Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի Հանրապետության երեք վարչապետերից՝ երկուսին գնդակահարել են հայ վրիժառուները


  
դիտումներ: 1315

«Նեմեսիս» գործողության շրջանակներում հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին նաև Ադրբեջանի առաջին Հարապետության այն ղեկավարներին, որոնք 1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի դեմ իրականացված զանգվածային սպանությունների անմիջական պատասխանատուներն էին: Քիչ հայտնի փաստ է, որ մահապատժի ենթարկվածներից երկուսը եղել են 1918-1920 թթ. Ադրբեջանի վարչապետեր, իսկ այդ տարիներին Ադրբեջանում պաշտոնավարել են երեք վարչապետեր»,-ֆեյսբուքյան իր էջում հայ վրեժխնդրության այս պատմության մասին գրում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:

Ահա այդ գործողությունների ժամանակագրությունը (նկարում հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներ Միսակ Թոռլակյանն (ձախից) ու Արամ Երկանյանն են).

1920-ի մայիսի 31-ին Բաքվից ոչ հեռու՝ Քյուրդամիրում, հայ վրիժառուների կողմից իրականացրած դարանակալման արդյունքում իր երկու թիկնապահների հետ գնդակահարվեց Նասիբ Յուսիֆբեյլին (Ուսուբեկով)՝ 1918-ին Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարը, իսկ 1919-1920 թթ. Ադրբեջանի վարչապետն ու ներքին գործերի նախարարը: Գործողությունն իրականացրած հայ վրիժառուների անուններն այդպես էլ անհայտ են մնացել:

1920-ի հունիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի 1918-1919 թթ. վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն, ինչպես նաև վիրավորել 1918 թ. Ադրբեջանի արդարադատության նախարար, հետագայում ներքին գործերի նախարար Խալիլ Խաս Մահմադովին, որը դարձավ անդամալույծ։ Արամ Երկանյանի գործակիցն է եղել Միսակ Կիրակոսյանը։

1920-ի հուլիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարել է 1918-1920 թթ. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Հասան Բեկ Ագաևին, որը Բաքվի և Շուշիի հայկական ջարդերի հիմնական պատասխանատուներից էր։

1921-ի հուլիսի 18-ին Կ.Պոլսում Միսակ Թոռլակյանը գնդակահարել է 1918 թ. Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին, որն ի դեպ 1921-ին արդեն Ադրբեջանական ԽՍՀ ներկայացուցիչն էր Կ.Պոլսում։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական ռազմական դատարանը արդարացրել է Միսակ Թոռլակյանին:

Նյութն ու լուսանկարը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: