Հայերեն   English   Русский  

Իրանը մերժել ԱՄՆ-ի առաջարկը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում համագործակցելու


  
դիտումներ: 1144

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրդառնալով «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ԱՄՆ-ի իրարամերժ հայտարարություններին, ասել է, որ անիմաստ ու սին են այս խմբավորման դեմ պայքարի կոալիցիա կազմելու մասին ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները և մերժել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում համագործակցելու ԱՄՆ-ի առաջարկը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ը հայտարարել էր «Իսլամական պետության» դեմ պայքարի համար կոալիցիայի ստեղծման մասին:

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը մանրամասնել էր, որ ընդգրկվել է 10 երկիր` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, Ավստրալիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Լեհաստան ու Դանիա:

«Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ձախողմանը հանգեցրած գործողությունն ամերիկացիների հաջողությունը չէր, այլ Իրաքի ժողովրդի ու բանակի: Այդ մասին գիտեն թե՛ ամերիկացիները և թե՛ ահաբեկչական խմբավորման անդամները»,- նշել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե Իրաքում իր դեսպանի միջոցով իրենց առաջարկել է համագործակցություն ընդդեմ «Իսլամական պետության»:

«Այդ առաջարկին ես ընդդիմացա և հայտնեցի, որ այս հարցում Իրանը չի ընկերակցելու ամերիկացիներին, որովհետև նրանց մտադրությունը մաքուր չէ; Ուրեմն ինչպես կարելի է նման պայմաններում Իրանը համագործակցի ԱՄՆ-ի հետ: Եվ մերժեցի այդ առաջարկը, քանզի նրանց ձեռքերը թաթախված են արյան մեջ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ևս դիմել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին, և վերջիս նույնպես մերժել է:

Իրանի հոգևոր առաջնորդը, անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարություններին այն մասին, թե Իրանը չի հրավիրվելու մասնակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ձևավորվող կոալիցիային, նշել է, որ այս ամենը կեղծ է, քանի որ հենց ԱՄՆ-ի պետքարտուղարը վերջերս Իրանի արտգործնախարարից խնդրել էր համագործակցել այդ խմբավորման դեմ պայքարում:

«Մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ անցյալում ևս ամերիկացիները, մի քանի երկրների մասնակցությամբ աղմուկ բարձրացնելով, Սիրիայի դեմ կոալիցիա ձևավորեցին, սակայն ոչ մի քայլ չկարողացան ձեռնարկել: Իրաքի հարցում ևս իրավիճակը նույնն է»,-ասել է Ալի Խամենեին:

Վերջում, Ալի Խամենեին բարձր է գնահատել իր բուժման ընթացքում Իրանի ժողովրդի ու երկրի պաշտոնյաների ցուցաբերած սիրալիր վերաբերմունքը և բժշկական կազմի ծառայությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդը դուրս գրվեց Թեհրանի հիվանդանոցներից մեկից, որտեղ սեպտեմբերի 8-ին վիրահատել էին նրա շագանակագեղձը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: