Հայերեն   English   Русский  

​Երբ ու ինչպես են նշում Ամանորը ուրիշ ազգերը


  
դիտումներ: 5369

Դեռ մ.թ.ա. 46 թ. Հուլիոս Կեսարը տարվա առաջին օր է հռչակել հունվարի 1-ը: 1582 թվականից կաթոլիկ աշխարհն անցավ Գրիգորյան օրացույցին: Հենց այս օրացույցով էլ աշխարհը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը նշում է որպես նոր տարվա սկիզբ: Չնայած ողջ աշխարհն այս կամ այն կերպ նշում է հունվարի 1-ը, սակայն առանձին մշակույթներում նոր տարվա մեկնարկն այլ օրվանից է հաշվարկվում:

Արևելյան օրացույցով նոր տարվա մեկնարկը սկսվում է հունվարի 21-ին հաջորդող նորալուսնի օրը: Դա համընկնում է հունվարի 21-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածի հետ: Հնդկաստանում տարբեր էթնիկ խմբեր նոր տարին տարբեր ժամանակահատվածում են նշում: Քաշմիրի բնակիչները, օրինակ, մարտի 10-ին նշում են Հոլին:

Մարտի 21-ին Նովրուզն են նշում պարսկական օրացույցով առաջնորդվողները (Աֆղանստանում, Տաջիկստանում, Իրանում, Պակիստանում, Ադրբեջանում): Ապրիլի 12-17-ը Նոր տարի են նշում Բիրմայում, ապրիլի 14-ին` Լաոսում: Այստեղ նոր տարին համընկնում է սպասված անձրևների սեզոնի հետ: Սեպտեմբերի 11-ին եթովպացիներն են նշում նոր տարին` նշանավորելով անձրևների սեզոնի ավարտը: Կելտական ժողովուրդների մոտ նոր տարվա սկիզբ է համարվում նոյեմբերի 1-ը` Հելոունինին հաջորդող օրը: Իսկ Հավայան կղզիներում և Օվկիանոսքում տարին փոխվում է նոյեմբերի 18-ին:

Նշենք, որ հունվարյան առաջին օրերի տոնական ընկալումը մեզանում վերջին տասնամյակներում է ձևավորվել: Խորհրդային Միությունում ամանորը պաշտոնապես սկսել են նշել միայն 1936 թվականից: Մինչև 1947 թ. հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է եղել: 1947 թ. դեկտեմբերին ընդունված որոշմամբ միայն հունվարի 1-ը հաստատվել է որպես տոնական ոչ աշխատանքային օր:

Թե ինչպես է նշվում Ամանորը Գրիգորյան օրացույցին հետևող երկրներում, լավ գիտենք: Ստորև ներկայացնենք նաև, թե ինչպես են այս տոնը նշում այլ մշակույթներում:

Չինական գարնան տոնը

Չինաստանում սովորաբար ամանորը երկու անգամ են նշում` հունվարի 1-ին, ապա նաև իրենց ավանդական օրացույցով` հունվարի 21-փետրվարի 21-ի միջև ընկած նորալուսնի օրը: Տոնի անվանումը թարգմանաբար նշանակում է «գարնան տոն», որի շքեղ տոնակատարությունները դարերի պատմություն ունեն: Նոր տարվա առաջին օրն այստեղ սկսում են հրավառությամբ և բուրումնավետություններ ծխեցնելով: Համարվում է, որ հրավառությունները կվախեցնեն ու հեռու կվանեն չար ոգիներին` գրավելով երջանկության ու խաղաղության ոգուն:

Ըստ չինական հնագույն առասպելի` չինացիներն ամեն տարվա սկզբին ստիպված էին թաքնվել Նյան անունով հրեշից, որը գալիս էր ու խժռում իրենց սննդի պաշարները, նախիրը և հատիկեղենը: Իրենց պաշտպանելու համար բնակիչներն ամեն տարվա սկզբին դռան շեմին սնունդ էին դնում` հավատալով, որ կշտանալու դեպքում հրեշն իրենց չի վնասի: Մի անգամ մարդիկ տեսնում են, թե ինչպես է հրեշը վախենում կարմիր հագած փոքրիկից: Այդուհետ չինացիները նոր տարին դիմավորում են ամենուրեք կարմիր լուսամփոփներ կախելով, դռներն ու պատուհանները կարմիրով զարդարելով: Նաև հրավառություն են օգտագործում հրեշին վախեցնելու համար: Ըստ հավատալիքի` ավանդույթներին հետևելու պարագայում հրեշը կշրջանցի իրենց բնակավայրերը:

Չինական ամանորը նշում են ոչ միայն Չինաստանում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ չինական համայնք կա: Շատ երկրներում անգամ չինական ամանորի օրն այդ համայնքի ներկայացուցիչների համար ոչ աշխատանքային օր է:

Մահմեդական ամանորը

Մահմեդական աշխարհը ևս նոր տարվա սկիզբն այլ` մահմեդական օրացույցով է հաշվում: Քանի որ մահմեդական լուսնային օրացույցն ունի 354 կամ 355 օր, ապա Գրիգորյան օրացույցի հետ համադրելիս այն շարժական տոն է ստացվում և կարող է համընկնել ցանկացած եղանակի հետ` կախված տարվանից: Նրանք տարվա սկիզբ են համարում Մուհարամ ամսվա առաջին օրը, երբ Մուհամեդը ստիպված Մեքքայից տեղափոխվեց Մեդինա քաղաք: Ուստի տարվա առաջին օրը մահմեդականները մզկիթ են այցելում ու Ղուրան ընթերցում: Մուհարամ ամիսը համարվում է զղջման և աստծուն երկրպագելու ամիս: Համարվում է, որ ինչպես անցկացնեն այդ ամիսը, այդպիսին էլ կլինի տարվա շարունակությունը: Տարվա առաջին ամիսը նաև պասի ամիս է, այսինքն` պետք է հրաժարվել այն ամենից, ինչը կարող է շեղել աստծուն երկրպագելուց: Սակայն այդ արգելքը գործում է միայն ցերեկային ժամերին:

Որոշ մահմեդական երկրներում, որոնք աշխարհիկ են համարվում, ամանորը նշում են նաև Գրիգորյան օրացույցով:

Նովրուզ. գարնան զարթոնքի տոնակատարությունը

Իրանում և որոշ հարևան երկրներում ամանորը նշում են մարտի 21-ին` տոնը կոչելով Նովրուզ: Սա հնագույն, դեռևս հեթանոսական ժամանակներից սկզբնավորված տոն է, որը խորհրդանշում է գարնան գալուստը և բնության զարթոնքը: Նովրուզից առաջ մարդիկ մանրակրկիտ մաքրում են իրենց տունը և բնակավայրը` համարելով, որ աղբից ու կեղտից ազատվելով` ամեն վատ բան հին տարում կթողնեն: Բացի այդ, նախատոնական օրերին նոր հագուստ և կոշիկ են գնում, նաև` քաղցրեղեն ու չրեղեն: Նովրուզին սեղանը զարդարում են ծլեցրած ցորենով, գունավորած ձվերով, ձուկ են մատուցում:

Ըստ ավանդույթի` նովրուզին սեղանին 7 մթերք պետք է լինի, որոնք սկսվում են պարսկական «սին» տառից. սազբեխ (ծլեցրած ցորեն), սամանու (ծլեցրած ցորենով պուդինգ), սիբ (խնձոր), սենջեդ (լոտոսի չորացրած ծաղիկ), սիր (սխտոր), սոմակ (կարմիր գույնի հատապտուղ), սերկեխ (քացախ):

Նովրուզը համարվում է ընտանեկան տոն: Այդ օրն ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջը, աղոթում, Ղուրան կարդում, այնուհետև տան ավագը նվերներ է տալիս փոքրերին: Ընդունված է, որ հաջորդող օրերին մարդիկ այցելեն միմյանց, մոռանան իրար մեջ եղած վիրավորանքներն ու վեճերը: Սովորաբար առաջինը այցելություն են կատարում տարիքով փոքրերը, այնուհետև հաջորդում է պատասխան այցը:

Հրեական ամանորը

Իսրայելում դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը սովորական աշխատանքային օրեր են: Հրեաները նոր տարվա սկիզբ են համարում իրենց օրացույցով տիշրեյ ամսվա նորալուսնի օրը (սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին է համընկնում): Տոնը կոչվում է Ռոշ Հա Շանա, թարգմանաբար` տարեգլուխ: Համարվում է, որ Աստված հենց այդ օրն է արարել Ադամին:

Տոնի առաջին երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են` մաղթելով ընդգրկված լինել «Կյանքի գրքում»: Տոնակատարության ժամանակ ընդունված է օրհնված հացը թաթախել մեղրի մեջ և ուտել, որպեսզի եկող տարին քաղցր լինի: Ընդունված է նաև մեղրով խնձոր ուտել: Տոնական օրը նաև սինագոգ են այցելում` կարդալով հատուկ այդ օրվա համար նախատեսված աղոթքներ:

Ըստ առասպելի` այդ օրն աստված վերակերտում է աշխարհը և մարդուն, մարդիկ դատաստանի առջև են կանգնում Բարձրյալի մոտ, որի ժամանակ ամեն ոք պետք է վերլուծի իր անցած ուղին, զղջա վատ արարքների համար:

Ռոշ Հա Շանային ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջը, որը զարդարվում է ավանդական կերակրատեսակներով: Այս օրը սեղանի պարտադիր բաղադրիչ են ձկան գլխով ուտեստները, նուռը, գազարով ու բազուկով ուտեստները:

Տոնից առաջ սովորաբար տունը մաքրում են ու դուրս հանում հին, անպետք իրերը:

Ամփոփելով նշենք, որ անկախ նրանից` ով երբ ու ինչպես է նշում Ամանորը, բոլորի ձգտումը նույնն է, որ նոր տարին լինի հաջող ու բարեկեցիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: