Հայերեն   English   Русский  

​Գյումրիում ԱԱԾ-ն «տարել է»կաթոլիկների ռադիոկայանի ղեկավարին


  
դիտումներ: 2000

Արդեն 3 օր է, Գյումրիում ոստիկանական ուժերը խիստ հսկողություն են իրականացնում: Երեկ երեկոյան ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին նաև Գյումրիում գործող կաթողիկե եկեղեցու «Ռադիո Մարիամ» ռադիոկայանում: ԱԱԾ կողմից հատուկ գործողություններ են իրականացվել կայանի շենքում, բռնագրավվել են ռադիոկայանի համակարգիչները:

Հիշեցնենք, որ երեկվանից Գյումրու Ղորղանյան 83 հասցեում գտնվող այս կառույցը շրջափակված էր ոստիկանների կողմից, երեկվանից աշխատանքի չեն թողնում ռադիոկայանի աշխատակիցներին:
Համաձայն եղած լուրերի, տեխնիկայի հետ ռադիոկայանից ԱԱԾ աշխատակիցները տարել են նաև ռադիոկայանի տնօրենին՝ Հայր Անտոնին և ռադիոկայանի կոորդինատոր, ռադիոհաղորդավար Լիլիթ Թորոսյանին:

Ասում են՝ Լիլիթին հարցաքննության են տարել այն պատճառով, որ ռադիոյի եթերում հարցազրույց է վարել «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Վերջինիս անունը պաշտոնապես կապվում է նախօրեին Երևանում վնասազերծված հանցախմբի պարագլուխ։ Հատուկ ծառայությունների փոխանցմամբ, կասկածյալների թիվը 19-ն է, ձերբակալել են 10–ին։ Երեւանում, Շիրակում և Կոտայքում առավոտից իրավապահները զինված հսկողություն են իրականացնում ճանապարհներին։

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: