Հայերեն   English   Русский  

​ԱՖՐԻԿՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 46531

Երևանն աշխարհի հնագույն մայրաքաղաքն է, նրա տարիքն անցնում է 6 հազարից: Այո, հենց 6 հազար: Շատերը մեր մայրաքաղաքի պատմությունը սկսում են Էրեբունի բերդաքաղաքից` հիմնավորելով, թե այն գտնվում է քաղաքի հատակագծի մեջ: Սակայն Երևանի հատակագծի մեջ է նաև Շենգավիթը, որը, ավելի հին պատմություն ունենալուց զատ, նաև հին աշխարհում հսկա քաղաքակրթության կենտրոն է հանդիսացել:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, հին Երևանից այսօր քիչ շինություններ են մնացել: Ճակատագրի բերումով հնամենի քաղաքը դեռ վաղ միջնադարում վերածվեց գյուղի և իր քաղաքային նշանակությունը սոսկ XV դարում վերստացավ:

Սակայն, պատմա-ճարտարապետական հնությունները մայրաքաղաքում շատ չեն. խորհրդային իշխանության տարիներն աղճատեցին Երևանի հին դիմագիծը:

Պահպանված հին շինություններից արժեքավոր է Աֆրիկյանների ակումբը, որ XIX դարավերջին կառուցել են մեծահարուստ Աֆրիկյան եղբայրները:

Աֆրիկյան եղբայրները, մասնավորապես Առաքել Աֆրիկյանը Երևանում ակումբ բացեց: Շենքը պատմական արժեք ունի: Ցավոք, քաղաքային իշխանությունները որոշել են ապամոնտաժել այն, ինչը հարուցել է բնակչության արդար ցասումը:

Ովքե՞ր էին Աֆրիկյանները. հարց, որ հավանաբար շատերին է հետաքրքրում:

Աֆրիկյան տոհմի մասին զրուցեցի Երևանի բնակիչ, 75-ամյա Վալենտինա Սանոյանի հետ, որի մայրը՝ Արաքսյա Վասիլի Աֆրիկյանը, անվանի տոհմից էր: Իմ զրուցակցի պապը՝ Վասիլը, Սահակ Աֆրիկյանի՝ տոհմի հիմնադիր բայազետցի Աբրահամի 11 զավակներից մեկի որդին էր: Կինն էլ Բայազետից էր՝ Աստղիկ Նիկողոսյանը:

Աֆրիկյանների տոհմը սերել է Աբրահամ անունով հասարակ ծագմամբ մի մարդուց: 1829 թ.` ռուս-թուրքական պատերազմից հետո, շատ հայերի թվում Աբրահամն էլ Բայազետից տեղափոխվում է Արևելյան Հայաստան և հիմնադրում Նոր Բայազետ քաղաքը՝ Գավառը, որ, ի դեպ, մինչև 1920 թ. Շուշիից և Ալեքսանդրապոլից հետո Արևելյան Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն էր:

Աբրահամը, սակայն, մեկ տարի անց մեծ գերդաստանով՝ 11 զավակների և !անում տիկնոջ հետ տեղափոխվում և հաստատվում է Երևանում:

Աբրահամին տեղացիները Ապրիհամ ապրիկ էին կոչում, որից էլ գերդաստանը Ապրիկյան կոչվեց, որ ռուսերեն տառադարձմամբ հաստատվեց որպես Աֆրիկյան:

Աբրահամի զավակները գործունյա էին: Նրանք միասին գործ դրեցին Երևանում: Տասնմեկ եղբայրները ձեռք ձեռքի աշխատասիրությամբ և տոկունությամբ մեծ կարողություն դիզեցին: Նրանք Երևանում գինու և կոնյակի արտադրություն սկսեցին, բամբակի մշակման ձեռնարկություն բացեցին, պահածոների գործարան հիմնադրեցին, թութունի վերամշակման արտադրություն, գործվածքի խանութների ցանց:

Աֆրիկյանների պատրաստած դեղձի մուրաբան արտահանվում էր Եվրոպա, այն միջազգային ցուցահանդեսում մրցանակ է շահել:

1920 թ. նոյեմբերին Կարմիր բանակը Երևան մտավ: Բնակչության նկատմամբ բռնություններ սկսվեցին: Այրվեց Աֆրիկյանների գործվածքի խանութը: Եղբայրներից մեկը վշտից ինքնասպան եղավ. կախվեց: Մյուսը տարագրվեց՝ փախչելով իշխանությունների հետապնդումից:

Կարմիրբանակայիններն ունեզրկեցին, թալանեցին Աֆրիկյաններին: Տիկին Վալենտինան, մեջբերելով մոր հուշերը, պատմում է, որ բոլշևիկները մորը սպառնացել են, գցել այրվող թոնիրը: Ի վերջո, նա ստիպված էր ցույց տալ ոսկու թաքստոցը՝ բակում գտնվող մյուս՝ գործածությունից վաղուց դուրս եկած թոնիրը:

Մնացած, թաքցրած հարստությունը փոշիանում է ՆԷՊ-ի տարիներին, երբ Արամ Աֆրիկյանը՝ Արամ բիձան, թաքստոցից հանելով պահած վերջին ոսկիները, դրանք վաճառում է և մեկնում Ռուսաստան՝ այնտեղ գործ սկսելու: Սակայն Արամ Աֆրիկյանին գնացքում թալանում են, և նա ձեռնունայն վերադառնում է Երևան:

Այսօր Աֆրիկյանների երբեմնի հարուստ ժառանգությունից տիկին Վալենտինային մնացել են միայն ընկուզենու փայտից պատրաստված սեղանն ու պահարանը:

Տիկին Վալենտինայի հավաստմամբ՝ բամբակի մշակման արտադրամասը գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ ներկայիս Մոսկվայի տան տեղում: Ներկայիս Շահումյան փողոցում գտնվել են Աֆրիկյանների գործվածքի խանութները:

Աֆրիկյան տոհմի շատ անդամներ ցրվեցին Կովկասում` հաստատվելով մեծ արդյունաբերական քաղաքներում՝ Թիֆլիսում, Բաքվում` այնտեղ ևս ծավալելով առևտրական գործունեություն:

Աֆրիկյաններն անվանի բարեգործներ էին: Հատկապես առատ հատկացումներ էին անում Երևանի դպրոցներին և որբանոցներին:

1911 թ. Աֆրիկյան եղբայրները նոր բարեգործություն կատարեցին: Տիգրան և Առաքել եղբայրները հիմնադրեցին «Ջրմուղ» ընկերությունը և նույն տարվա դեկտեմբերին Երևանում ջրագիծ անցկացրին՝ քաղաքն ապահովելով խմելու ջրով:

Աֆրիկյանների ակումբի շենքը գտնվում է ներկայիս Տերյան 11 հասցեում:

Ժամանակին այն քաղաքային ակումբի կարգավիճակ ուներ և քաղաքի մտավորականության, վերնախավի հավաքատեղին էր: Մարդիկ այստեղ հավաքվում էին, տարբեր խնդիրներ քննարկում, թունդ բանավեճեր ծավալում:

1926 թ. Աֆրիկյանների ակումբի շենքն ազգայնացվեց ու հանձնվեց ՉԷԿԱ-ին: Այստեղ է իր կալանքը կրել նաև անվանի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Հետագայում՝ Ազգային անվտանգության ծառայության ներկայիս շենքը շահագործման հանձնելուց հետո, Աֆրիկյանների ակումբը վերածվեց բազմաբնակարանային շենքի. այնտեղ տեղավորվեց 30 ընտանիք:

Աֆրիկյան եղբայրները, հաջողակ ձեռնարկատեր լինելուց զատ, նաև Երևանի քաղաքային դումայի անդամ էին և, փաստացի, Երևանի նոր շրջանի պատմության կերտողներից էին: Նրանք թերևս անցած դարասկզբին Երևանի ամենաազդեցիկ մարդիկ էին:

1919 թ. սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Վիլսոնի կարգադրությամբ դիվանագիտական առաքելությամբ Երևան է ժամանում ամերիկյան գեներալ Ջոն !արբերդը: Նա հանդիպել է նաև Աֆրիկյան եղբայրներին, նրանց հետ ինչ-որ հարցեր քննարկել, հավանաբար՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, ինչի մասին իր զեկուցագրում հայտնել է Վիլսոնին:

Տիկին Վալենտինան ցավով փաստեց, որ իր նախնիների մասին շատ բան պատմել չի կարող, քանզի մայրը չէր սիրում խոսել իր տոհմի մասին, վախենում էր: Տիկին Վալենտինայի մայրը՝ Արաքսյա Աֆրիկյանը, եղել է Երևանի քաղխոհրդի պատգամավոր, !ՄԿԿ անդամ, կուսակցական ակտիվ աշխատող և միշտ խուսափել է նշել, որ կապիտալիստի ընտանիքից է սերում: !որհրդային Միությունում դա չէր խրախուսվում, ավելին` դրա համար նրա դեմ շատ դռներ կարող էին փակվել:

Բանն անգամ ծայրահեղությունների է հասել: Տիկին Արաքսյան 1939 թվականից հացի գործարանում է աշխատել` լինելով գործարանի կուսակցական կազմակերպության քարտուղարը: 1980-ականների կեսերին` ամռան մի օր, նրան հայտնում են, որ գործարանի մուտքի մոտ իրեն է սպասում մի օտարական՝ սփյուռքահայ, որ ներկայացել է Աֆրիկյան և Հայաստանում իր ազգականներին է փնտրում: Իմանալով, որ այս գործարանում Աֆրիկյան ազգանունով աշխատակցուհի կա՝ ուզում է տեսակցել: Տիկին Արաքսյան վախեցել է հանդիպել իր հեռավոր ազգակցին. վերջինս, երկար սպասելով՝ մտամոլոր հեռացել է:

Ինչպես արդեն նշվեց, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին երկրում, Աֆրիկյաններին ունեզրկեցին: Երբեմնի հարուստ ու ճոխ ապրող գերդաստանի անդամներից շատերը սնանկացան ու հայտնվեցին թշվառության մեջ:

Բոլշևիկները խլեցին նաև տունը: 1950-ականներին Արամ և Վասիլ եղբայրներին տվեցին մեկսենյականոց բնակարան: Նրանք կիսեցին առանց այն էլ փոքր բնակարանն ու 12 հոգանոց գերդաստանով հաստատվեցին այնտեղ:

Տիկին Վալենտինան, պատմում է, որ երբ 1954 թ. տեղափոխվում էին նոր բնակարան ու իրերը բարձում էին մեքենայի թափքին, հանկարծ իր տատը տան նկուղ է իջնում և այնտեղից բերում չորս մեծ ճամպրուկ: Նա անգամ հիշում է այդ ճամպրուկների արտաքին տեսքը.

- Փայտյա գեղեցիկ ճամպրուկներ էին, վրան` ոսկեջրած ինչ-որ նշան: Երգող ճամպրուկներ էին, երբ բացում էիր՝ երգում էին:

Երբ տատը բերում է ճամպրուկները՝ զարմացած որդիները բացում են դրանք և… չորս ճամպրուկ՝ լի ցարական թղթադրամներով: Միամիտ կինը գրեթե 40 տարի պահել էր: Չնայած որ հուլիս ամիսն էր, զավակները մեքենայի թափքից իջեցնում են վառարանը, կրակ վառում տան բակում և այդ ամենն այրում:

Աֆրիկյաններ

Հետագայում` տասնյակ տարիներ անց, երբ արդեն ապամոնտաժվում էր Աֆրիկյանների այդ տունը, տան պատերից մեկում պատի ողջ բարձրությամբ գաղտնարան բացվեց, որ դարձյալ լի էր ցարական ժամանակների թղթադրամներով:

Այո, Աֆրիկյանները շատ հարուստ էին: Տիկին Վալենտինան զրույցի վերջում էլի ինչ-որ մանրամասներ հիշեց: Տատը վզնոց է կրել՝ ամբողջովին զարդարված նապոլեոններով՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թողարկած ոսկյա դրամներով, որոնք ժամանակին մեծ պահանջարկ ու արժեք ունեին: Նա նաև փետուրով գլխարկ էր դնում, ինչը խորհրդային ժամանակներում շատերի ծիծաղն էր հարուցում:

Համակրելի տիկնոջ պատմելով՝ Աֆրիկյանները տանը սնդուկով ոսկի են ունեցել: Աֆրիկյան եղբայրները միմյանց հետ թուղթ խաղալիս հաղթած գումարն այնտեղ էին գցում հետո այդ հավաքված գումարով բարեգործություն անելու կամ նոր գործ սկսելու նպատակով:

Լուսանկարներ Աֆրիկյանների ընտանեկան ալբոմից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: