Հայերեն   English   Русский  

Երկու ամերիկյան նավ է վերցվել Իրանի ջրային սահմանը հատելու համար


  
դիտումներ: 722

Միացյալ Նահանգները փորձում է հետ վերադարձնել երկու ռազմածովային նավերը և դրանց վրա գտնվող 10 նավաստիներին, որոնք առավոտյան հատել են Իրանի ջրային սահմանը և կալանվել են իրանական ոստիկանության կողմից:

Ամերիկյան նավատորմի երկու նավերի հետ կապի ընդհատումից հետո ԱՄՆ-ի պաշտոնյաները կապ են հաստատել իրանական իշխանությունների հետ, ովքեր իրենց հերթին տեղեկացրել են անձնակազմի անվտանգության և բարեկեցության մասին:

Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը ասել է Associated Press լրատվական գործակալությանը, որ նավերը գտնվել են Քուվեյթի և Բահրեյնի միջև, երբ կապն ընդհատվել է:

«Մենք արդեն դիմել ենք Իրանի համապատասխան կառույցներին և ստացել հավաստիացումներ, որ նավերը և անձնակազմը անհապաղ կվերադարձվեն», - նշել է Քուքն իր խոսքում:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Պարսից ծոցում գտնվող և Իրանին պատկանող Ֆարսի կղզու մոտակայքում, հավելելով, որ նավերից մեկն ունեցել է տեխնիկական խնդիր, ինչի պատճառով ստիպված է եղել մուտք գործել Իրանի տարածք:

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նավերը կրել են «ծանր զենք»:

Վաշինգտոնում Ալ-Ջազիրայի թղթակիցը հայտնում է, որ դեռ հայտնի չէ, թե երբ Իրանը բաց կթողնի նավերը և 10 նավաստիներին:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից օրեր առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: