օլիմպիական ոսկի» խորհագրով հավաքի, որտեղ 400-600 մարզիկ է մասնակցում այդ գոտեմարտերին: Տարվա կտրվածքով 5-6 նման հավաքների ենք ուղարկում մեր նրանց: Դա մեզ, այսպես ասած, փրկում է: Մեր վիճակը նման է վերակենդանացման բաժնում գտնվող հիվանդի, ում թթվածին են տալիս: Այսինքն այդ թթվածնով հիվանդը ոչ թե առողջանում է, այլ պարզապես չի մեռնում: Ստացվում է, որ մենք մեր տաղանդավոր երեխաներին «թթվածին ենք տալիս»: Այս դեպքում շատ դժվար է նրանցից պահանջել «առողջանալ» և շատ մեդալներ նվաճել: Այսինքն այս պայմաններում, մեր արդյունքները ոչ թե բավարար, այլ լավ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: