Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները կմասնակցեն Բուլղարիայում և Թուրքիայում կայանալիք մրցաշարերին


  
դիտումներ: 715

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի «Հավաքականների մարզումային կենտրոնում»: Այս մասին հաղորդում է Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ինչպես տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, այն կտևի մինչև հունվարի 28-ը, որտեղից էլ հավաքականի հիմնական կորիզը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու հունվարի 28-31-ը Սոֆիայում կայանալիք Դան Կոլով և Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին: Բուլղարիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Հավաքականի գլխավոր մարզչին Սոֆիայում կօգնեն Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը, իսկ Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի որպես մրցավար: Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց նաև, որ նույն ժամանակահատվածում Արսեն և Արամ Ջուլֆալակյանները Արամ Գասպարյանի գլխավորությամբ Ստամբուլում կմասնակցեն ևս մեկ շատ ուժեղ մրցաշարի:

Իսկ թե ինչու է այսպիսի որոշում կայացվել, հավաքականի գլխավոր մարզիչը բացատրեց. «Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվելու է Ստամբուլում: Եվ քանի որ այս մրցաշարին պատրաստվում եմ մասնակցել Արսենի հիմնական մրցակիցները, ուստի նպատակահարմար գտանք նրան ուղարկել Թուրքիա, որպեսզի և՛ ծանոթ լինի մարզադահլիճում տիրող մթնոլորտին, և զգա իր մոտակա մրցակիցների ներուժը: Արամ Ջուլֆալակյանն էլ նրան օգնելու է մարզումային գործընթացում»:

Իսկ ահա Սոֆիայում 59 կգ և 85 կգ քաշային կարգերում համապատասխանաբար երեք և երկու ըմբիշով մասնակցությունը հիմնականում պայմանավորված է այդ քաշային կարգերում առաջատարներին որոշելու համար: Միհրան Հարությունյանն էլ 66 կգ-ի փոխարեն կմասնակցի 71 կգ քաշային կարգում, քանի որ կարիք չկա ավելորդ անգամ քաշ գցել: Հիշեցնենք, որ հայ ըմբիշների համար այս տարվա գլխավոր ստուգատեսը Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: