Հայերեն   English   Русский  

Վասակ Մամիկոնյան սպարապետը


  
դիտումներ: 9303

«Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու, ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը»: (Փավստոս Բուզանդ)

Վաղ միջնադարյան Հայաստանում Մամիկոնյան տոհմի ուսերին էր դրված հայրենյաց փրկության գործը: Մամիկոնյանները հայոց զորքի սպարապետներն էին. դա նրանց տոհմական իրավունքն ու պարտականությունն էր:

Մամիկոնյան տոհմից շատ անվանի հերոսներ են փայլել հայոց ռազմարվեստի պատմության մեջ: Նրանց մեջ, անշուշտ, իր արժանի տեղն ունի Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ զինակիցը` Վասակ Մամիկոնյան սպարապետը, որի կյանքի վերջին օրերի մասին այդպիսի վկայություն է ավանդել Փավստոս Բուզանդը:
Վասակ սպարապետի ծննդյան թվականն անհայտ է: Նա, ստանձնելով հայոց զորքերի սպարապետությունը, մեծացրեց հայոց բանակը, մասնավորապես` հատուկ ուշադրություն դարձնելով հայոց ծանր զրահավոր այրուձիուն, որ տարածաշրջանում ամենամարտունակն էր ու հայոց ոսոխների սարսափը:
Առհասարակ Վասակ սպարապետը նվիրվածության և տիրասիրության մարմնավորում էր: Հանուն հայրենյաց նա անգամ սպանեց հարազատ եղբորը` Վարդան Մամիկոնյանին: Մամիկոնյան տան նահապետը` Վարդանը, հայոց արքունիքից գաղտնի հարաբերություններ էր սկսել պարսից արքայի հետ` դավաճանելով հայոց պետականությանը:
Իմանալով այդ մասին` Վասակ սպարապետը փութով հասնում է Տայք` Էրախանի ամրոցը, ուր հաստատվել էր եղբայրը: Վարդանը վրան էր զարկել բերդի ստորոտին գտնվող ձորում: Վասակի հրամանով իր թիկնազորը հենց վրանի մոտ սրախողխող է անում դավաճան եղբորը:
Լինելով հայրենանվեր զորական` նա նաև բարեգութ էր հարկ եղած դեպքում, երբ խոսքը վերաբերում էր անմեղներին:
Արշակավանի դեպքերից հետո, հայոց Արշակ թագավորը ծուղակ է պատրաստում դավաճան հայ իշխանների համար, Արմավիրում բոլորին ձերբակալում է և կոտորել տալիս: Բնականաբար, դա արվում է Վասակ սպարապետի ձեռքով, որ անխնա ու դաժան էր ամեն մի դավաճանի հանդեպ: Բայց երբ հայոց արքայի հրամանով սրակոտոր է արվում Կամսարականների ողջ տոհմը` տիրադավության համար, հենց Վասակ Մամիկոնյանն է, որ փախցնում և փրկում է Կամսարականների վերջին շառավիղին` պատանի Սպանդարատին:
Վասակը բազմիցս էր մարտադաշտում ապացուցել իր քաջությունն ու անվեհերությունը: Իսկապես, նրա սրի փայլից դողում էր թե՛ նենգ Հռոմը, թե՛ Պարսկաստանը:
Պարսկա-հռոմեական պատերազմներից մեկի ժամանակ հայոց Արշակ թագավորը, որպես հավատարիմ դաշնակից, օգնության է փութում Շապուհին` մարտի բռնվելու հռոմեական բանակի դեմ: Ճակատամարտը պիտի կայանար Հյուսիսային Միջագետքում` Մծբինի դաշտում: Տեղ հասնելով` հայոց բանակը հռոմեացիներին կազմ ու պատրաստ է տեսնում, իսկ Շապուհի բանակն ուշանում է:
Հայոց բանակը, որ որպես դաշնակից զորք, ըստ էության, սոսկ երկրորդ էշելոնի դեր պիտի կատարեր, չի սպասում Շապուհի հիմնական ուժերի ժամանմանն ու նախահարձակ է լինում: Վասակի ռազմավարական տաղանդը փայլում է: Մեկ օր անց մարտադաշտ ժամանած Շապուհը զարմանքով տեսնում է, որ ողջ դաշտը ծածկված է թշնամու զինվորների դիակներով:
Չկարողանալով թաքցնել իր հիացմունքը` Շապուհ արքան իր հսկայական զորքի դեմ ելույթ է ունենում և ասում. «Համոզված եմ, որ եթե միայն մենք լինեինք արյաց զորքով հույների դեմ կռվողները, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողության հասնել։ Մենք մեր հույսը դրել էինք հայոց և պարսից միացյալ ուժերի վրա։ Իսկ հայոց թագավորը, ահավասիկ, միայն իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս եկավ և այնպիսի քաջության գործեց, որ ուրիշ մեկը անկարող էր։ Արդ, ի՞նչ բարիքներով կարող ենք նրա այս մեծագործությունը հատուցել»։
364 թ. սկսվում են հայ-պարսկական պատերազմները: Պարսից արքան մեծաքանակ զորքերով ներխուժում է Հայաստան: Սակայն հայոց բանակը Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ ոչ միայն ջախջախում է պարսկական զորքերը և դուրս շպրտում երկրից, այլև ինքն է ներխուժում Պարսկաստան ու ավարառության ենթարկում երկիրը:
Վանանդի ճակատամարտում Վասակ Մամիկոնյանն այնպիսի ծուղակ է սարքում պարսից զորավար Հազարվուխտի բանակի համար, որ ճակատամարտից հետո պարսկական բանակից ողջ չի մնում գեթ մեկ զինվոր, որ այս կոտորածի լուրը հասցնի Շապուհին:
364 թ. սկսված այս դաժան պատերազմում շատ արյունահեղ ճակատամարտեր եղան: Մենք նրանց բոլորին չենք անդրադառնա մեկ առ մեկ, այլ կանգ կառնենք մի քանիսի վրա միայն:
364 թ. Վասակ Մամիկոնյանն իր եղբայր Բագոսի հետ 60.000-անոց հայոց բանակով մի քանի ճակատամարտերում պարտության մատնեց պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի մեծաքանակ զորքերին: Ցավոք, ճակատամարտերից մեկի ժամանակ սուրը ձեռքին հերոսաբար ընկավ նաև Բարգոսը:
Պարսից բանակը, գրավելով Դարանաղյաց Անի քաղաքը, կողոպտում է արքունի գանձարանն ու պղծելով հայոց արքաների շիրիմները` նրանց ոսկորները հավաքում է և իր հետ վերցնում` Պարսկաստան տանելու: Դրանով պարսիկները կամենում էին հայերին զրկել իրենց ոգեղեն ուժից ու անպատվել հայոց արքայատունը: Եվ ահա, Վասակ Մամիկոնյան սպարապետն իր 60000-ոց զինավառ բանակով Այրարատում գիշերային անակնկալ հարձակում է գործում պարսկական մեծաքանակ զորքի վրա, սրակոտոր անում շատերին ու ազատում հայոց արքաների ոսկորները:
Նույն թվականին Վասակ սպարապետի հրահանգով Արագածոտնի Աղցք գյուղում դամբարան է կառուցվում, որտեղ ամփոփվում են արքայական ոսկորները:
Պատմիչները վկայում են, որ արքաների ոսկորները մայրաքաղաք չտարան, քանզի քրիստոնյա թագավորների հետ մեկտեղ այնտեղ կային նաև հեթանոս արքաների ոսկորներ: Իրականում այնտեղ չկար և ոչ մի քրիստոնյա թագավորի ոսկոր:
Բանն այն է, որ Արշակի օրոք կույր, բայց ողջ էր նրա հայրը` հայոց Տիրան Արշակունի թագավորը (338-350), իսկ նրա հայրը` Խոսրով Գ Կոտակը (330-338), թաղված էր իր կառուցած Դվին մայրաքաղաքում: Տրդատ Գ-ն (287-331) նույնպես թաղված չէր Անի բերդաքաղաքում:
Այնուհետև, Վասակ սպարապետը հակահարձակ է լինում պարսից վրա ու հայոց այրուձիու ընտրանիով ավերում ու ասպատակ է սփռում պարսից երկրում:
Շապուհը, չկարողանալով ընկճել հայոց ոգին ու այլևս անհնարին համարելով հաղթել այս պատերազմում, դիմում է նենգության: Նա վարազակիր իր մատանիով աղի վրա կնքում ու երդման գիր է տալիս Արշակ հայոց արքային` նրան ու Վասակ սպարապետին հրավիրելով Տիզբոն` հաշտության բանակցությունների:
Տիզբոնում Շապուհը Արշակի և Վասակի համար փառահեղ ընդունելություն էր կազմակերպել: Նա անգամ հայոց Արշակ թագավորին մեծ կալվածքներ է ընծայում Ատրպատականում` ցանկանալով նաև իր դստերը կնության տալ Արշակին: Սակայն դա չէր խանգառում պարսից արքային` երբեմն ստուգել հայոց արքայի ու սպարապետի քաջությունն ու ոգին` նրանց համար ծուղակ լարելով: Մի անգամ հայոց երևելիները այցելում են պարսից արքայի ախոռ` տեսնելու նրա ձիանոցը: Շապուհի ախոռապետը, բնականաբար նախապես ունենալով իր արքայի հրահանգը, արհամարհաբար է վերաբերվում հայոց արքային ու նրան մի խուրձ առաջարկելով` ասում. «Նստիր, հայոց այծերի թագավոր»: Վասակի պատասխանը չի ուշանում. նա անմիջապես սրատում է հանդուգն սրիկային:
Շապուհին այլ բան չէր մնում անել, քան գովել Վասակի քաջությունն ու տիրասիրությունը:
Շուտով Շապուհը բացահայտում է իր իրական նպատակները: Տեսնելով, որ հայոց Արշակ թագավորը հնազանդորեն չի լծվի պարսից ռազմական սայլին, նրան բանտարկում է Խուժիստանի Անհուշ բերդում:
Ապա Տիզբոնի արքունական հրապարակում դատ է բացում Վասակ սպարապետի դեմ: Ներկա էին պարսիկ ազնվականները, հասարակ ժողովուրդը: Դատի նկարագրությունը տվեցինք վերևում` մեջբերելով Փավստոս Բուզանդին:
Շապուհի հրամանով Վասակ սպարապետին մորթում են, մարմինը մորթազերծ անում և դնում Արշակ արքայի բանտային խցում` ի տես և ի ցավ նրա:
Մի քանի տարի անց Վասակ Մամիկոնյանի քաջ որդին` Մուշեղ Մամիկոնյանը, Շապուհից արժանավայել կառնի իր հոր վրեժը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: