Հայերեն   English   Русский  

Գամբիայի նախագահը իր երկիրը հայտարարել է իսլամական հանրապետություն


  
դիտումներ: 808

Գամբիայի նախագահ Յահյա Ջամեն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է ազատվել գաղութային անցյալից: Պետական հեռուստատեսությամբ Ջամեն հայտարարել է, որ կրոնական արժեքների և ինքնության համաձայն Գամբիան հայտարարվում է իսլամական հանրապետություն:

Նա ավելացրել է. «Հաշվի առնելով այն, որ մահմեդականները երկրի մեծամասնությունն են կազմում Գամբիան դառնում է իսլամական հանրապետություն»:

Հարկ է նշել, որ Գամբիայի 1.8 միլիոն բնակչության 95 %-ը մահմեդական է: Նախագահը շեշտել է, որ մյուս կրոնական խմբերին պատկանողները կարող են ազատորեն հարել իրենց դավանանքին:

Յահյա Ջամեն արդեն 21 տարի է զբաղեցնում է Գամբիայի նախագահի պաշտոնը: Իշխանության տարիներին նա աչքի է ընկել անակնկալ որոշումներ ընդունելով: 2013թ.-ին Ջամեն իր երկիրը դուրս է բերել Ժողովուրդների Դաշնությունից՝ ներկայացնելով այն նոր գաղութատիրություն: 2007թ.-ին հայտարարել է, որ գտել է ՁԻԱՀ-ի դեղաբույսերով բուժման եղանակը:

Չնայած Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների հետ Գամբիայի երբեմնի առևտրային սերտ կապերին՝ արևմուտքի հետ հարաբերությունները վերջին տարիներին վատացել են: Եվրոպական Միությունը ժամանակավորապես դադարեցրել է Գամբիային ցուցաբերվող օգնության տրամադրումը ՝ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի տվյալներով մարդու իրավունքների պաշտպանության ցուցակում 187 երկրների շարքում 165-րոդ տեղը զբաղեցնելու համար:

Երկրի նախկին ԱԳ նախարար Սեյդի Սանին մեկնաբանել է նախագահի արարքը. «Ջամեն կարիք ունի զարգացման գումարների, որոնցից զրկվել է մարդու իրավունքների պաշտպանության սանդղակում ցածր տեղ զբաղեցնելու պատճառով , ուստի և ապավինում է արաբական երկրների օգնությանը՝ օգտագործելով դրանց որպես գումար ստանալու այլընտրանք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: