Հայերեն   English   Русский  

Մեծահասակները վիրտուալ հարթակում


  
դիտումներ: 548

Ձեր ծնողները խուսափում են նոր տեխնոլոգիաներից, կարծու՞մ են, որ շատ մեծ են նոր բան սովորելու համար: Ուզու՞մ են փորձել, բայց չունեն բավարար վստահությու՞ն: Ուրեմն ուշադիր: Դեկտեմբերի կեսերից Երեւանում մեկնարկած դասընթացները միայն մեծահասակների համար են:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սկսել է համակարգչային դասընթացներ միայն մեծահասակների համար:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրերի ղեկավար Էմիլիա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հասարակության մեծ մասը մեծահասակներն են կազմում, նրանց համար դա անհրաժեշտ է: Միտքը վաղուց կար, եւ ամենակարեւորն այն է, որ այն իրագործվեց:

Դասընթացները սկզբում վճարովի էին, բայց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը որոշեց ֆինանսավորել այս նախագիծն ու այն դարձավ անվճար: Յուրաքանչյուր ոք, ով 50 անց է, կարող է դիմել եւ սովորել ամենակարեւոր եւ օգտակար համակարգչային հմտությունները:

Դասընթացի ընթացքում տարեց ուսանողները ձեռք կբերեն հիմնական համակարգչային գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են առօրյայում:

Էմիլիա Հարությունյանի համոզմամբ սա շատ լավ նախագիծ է, մեծահասակները ոգեւորված են շատ, եւ ապացուցում են, որ երբեք ուշ չէ սովորել:

Դասընթացը կօգնի հասկանալ և կիրառել համակարգչային գործիքներն ու հասկացությունները:

-Հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով,

-Փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ՝ օրինակ՝ նորություններ օգտակար հասցեներ, տարբեր բաղադրատոմսեր ու տեսագրություններ:

-Եվ ի վերջո` տեսազանգերի միջոցով ինքնուրույն կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Էմիլիան վստահ է՝ 10, 20 ժամվա ընթացքում նրանք կսովորեն այն ամենը, ինչի ժամանակը շատ անգամ չունեն նրանց երեխաները:

Դասընթացին գրանցված 14 մասնակցին էլ գրավել են դասերը` համակարգչային սարքավորումներով հագեցած հինգ լսարանները նրանց տրամադրության տակ են:

Անկախը զրուցեց նրանցից մի քանիսի հետ: Արաքսյա տատիկը ուրախ էր, որ կարողացել էր ամենահեշտ քայլերը այդքան արագ յուրացնել, միացնել, անջատել համակարգիչը, օգտվել համացանցից, skayp մտնել եւ այլն: Հովհաննես պապիկը արդեն կարողացել էր word doc.-ում գրառումներ անել, եւ դա խնամքով պահպանել:

Էմիլիայի պնդմամբ մեծահասակները բավականին ակտիվ են եւ ձգտում են ամեն ինչ իմանալ, սովորել, նաեւ օգնում են իրար, դասընթացը շատ ակտիվ է ընթանում:

Նշենք, որ դասընթացը կգործի նաեւ հունվար ամսին՝ հայտերն ընդունվում են ՏՀՏ գերազանցության կենտրոնում: Իսկ ավելի պարզ՝ ԵՊՀ համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի առաջին հարկում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: