Հայերեն   English   Русский  

​Ինչպես կարելի է դիմավորել Կապիկին


  
դիտումներ: 2096

Համաձայն Արևելյան օրացույցի` 2016 թվականը Հրե կապիկի տարի է: Այն իր իրավունքների մեջ կմտնի 2016-ի փետրվարի 8-ից:

2016-ի տարերքը կրակն է, իսկ դա խորհրդանշում է շարժունություն, թարմություն, վերածնունդ, աճ, առաջ գնալու ձգտում, եռանդ: Ահա այս տրամադրությամբ էլ պետք է դիմավորենք Կապիկի տարին:

Ինչպես պետք է դիմավորել 2016-ը

Ինչպես և ում հետ կդիմավորենք Կապիկի տարին՝ դրանից էլ կախված կլինի տարվա հաջողությունը: Ահա թե ինչու, որպեսզի հանդիպումը Կապիկի հետ լինի ըստ արժանվույն, պետք է մի փոքր ջանք գործադրել և ուշադրություն դարձնել անգամ աննշան մանրուքներին:

Տոնը դիմավորելու վայրն այնքան էլ էական չէ, կարևորը, որ միջավայրն ուրախ ու զվարճալի լինի: Եթե հնարավորություն ունեք մասնակցելու դիմակահանդեսի, ռեստորանային շոու ծրագրի, ռոք համերգի կամ ընկերական հավաքույթի, ապա անպայման ընտրեք նման աղմկոտ և ուրախ տարբերակը: Իսկ եթե ձեր հնարավորություններն ավելին են և կարող եք ձեզ թույլ տալ մեկնելու արտերկիր, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել, օրինակ, Բրազիլիան, որտեղ երես առ երես կհանդիպեք տարվա խորհրդանիշ Կապիկին:

Ինչպես պետք է զարդարել տունը

Եթե որոշել եք, այնուամենայնիվ, մնալ տանը, ապա անպայման զբաղվեք տունը տոնական տեսքի բերելու հարցով: Տան շքամուտքին կարող եք փոքրիկ Կապիկ տեղադրել՝ կողքերը զարդարելով զանգերով: Դա կստեղծի զվարճալի մթնոլորտ, և ցանկացած հյուր ձեր տուն կմտնի ուրախ տրամադրությամբ ու զանգերի ուրախ ղողանջներով:

Ողջ տան մեջ՝ պատուհանագոգերին, տոնական սեղանին, պահարաններին, կարելի է դնել փայտե, բյուրեղապակե կամ բրոնզե կապիկ-արձանիկներ:

Եթե ձեր տոնական եղևնին արհեստական է, ապա հնարավորության դեպքում մի քանի թարմ եղևնու ճյուղերով էլ զարդարեք տունը: Դա բարգավաճման և բարեկեցության խորհրդանիշն է:

Մի մոռացեք, որ տարվա տարերքը կրակն է, ահա թե ինչու տան մեջ ամեն բան պետք է փայլի՝ սկսած տոնածառի լույսերից և վերջացրած սեղանին դրված մոմերով:

Աստղաբանները պնդում են, որ Կապիկը շատ է սիրում փող, այնպես որ հիանալի գաղափար է, եթե տարվա տիրոջն ուրախացնեք՝ եղևնու ճյուղերին կարմիր ժապավեններով թղթադրամներ կախելով:

Բացի գլխավոր տոնածառից, կարելի է սենյակային բույսերին էլ տոնական տեսք հաղորդել. օրինակ, եթե տանն արմավենի ունեք կամ փողի ծառ, ապա անպայման զարդարեք:

Ինչ կարելի է հագնել տոնական գիշերը

Ամենակարևոր հարցերից մեկը տոնական հագուստն է: Ինչպե՞ս կարելի է դուր գալ Հրե կապիկին: Ցանկալի է հագնել այնպիսի հագուստ և կրել այնպիսի աքսեսուարներ, որոնց մեջ անպայման լինեն կարմիր, նարնջագույն, դեղին, դեղնակարմրավուն, ոսկեգույն, մարջանագույն, շագանակագույն և նման գույներ ու երանգներ: Մուգ վարդագույն և բորդո գույները նույպես ցանկալի են: Ցանկալի է Կապիկի տարին դիմավորել բնական կտորից կարված հագուստով. թավշյա, մետաքսյա, ատլասե, կաշվե: Սակայն հիշեք՝ ինչ էլ որ հագնեք, այն պետք է ուշադրություն գրավի: Այնպես որ, կանանց խորհուրդ է տրվում հագնել երեկոյան զգեստ՝ համարձակ բացվածքներով: Ոչ ստանդարտ սանրվածքները նույնպես խրախուսվում են: Այս օրը պետք է մի փոքր մոռանալ համեստության մասին՝ պատրաստվելով շլացնել մարդկանց:

Կարմիր զգեստի հետ կրեք ոսկեգույն զարդեր, կոշիկ ու կլաչ: Հիանալի կդիտվի նաև ոսկեգույն մեծ կրծքազարդը, մանավանդ` տարվա խորհրդանիշ Կապիկի տեսքով: Կարճ շագանակագույն զգեստը լավ կհամադրվի բեժ գույնի կոշիկների ու կլաչի հետ: Դիմահարդարման մեջ այս դեպքում արժե շեշտը դնել աչքերի ու շրթունքների վրա:

Դեղին զգեստը ցանկալի է համադրել սպիտակ և ոսկեգույն երանգներով կոշիկի հետ: Եթե որոշել եք երկար նարնջագույն զգեստ հագնել, ապա աշխատեք դիմահարդարման մեջ շեշտել միայն աչքերը, իսկ շրթունքները ներկել ավելի հանգիստ ու չեզոք երանգով:

Կարմրադեղնավուն գույնի զգեստ հագնելու դեպքում աքսեսուարներն ու դիմահարդարումը պետք է հասցնել նվազագույնի, քանի որ զգեստն արդեն իսկ վառ է ու աչքի ընկնող:

Ինչ պետք է դնել սեղանին

2016-ին մատուցելիք կերակուրներով պետք է զարմացնել ու գոհացնել ոչ միայն ձեր հարազատներին ու ընկերներին, այլև Կապիկին: Սնունդը պետք է լինի հնարավորինս բնական, առանց կոնսերվանտների, գունաներկերի ու հավելումների:

Քանի որ կապիկները սիրում են բնական բուսական սնունդ, ապա խրախուսվում են բուսական ուտեստները, մասնավորապես` բուսական աղցանները: Հիշեք, որ կապիկները սիրում են հատկապես կանաչ պղպեղ, գազար և ձու: Սեղանին այս տարի առատ պանրի տեսականի դրեք, դա նույնպես Կապիկին դուր կգա: Ինչ վերաբերում է մրգերին, ապա բանանի մասին հիշեցնելն ավելորդ է:

Ձեր սեղանին պետք է գերակշռեն անյուղ, նուրբ ուտեստներն ու աղցանները` զարդարված կանաչիով: Քանի որ մեր Կապիկը քաղցրավենիքի սիրահար է, ապա շեշտը կարող եք դնել աղանդերի վրա:

Նոր տարին հաջողակ դարձնելու համար

Նոր տարուց առաջ արժե թարմացնել տունը և հնարավորինս նոր իրեր գնել` նոր սպասք, վարագույրներ, կահույք:

Շատ կարևոր է, որ տունը հիմնովին մաքրեք և ազատվեք բոլոր անպետք իրերից` անգամ չերկմտելով ձեզ համար արժեքավոր, սակայն իրականում բոլորովին չօգտագործվող առարկաների դեպքում: Դրանով ձեր տունը կմաքրեք բացասական էներգետիկ դաշտից:

Տոնին նախապատրաստվելիս մի լարվեք, ավելորդ հոգսեր մի վերցրեք ձեր ուսերին, տրամադրվեք թեթև, բայց տոնական: Ընտանիքում վեճ մի սարքեք, այլ ապահովեք ջերմ ու համերաշխ մթնոլորտ:

Նոր Տարվա գիշերը լիաթոք ու անկեղծ ուրախացեք, ծիծաղեք, միացրեք բարձր երաժշտություն: Ասում են` բարձր աղմուկը վախեցնում է չար ուժերին և դուրս մղում տնից:

Շատ կարևոր է ժամացույցի սլաքների 12 զարկերի տակ համբուրել սիրելիին, հակառակ դեպքում ձեր զգացմունքները կարող են սառչել, իսկ կիրքը` մարել:

Տոներից հետո տոնածառը ոչ մի դեպքում դեն մի նետեք, հատկապես` աղբամանների մեջ: Դրանով դուրս եք նետում նաև այն ողջ դրական էներգիան և հաջողությունները, որ պարգևել է ձեզ Նոր տարին: Պարզապես տոնական ծառը խրեք ձյան կամ հողի մեջ:

Որպեսզի գտնեք ձեր երջանկությունը, մեկ րոպեում մաքրեք մանդարինն ու տեղավորեք այն տոնածառի տակ:

Տարին հաջողակ ու երջանիկ կլինի, եթե դեկտեմբերի 31-ին գոնե մեկ անգամ փռշտաք:

Աստղաբանները պնդում են, որ 2016-ը հետաքրքիր ու հաջողություններով լի տարի կլինի կենդանակերպի այն նշանների համար, որոնք հետաքրքրասեր են, ճարպիկ, նախաձեռնող, աշխատասեր: Կապիկը պատրաստ է ձեզ հնարավորություն տալ լավագույնս փոխելու ձեր կյանքը: Մնում է օգտվել դրանից: Իսկ հաջող սկիզբը գործի կեսն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: