Հայերեն   English   Русский  

Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց ծանր հանցագործություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի կյանքից


  
դիտումներ: 925

Հայաստանում ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանը չի ընդունում իր մեղքը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդանյանի փաստաբանը` Լևոն Բաղդասարյանը:

Գործ հարուցված է Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի և 235 հոդված երրորդ մասի հատկանիշներով:

«Մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու և ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու մեջ: Երկուսն էլ ծանր հանցագործությունների շարքին են դասվում և նախատեսված է ազատազրկում մի դեպքում 8-12 տարի, մյուս դեպքում՝ 3-8 տարի: Արթուրը առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն մտացածին է համարում: Քանի որ նախաքննություն է ընթանում, այլ տեղեկություն չեմ կարող տալ»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը պատմեց, որ Արթուր Վարդանյանը օրինակելի կենսագրություն ունի. «Արթուր Վարդանյանի հայրը եղել է ազատամարտիկ, հետախույզ: Բազմիցս անցել է թշնամու թիկունքը: Գործողություններից մեկի ժամանակ նա նահատակվել է ու նրա դին փոխանակել են ադրբեջանցի գերու հետ: Իսկ որդին՝ Արթուրը, փայլուն կրթություն է ստացել Եվրոպայում, ապրել է բարեկեցիկ կյանքով, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա:Իր ներդրումն է ունեցել Քեսաբի ազատագրման գործում»:

Երբ Անկախը հետաքրքրվեց, թե հստակ ինչ առնչություն է ունեցել Քեսաբի ազատագրման գործողություններին, փաստաբանը հապաղեց որևէ պատասխան տալ. «Չեմ կարող ասել ուղղակի,թե անուղղակի է մասնակցել: Թեև հակված եմ մտածելու անմիջական մասնակցություն է ունեցել ազատագրման գործողություններին»:

Ըստ նրա` այս օրերի ընթացքում կոպիտ կերպով խախտվել է այձի անմեղության կանխավարկածը:

«Նրա մեղադրող հայտարարությունները անմեղության կանխավարկածի հարցն են բարձրացնում: Ցավոք, Հայաստանում կարող են մարդուն իջեցնել ու նույն մարդուն բարձրացնել: Չկա այդ սկզբունքի տարրական կուլտուրա»:

Փաստաբանը հրաժարվեց տեղեկություններ տալ կասկածյալի մոտ հայտնաբերված զինամթերքի մասին` բացատրելով, որ դեռս նախաքննություն է տեղի ունենում, որ .ըստ նրա, կտևի 2-3 ամիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: