Հայերեն   English   Русский  

Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակային ամեն փոփոխության


  
դիտումներ: 579

Նավթի գների անկման հետևանքով հարևան երկրի ապագան մշուշոտ է, իսկ Հայաստանը դրա հետևանքով, հնարավոր է, ընտրության առջև կանգնի, թե որն է առավել ձեռնտու տարբերակը՝ «համեմատաբար կանխատեսելի Ադրբեջանը և ներկա բանակցային իմիտացիան», թե՝ «անկայուն ու արկածախնդիր Ադրբեջանն ու նախահարձակ անվտանգության կոնցեպտը»:

Ֆեյսբուքյան իր էջում տարածաշրջանում ստեղծված այս իրադրության վերլուծական է ներկայացնում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Նավթի գինը հասել է 27-28 դոլարի ու հավանաբար էլ ավելի կարող է իջնել: Որպես սրա ուղղակի հետևանք՝ իրավիճակը հարևան Ադրբեջանում բավական սրվել է: Այն, ինչ նախկինում հնարավոր չէր պատկերացնել այդ երկրում, այսօր կարծես դարձել է օրինաչափ: Խոսքը Ադրբեջանի տարբեր՝ Սիազանի, Լենքորանի, Աղջաբեդիի, Ֆիզուլիի և մի շարք այլ շրջաններում զանգվածային դժգոհության ցույցերի, իրավապահների հետ տեղային բախումների մասին է»,- գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Նավթի գների անկման, մանաթի գերարժեզրկման ու երկրում սոցիալական վիճակի ծայրահեղ վատացման ֆոնի ներքո սպասելի էր, որ հայ/ԼՂՀ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կլարվի: Վերջին տարիներին դա օրինաչափ էր, երբ Ադրբեջանում ի հայտ են գալիս ինչ-որ սուր խնդիրներ կապված իշխանության հեղինակության կամ հասարակական կարևորության ինչ-որ հարցերի հետ, շփման գծի տարբեր հատվածներում իրավիճակը էականորեն սրվում է: Սակայն, եթե դիտարկենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունները շփման գծում իրավիճակի վերաբերյալ, ապա նման պատկերի ականատես չենք լինի. իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է, այսինքն կրակոցներ կան, սակայն նրանց քանակը համադրելի չէ նախորդ տարի արձանագրված քանակի հետ: Ուրեմն ի՞նչ, միգուցե փոխվել է գործողության պարադիգմը, թե՞ հարևան երկրի ղեկավարությունը զգուշանում է չսադրել հայկական կողմին, քանի որ դա կարող է իր համար այս իրավիճակում ծայրահեղ վտանգավոր լինել:

Վերոնշյալի հիմքով կարող են ենթադրել, որ միգուցե գործերը Ադրբեջանում ու Ի.Ալիևի մոտ ավելի վատ են, քան մենք կարծում ենք: Նա, փաստորեն, չի գնում սահմանային սրման, ունենալով ինչ-ինչ մտավախություններ կապված դրա հետևանքով կանխատեսելի զոհերի հանգամանքի հետ: Սահմանային կորուստները առկա սոցիալ-քաղաքական լարված իրավիճակում կարող են հավելյալ զանգվածային դժգոհությունների ալիք բարձրացնել՝ հանգեցնելով Իլհամի թիմի համար անկանխատեսելի հետևանքների: Իհարկե, սա չի նշանակում, թե Ալիևի դիրքերը այնքան են թուլացել, որ ցույցերի/միտինգների արդյունքում նա իշխանությունը կհանձնի ինչ-որ ուժի: Վերոնշյալը փաստում է մեկ այլ հանգամանքի մասին. այսօրվա Ադրբեջանում իրավիճակ ու մոտեցումներ փոխելու հնարավորություն է ստեղծվել, որից քաղաքացիները կամ որոշ քաղաքական ուժեր կարող են օգտվել: Իսկ դա գործող ռեժիմի համար վտանգավոր է:

Եթե այսօր Ադրբեջանում ցույցերը են, ուրեմն հանրային գիտակցության մեջ կա որոշակի տեղաշարժ, որը կարող է զանգվածային քաղաքական գործընթացների հիմք հանդիսանալ: Մյուս կողմից մամուլում ակտիվ շրջանառվում են Ադրբեջանում ապրող տարբեր էթնիկ տարբեր փոքրամասնությունների ակտիվացման մասին լուրեր: Եթե դժգոհությունների ալիքը ոչ միայն չմարի, այլ նաև սրվի, ապա էթնիկ փոքրամասնությունների գործոնը վստահաբար կգործարկվի (իհարկե ոչ առանց արտաքին միջամտության): Սա նոր «հեռանկար» կբացի Ադրբեջան պետության համար:

Վերոնշյալ իրավիճակում մեր անելիքը բավական բարդ է: Նախ, հաշվի առնելով բազմաթիվ ռեգիոնալ ու գլոբալ իրողություններ, պետք հասկանալ ու ֆիսքել, թե մեզ համար առավել ձեռնտու տարբերակը որն է. «համեմատաբար կանխատեսելի Ադրբեջանը և ներկա բանակցային իմիտացիան», թե՝ «անկայուն ու արկածախնդիր Ադրբեջանն ու նախահարձակ անվտանգության կոնցեպտը»: Միգուցե տարանջատումը խիստ է, սակայն տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացներում մենք ընտրության շատ տարբերակներ չունենք:

Այս պայմաններում կա մեկ խիստ կարևոր հանգամանք. եթե հանկարծ մենք հասկանանք, որ իրավիճակը Ադրբեջանում գնում է անկայունության էական աճին, ու դա հեռանկարում կարող է հանգեցնել նրա կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա օգտվելով առկա անկայուն իրավիճակից, հավանաբար պետք է առաջինը հարվածենք՝ գիտակցելով այդ քայլից բխող բոլոր հնարավոր ռիսկերը, կորուստները, արձագանքները մեր ու մեր երկրի համար:

Վերջիվերջով ինչպես ասում էր «դասականը» ...եթե պարզ է, որ պատերազմը/կռիվը անխուսափելի է, ապա պետք է առաջինը հարվածել...»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: