Հայերեն   English   Русский  

Ամենատարածված 9 երազներն ու դրանց նշանակությունը


  
դիտումներ: 9264

Եթե հավատանք սովետական երազահաններին՝ շունը երազում նշանակում է հավատարիմ ընկեր, կատուն՝ թշնամի, խավարասերները խոստանում են մեծ գումարներ:

երազ

Իսկ մենք կփորձենք այդ ամենի մասին խոսել այլ՝ հոգեբանության տեսանկյունից` ներկայացնելով մարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպող երազների վերլուծությունն ըստ բրիտանացի հոգեբան Յան Ուոլլեսի:

Հոգեբանը մանրամասն ուսումնասիրել է իր հաճախորդների 200.000 երազներ, որպեսզի առանձնացնի առավել հաճախ հանդիպող թեմաները: Արդյունքը ցույց է տալիս, որ իսկապես ընդհանուր բան շատ կա:

Ահա, թե ինչ եզրակացության է նա եկել:

Երազ 1: ԴՈՒՔ ԸՆԿՆՈՒՄ ԵՔ

Ինչ-որ տեղից ընկնելու երազներն իրականում նյարդային համակարգի «կանչն են»: Մարդն ահազանգ է ստանում գերբեռնվածության մասին կամ զգում, որ կյանքի ինչ-որ իրադրություն դուրս է գալիս իր հսկողությունից: Այլ մեկնաբանություն էլ կա՝ անվտանգության, խոցելիության զգացում: Ուոլլեսը հուշում է, որ յուրաքանչյուր երազ մեկնաբանելու կարևոր կողմնորոշիչը ձեր իսկ զգացողություններն են: Օրինակ, եթե անդունդն եք ընկնում կամ ժայռից թռչում երջանկության ժպիտը ձեր դեմքին, նշանակում է, որ ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ձեզ բացարձակապես չեն հուզում: Հոգեբանը նշում է, որ անկումը սիրային հարաբերությունների սկզբնական փուլին էլ է հատուկ, այսինքն՝ այլ մարդու հանդեպ ուժեղ զգացմունքներ ունեք և պատրաստ եք ամբողջությամբ տրվել նրան:

Երազ 2: Կորցրել եք ձեր ձայնը

Սա կարող է ոչ միայն երազ լինել, այլև իրական «քնային կաթված»: Ֆիզիոլոգիական առումով մարդկանց մեծ մասն իսկապես անզգայանում է: Պատահում է, որ քնած մարդը գիտակցության ծուղակն է ընկնում, արթնանալով՝ նա ի վիճակի չի լինում շարժվել, խոսել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ շնչել: Նման խանգարումը հանդիպում է երկրագնդի բնակչության 7%-ի մոտ, բայց կյանքի մեջ գոնե մեկ անգամ քնային կաթվածի կարող է ենթարկվել մեզնից յուրաքանչյուրը:

Երազ 3: Դուք մերկ եք

Լիովին մերկ վիճակում հանրությանը ներկայանալու մասին երազն ուղեկցվում է իրական կյանքում ամոթի ու խայտառակվելու ներքին զգացումով: Ընդ որում, հաճախ դա կապված է ձեր հասցեին ստացված սխալ մեղադրանքների հետ: Կարևոր է հիշել նաև այդ երազը տեսնելիս ձեր զգացողություները. եթե երազում լիովին մերկ եք, բայց դա ձեզ անհանգստություն չի պատճառում, ապա դա կարող է հակասական նշանակություն ունենալ: Հնարավոր է, որ ցանկանում եք լինել տեսանելի, շրջապատի կողմից հիացմունքի արժանանալ, ճանաչելիություն ձեռք բերել:

Երազ 4: Ձեր ատամներն ընկնում են

Մակերեսային առումով այս երազը նշանակում է արտաքին տեսքի հանդեպ չափից դուրս խնամք, վախ, որ մյուսների համար անհրապույր կլինեք: Սակայն այս երազն ավելի խորը նշանակություն էլ ունի: Նախ պատասխանեք այս հարցին՝ «Դուք տագնապո՞ղ անձ եք»: Ներսում կուտակվող սթրեսն ու ապրումները հաճախ «ցավոտ» տեսք են ստանում մեր երազներում: Հոգեբաններն այս երևույթը մեկնաբանում են որպես անօգնականություն, սասանված իշխանության (ծնող-երեխա, ղեկավար-ենթակա հարաբերությունների մակարդակում): Այս երազը վերաբերում է նաև հարաբերություններին. այն ընդգծում է ինչ-որ մեկի հետ շփման բարդությունները: Մեկ այլ հոգեբան՝ Լորեն Լոուրենսը, որը մշտապես երազահան է հրապարակում New York Daily News-ում, պնդում է, որ ընկնող ատամները ցույց են տալիս կնոջ հղիանալու ցանկությունը: Բայց, ամեն դեպքում, չի խանգարի նաև այցելությունն ատամնաբուժարան:

Երազ 5: Ինչ-որ մեկն ընկնում է ձեր հետեվից

Սարսափելի հրեշ, գող կամ մարդասպան… Սարսափը, որ հետապնդում է ձեզ, կարող է խորհրդանշել պարտք կամ կախվածություն (օրինակ` ալկոհոլից): Հոգեբանները ենթադրում են, որ նման երազ առավել հաճախ տեսնում են նրանք, ովքեր իրական կյանքում սովոր են փախչել դժվարություններից՝ դրանք առ ոչինչ դարձնելու փոխարեն: Գիշերային սարսափից ազատվելու միակ ճանապարհն այս դեպքում խնդիրը լուծելն է:

Երազ 6: Դուք առաջնորդ եք

Տնօրեն, նախագահ, շեյխ, բռնապետ, թագավոր կամ ով գիտի՝ նոր փրկիչ: Մակերեսային առումով սա նշանակում է իշխանության ձգտում, բարձր պաշտոնների մոլուցք: Ընդ որում հաճախ նման երազներ տեսնում են ոչ միայն կարիերիստներն ու պատվանդանի մասին երազող մարմնամարզիկը, այլ նաև նրանք, ովքեր այդ կերպ կոմպենսացնում (կամ թաքցնում) են սեփական անկարողությունը:

Երազ 7: Դուք թռչում եք

Փոքրուց ծնողները մեզ հավատացնում էին, որ եթե երազում թռչում ենք, ապա մեծանում ենք: Սակայն այս երազն իրականում իմաստալից մեկնաբանություն ունի: «Թռչելու» ներքո հասկանում ենք ազատություն, այսինքն` մեր ուժերը և կամքը թույլ են տալիս մեզ կարևոր գործ նախաձեռնել, ընդ որում՝ միայնակ: Դուք նպատակասլաց կերպով շարժվում եք դեպի այն բարձր նպատակները, որ ձեր առջև դրել եք: Առջևում կյանքի հաջորդ կարևոր փուլն է:

Երազ 8: Սիրելին դավաճանում է

Երազում սիրելիի դավաճանությունը ոչ մի աղերս չունի իրական դավաճանության հետ: Սովորաբար նման երազներ տեսնում են այն ժամանակ, երբ գրավչության, սեքսուալության հարցում կորցնում են ինքնավստահությունը: Մի տանջեք սիրելիին «որտե՞ղ ես եղել» հարցով, փոխարենը` վերականգնեք ինքներդ ձեր նկատմամբ հավատը:

Երազ 9: դուք մահացել եք

Սարսափելի երազի ժողովրդական մեկնաբանությունը շատ պոզիտիվ է՝ «երկար եք ապրելու»: Չենք ուզում ձեզ հիասթափեցնել, բայց դա առասպել է: Հոգեբանը վստահեցնում է, որ մահը նշանակում է բաժանում: Դուք ենթագիտակցորեն ցանկանում եք ձեր կյանքում ինչ-որ բան դադարեցնել՝ հարաբերություններ, աշխատանք, անգամ անցյալը: Կամ էլ պարզապես ինչ-որ բան ցանկանում եք սկսել նորից` մաքուր էջից:

Ավելի ուշադիր է պետք լինել սեփական երազների ու ցանկությունների նկատմամբ::





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: