Հայերեն   English   Русский  

Հայաստանում փողոցային մարզումների մշակույթ է ձևավորվում


  
դիտումներ: 6842

Հայրենադարձության մեր հոդվածաշարի շրջանակներում հաճախ ենք ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք վերադարձած հայերի պատմությունը, Հայաստանում նրանց գործունեությունն ու հաջողությունները, երբեմն էլ որոշ ժամանակ անց նույն հերոսին նորից ենք անդրադառնում: Նախ` պարզ է դառնում, որ հայրենադարձը չի հիասթափվել ու հեռացել, ինչպես ակնկալում են որոշ հոռետեսներ, բացի այդ, ուրախությամբ արձանագրում ենք, թե ինչ նոր ծրագրեր ու ձեռքբերումներ նա ունի հայրենիքում:

Հայաստան է վերադարձել Մոսկվայից՝ թողնելով մոսկովյան ռիթմիկ կյանքը, հաջող կարիերան, ապագայի խոստումներն ու իր հետ Հայաստան բերել այդ ռիթմն ու թարմ մտածողությունը:

Մենք գրել էինք, որ Ղազարը Հայաստանում հիմնել է Street Workout Armenia ֆեդերացիան, որի նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն է փողոցային մարզումների միջոցով:

Սակայն Street Workout-ին զուգահեռ, այս ընթացքում Ղազարն իրականացրել է մի խենթ միջոցառում, որն առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում՝ նոր լիցք հաղորդելով ակտիվ երիտասարդությանը: Խոսքը միջազգային ճանաչում ունեցող Yerevan Color Run` «Գունազարդ վազք» ծրագրի մասին է: Շատերը կհիշեն, թե ինչպես օգոստոսի 15-ին Երևանում անկացվեց 3-կիլոմետրանոց վազք, իսկ վազքի ընթացքում մասնակիցներն անմոռանալի զգացողություններ ունեցան՝ գունավոր սննդային փոշեներկերով իրար գունազարդելով: Միջոցառումը բարեգործական էր, ստացված հասույթը փոխանցվեց 9-ամյա ծնողազուրկ, ողնաշարի խնդիրներ ունեցող Գոռին: Այո, այդ գունազարդ խենթության կազմակերպիչը նույնպես մեր հայրենադարձն էր:

Ինչ վերաբերում է Street Workout Armenia-ին, ապա այս ոլորտում նույնպես հաջողությունները շարունակվում են, և Հայաստանում կամաց-կամաց այս մարզաձևն ավելի ու ավելի շատ համակիրներ է գրավում:

Ղազար Հակոբյան

Հոկտեմբերի 24-ին Հայաստանում արդեն երրորդ տարին անց է կացվում Street Workout-ի առաջնություն, որին մասնակցում են երիտասարդներ Հայաստանի 16 քաղաքներից, ինչպես նաև Արցախից: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հայաստանյան առաջնությանն աջակցել է կրթության և գիտության նախարարը: Ղազարը նշում է, որ սա իրենց առաջին արդյունավետ համագործակցությունն է պետական կառույցների հետ: Իսկ թե ինչու կրթության նախարարությունը և ոչ թե, օրինակ, սպորտի և երիտասարդության, զրուցակիցս մեկնաբանում է. «Սա ավելի շատ ուղիղ կապ ունի կրթության, մշակույթի հետ, քանի որ այն մարդիկ, որոնք զբաղվում են այդ մարզաձևով, դպրոցականներ են և ուսանողներ»,- ասում է Ղազարը՝ հավելելով, որ առանձին ծրագիր ունեն նաև, որ այս թեման բարձրացվի դպրոցներում և ակտիվ ապրելակերպի նոր ալիք բարձրանա հասարակության շրջանում, ֆիզկուլտուրան դառնա մարդու կյանքի մի մասը, մտնի նրա գիտակցության մեջ:

Հայաստանի առաջնությունն անցկացվել է Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի ընդարձակ զբոսայգում, որտեղ մարզական մեծ հրապարակ կա` համապատասխան սարքերով: «Street Workout-ի համար դա առայժմ միակ պրոֆեսիոնալ հրապարակն է, սակայն զրուցակիցս տեղեկացնում է, որ մյուս տարի հնարավոր է` Դիլիջանում նույնպես բացվի նման մարզական հրապարակ` ժամանակակից բոլոր հարմարություններով: Փակագծերն առայժմ չի բացում, սակայն հայտնում է, որ նոր հետաքրքիր ծրագրեր կան Դիլիջանի հետ կապված, որոնք նոր շունչ կհաղորդեն քաղաքին:

Հայաստանյան առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև օտարերկրյա հյուրեր: Գլխավոր հյուրերից մեկը եղել է Դենիս Մինինը, որը Ուկրաինայի Street Workout-ի ղեկավարն է և այդ մարզաձևի տարածողներից մեկն աշխարհում: Կարևոր հյուրերից է եղել նաև Street Workout-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Պալոնսկին:

Ղազարը նշում է, որ միջոցառումն անցկացվել է շատ բարձր մակարդակով, և եթե մի քանի տարի առաջ այս գաղափարն անգամ խորթ էր թվում Հայաստանում, այսօր արդեն լուրջ կազմակերպված թիմեր ու մարզիկներ կան. ձևավորվել է մարզական համայնք, երիտասարդներն իրար ճանաչում են, շփվում, համագործակցում: Կա նաև երկրպագուների բանակ: Մնում է, որ տեխնիկական պայմանները բարելավվեն մարզաձևի զարգացման համար: Հիմնական խնդիրը մնում են մարզահրապարակները: Եթե դրանք շատ լինեն, հասարակությունն էլ ընկալի այս մարզաձևի կարևորությունը, ապա այն մասսայական բնույթ կստանա, որն էլ ծրագրի հիմնական նպատակն է:

Միջոցառման կազմակերպիչները հույս ունեն եկող տարի Հայաստանում միջազգային առաջնություն կազմակերպել: Ղազարը փաստում է, որ այն, ինչ իրենք այսօր անում են այս մարզաձևը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, անում են ճիշտ մենեջմենթով: Հայաստանյան ֆեդերացիան միջազգային կառույցի անդամ է և իր գործունեության մակարդակով, անցկացվող միջոցառումների քանակով ու որակով առաջին եռյակի մեջ է: Այնուամենայնիվ, պետության մասնակցությունն այս գործին նույնպես շատ կարևոր է: Շատ երկրներում այն պետական լուրջ աջակցություն ունի, ինչը նպաստում է մարզաձևի զարգացմանը:

«Օրինակ` Ռուսաստանում այդ աջակցությունը շատ մեծ է: Մոսկվայում ամեն քայլափոխի կարելի է նման սպորտային ժամանակակից հրապարակներ տեսնել, որտեղ մարդիկ՝ անկախ տարիքից, մարզվում են: Իսկ մեզ մոտ դեռևս հասել ենք այն մակարդակին, որ նոր-նոր ձևավորում ենք համայնք, միջոցառումների ծրագիր, ֆեդերացիա»:

Ի դեպ, ֆեդերացիան պատրաստվում է մյուս տարի հիմնել Street Workout-ի կրթական կենտրոն, որտեղ երիտասարդները կստանան նաև այս ոլորտում մարքեթինգի, փիարի, մենեջմենթի, սպասարկման ոլորտի, տուրիզմի վերաբերյալ գիտելիքներ: Կիրականացվեն նաև ինքնակրթության, կյանքում ճիշտ կողմնորոշվելու, մոտիվացիոն ծրագրեր և այլն: Նպատակն այն է, որ երիտասարդներն ավելի ազատ մտածեն, նեգատիվ մտածողությունը վերանա, կարողանան ճիշտ գնահատել իրենց ռեսուրսներն ու ճիշտ կիրառել դրանք կյանքում: Այլ կերպ ասած` դա լինելու է կյանքի դպրոց: Այնպես որ Street Workout-ի շարժումը Հայաստանում զուտ մարդու մարմինը մարզելը չէ, այլ նաև միտքն ու հոգին:

«Երիտասարդի ի՞նչ տեսակ եք ուզում տեսնել այս ամենի արդյունքում» հարցին Ղազարը պատասխանում է. «Ուժեղ մարմնով ու մտքով, առաջադեմ, լավատես, նպատակասլաց, ոճային»:

Այո, ծրագրեր կան անգամ հագուստի հետ կապված: Մի խոսքով, եթե պատկերավոր ներկայացնենք, թե ինչ է StreetWorkout-ը Հայաստանում, ապա դա պայքար է «քյարթուների» դեմ՝ կերտելով միանգամայն նոր որակի երիտասարդություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: