Հայերեն   English   Русский  

33 մեդալ ձյուդոյում պաշտոնական առաջնություններից


  
դիտումներ: 1113

Դեկտեմբերի 13-ին Երևանում` Խուլ և համրերի միության մարզադահլիճում կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը ներկա էր նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայ մարզասերներն առաջին անգամ գոտեմարտերին համացանցով ուղիղ հեռարձակմամբ հետևելու հնարավորություն ունեցան:

Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը մեզ հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնության արդյունքներն ու մարզական տարին:

- Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 91 մարզիկ և մարզուհի: Անցած տարվա համեմատ մասնակից աղջիկների թիվն աճել էր՝ 19 մարզուհի: 48 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Շուշան Առաքելյանը: Նա բնակվում է Ռուսաստանում և ցանկություն ունի հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: 52 կգ քաշային կարգում հաղթեց փորձառու Սոսե Բալասանյանը:

Ընդհանուր առմամբ աղջիկների հավաքականի մակարդակն այնքան էլ բարձր չէ: Ձյուդոյով զբաղվող աղջիկները քիչ են, ուստի համապատասխան մակարդակ չի ապահովվում:

Տղաների 6 քաշային կարգերում մասնակցեցին բոլոր ուժեղագույն ձյուդոիստները, բացառությամբ` Հովհաննես Դավթյանի: 66 կգ քաշային կարգում Ռուսաստանի Դաշնությունից առաջին անգամ մասնակցում էր Ֆերդինանտ Կարապետյանը: Նա պետք է ապացուցեր, որ իրավունք ունի ներկայացնելու Հայաստանը, և հաղթեց՝ դառնալով չեմպիոն: Հովհաննեսը հեռանկարային մարզիկ է: Եկող տարի էլ նա կմասնակցի վարկանիշային մրցումների, հույս ունենք, որ կհասցնի օլիմպիական ուղեգիր ձեռք բերել:

Առաջնությունը ցույց տվեց, որ հեռանկարային մարզիկներ կան, որոնք վարկանիշներ հավաքելու և ապագայում` 2020 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրական հնարավորություններ ունեն:

Ուրախալի է, որ երիտասարդական հավաքականի տղաները կարողացան եղանակ ստեղծել և բավական լուրջ գոտեմարտեր անցկացնել:

- Ի՞նչ կազմակերպչական նորամուծություններ կային:

- Ֆեդերացիայի համակարգչային պատասխանատուն տարվա ընթացքում մասնակցել է մի շարք սեմինարների: Վստահ կարող եմ ասել, որ կազմակերպչական առումով մեկ քայլ առաջ գնացինք: Առաջին անգամ օգտագործեցինք մրցումների անցկացման միջազգային ծրագիրը:

Ցուցատախտակի վրա երևում էին գոտեմարտերի հերթականությունը, մարզիկների անուն-ազգանունները: Բացի այդ, բարձրակարգ տեսախցիկներով ուղիղ հեռարձակմամբ հնարավոր էր հետևել գոտեմարտերին: Սա կարևոր է ձյուդոյի մասսայականացման համար: Նրանք, ովքեր հնարավորություն չունեին դահլիճում գտնվելու, կարողացան հետևել մրցման ընթացքին առցանց: Նշեմ նաև, որ տեսագրությունները պահպանվում են, և մենք հետագայում դիտելու, վերլուծություններ անելու ու բացթողումները շտկելու հնարավորություն կունենանք:

Չնայած այս ամենին՝ դեռ շատ անելիքներ կան: Տեխնիկական հնարավորությունները, պայմանները թույլ չեն տալիս միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր մակարդակով մրցումներ կազմակերպել: Դահլիճները փոքր են, հանդիսատեսի, սպասարկող անձնակազմի և մրցավարների միջև հեռավորությունը բավարար չէ: Այս ամենը, բնականաբար, ազդում է մրցումների անցկացման ընթացքի վրա:

- Ինչո՞ւ չէին մասնակցում առաջնությանը հավաքականի առաջատարներ Հովհաննես Դավթյանն ու Ժաննա Ստանկևիչը:

- Դավթյանն արդեն օլիմպիական վարկանիշ ունի և հավաքականի մեջ ընդգրկվելու խնդիր չունի: Հիմնական նպատակը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարձր տեղ զբաղեցնելն է: Եթե հաջողվի մտնել լավագույն ութնյակի մեջ, վիճակահանությունը մեզ համար ավելի բարենպաստ կդասավորվի: Մինչև օլիմպիական խաղերը Դավթյանը կմասնակցի ուսումնամարզական հավաքների ու միջազգային մրցաշարերի և իր դիրքերը վարկանիշային աղյուսակում բարելավելու հնարավորություն կունենա:

Ժաննա Ստանկևիչը մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր է: Լուրջ ակնկալիքներ և սպասելիքներ ունենք մեր մարզուհուց: Հուսանք, որ Ժաննան 2016 թվականին կկարողանա օլիմպիական ուղեգիր նվաճել: Համաշխարհային վարկանիշային աղյուսակում նա այժմ 28-րդն է: Հայաստանում Ժաննան մրցակից չունի, և նրա մասնակցությունն առաջնությանը ձևական բնույթ կկրեր:

- Մարզական տարին մրցաշարերի առումով ավարտվեց: Ի՞նչ գնահատական կտաք:

- Այս տարվա պաշտոնական առաջնություններից ունենք 33 մեդալ: Վարկանիշային մրցաշարերում մեր մարզիկները բարձր վարկանիշներ ունեն: Լուրջ հույսեր ունեինք երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններից, բայց սպասելիքները չարդարացան: Տարին կգնահատեմ բավարար:

Ուսումնամարզական հավաքների, մրցաշարերի մասնակցության, առաջնությունների կազմակերպման համար պետությունը տրամադրել է 71 մլն դրամ, իսկ ֆեդերացիայի ընդհանուր ծախսերը կազմել են մոտավորապես 130 մլն դրամ: Ցավոք, այս գումարն էլ դեռևս բավական չէ: Արդյունքի հասնելու համար փորձ և մրցակցություն է հարկավոր: Անհրաժեշտ է, որ հավաքականը տարվա մեջ միջինը 200 օր մասնակցի ուսումնամարզական հավաքների: Այս դեպքում միայն հնարավոր կլինի լուրջ ձեռքբերումներ ունենալ: Խնդիրները բազմազան են: Բայց ֆեդերացիան աշխատում է: Փորձում ենք հովանավորներ գտնել, ծրագրեր մշակել, ուսումնամարզական հավաքներ և մրցաշարեր կազմակերպել՝ մարզիկների առաջընթացն ապահովելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: