Հայերեն   English   Русский  

​«ՄԵԶ ՄԻԱՎՈՐԵՑ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ»,- ասում են սփյուռքահայ Աշխենն ու Արարատը


  
դիտումներ: 1898

Սուրբ Սարգիս զորավարի տոնը մեր երկրում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում:

Ժողովրդական ավանդույթներից մեկն այն է, որ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի ավանդույթներից է փոխինդով կամ ալյուրով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության՝՝ Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանան երիտասարդի երազանքները:

Սփյուռքահայ Արարատի ու Աշխենի երազանքը կատարվեց մի օրում: Երիտասարդները ծանոթացան եկեղեցում, Սբ. Սարգսի տոնին նվիրված պատարագի ժամանակ և սիրահարվեցին առաջին հայացքից:

ԻՆՉՊԵ՞Ս ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՆԾԱՆՈԹ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ

Սփյուռքահայ Արարատն ու Աշխենը աշխարհի տարբեր ծայրերից սովորելու նպատակով եկան Հայաստան: Երկուսն էլ ընդունվեցին Երևանի պետական համալսարան ու այն ավարտեցին գերազանցության կարմիր դիպլոմով:

Աշխենը մասնագիտությամբ բանասեր է, Արարատը՝ մաթեմատիկոս:

Նրանք իրենց սիրո պատմությունը ներկայացրին «Անկախ» շաբաթաթերթին:

- Երկու տարի առաջ գնացել էի Սբ. Գայանե եկեղեցի՝ պատարագին մասնակցելու: Ինչո՞ւ Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցի, որովհետև երբ առաջին անգամ եկա Հայաստան, գնացի հենց այնտեղ աղոթելու: Մինչ այդ լսել էի, որ Սբ. Գայանե եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրերից է, կառուցվել է 630 թ., Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա,- ոգևորությամբ պատմում է Աշխենը:- Այդ օրը դեպի եկեղեցի տանող ճանապարհին հանդիպեցի Արարատին: Նա կարծես ճանապարհին մոլորվել էր: Մոտեցավ ու հարցրեց, թե որտեղ է գտնվում Սբ. Գայանե եկեղեցին: Միանգամից հասկացա, որ տեղացի չէ, ու ասացի, որ ես հենց այնտեղ եմ գնում:

Աշխենն ասում է, որ իրենք ծանոթացան և մինչ եկեղեցի հասնելը՝ զրույցի բռնվեցին:

Առաջին հայացքից երիտասարդները տպավորվեցին իրարով, ինչը պատահական չէր: Սբ. Սարգիս զորավարի տոնին ընդառաջ սփյուռքահայերը նույն նպատակով էին եկեղեցի գնացել՝ աղոթելու, որ սիրո բարեխոսն իրենց երջանկություն բերի:

- Արարատի խնդրանքով՝ մենք միասին վերադարձանք Երևան, նա այնքան էլ լավ ծանոթ չէր տեղանքին: Երկար զբոսնեցինք երեկոյան Երևանում, իրար պատմեցինք մեր մասին: Հետո Արարատը խնդրեց իմ կոորդինատները՝ կապ պահպանելու համար,- ասում է Աշխենը:

ՍԵՐ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ

Աշխենն ու Արարատը նախ գտան իրար համացանցի սոցիալական հարթակում, ընկերացան ու զրույցի բռնվեցին: Բայց քանի որ մաթեմատիկոս Արարատն այնքան էլ սոցիալական ցանցերի սեր չուներ, որոշեցին հանդիպել:

- Առաջին անգամ հանդիպեցինք Երևանի Սիրահարների այգում: Արարատն ասաց. «Երևի պատահական չէ. մեզ սերն է միացնում»: Այդ օրը նա ինձ առաջարկեց, որ ընկերություն անենք: Դա ինձ համար շատ անսպասելի էր,- ասում է Աշխենը,- շատ չէր անցել երևի, երբ մի պատահական օր էլ Արարատն ինձ ամուսնության առաջարկ արեց:

- Ես հասկացա, որ մենք իրար համար են ստեղծվել: Ոչինչ կյանքում պատահական չի լինում, մեր դեպքում էլ այդ առեղծվածային հանդիպումը հոգևոր քաղաքում պատահական չէր,- ասում է քչախոս Արարատը,- երևի ընդամենը 6 ամիս շփվեցինք ու ամուսնացանք:

Սփյուռքահայ երիտասարդները որոշեցին իրենց միությունն ամրագրել հենց այն եկեղեցում, որտեղ էլ գտել էին իրար:

- Մենք դիմեցինք մեր հոգևորական ընկերոջը: Նա մեզ ծանոթացրեց հայկական ավանդական ամուսնության կարգին, թե ինչպես պետք է պսակվել եկեղեցում ու ամուսնությունը հաստատել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում,- շարունակում է Աշխենը:- Երևի միայն մի բան իսկական հայերի պես չենք արել: Մեր ամուսնությունը չնշեցինք ռեստորանում, այլ մեր ընկերներով գնացինք Երևանի փաբերից մեկն ու այնտեղ լավ ուրախացանք: Փաստորեն, մեզ միավորեց սիրո բարեխոս Սբ. Սարգիսը:

Աշխենն ու Արարատը շարունակում են ապրել ու աշխատել Երևանում: Այս տարի պատրաստվում են երեխա ունենալ: Ասում են՝ կարոտում են իրենց ծնողներին, ընկերներին, բայց չեն պատրաստվում երկար ժամանակով լքել Հայաստանը:

- Մենք Հայաստանում՝ մեր հայրենիքում չենք ծնվել, ծնվել ենք այլ երկրում, սակայն պահպանել ենք հայի ավանդույթները, խոսքն ու լեզուն, մշակույթը: Մեր մանկության քաղցն այսօր լրացնում ենք մեր հայրենիքում ապրելով ու աշխատելով:

ՊԱՏՄՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Սուրբ Սարգիսը նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզնից, իրականություն դարձրու»: Այսինքն՝ դա մեծագույն սիրո դրսևորում է, նա այնքան խորը նվիրյալ քրիստոնյա է, որ չի մտածում՝ Աստված իրեն այս չարչարանքներից հեռու պահի կամ փրկի, ասում է՝ երբ ինքը նահատակվի, կլինի Աստծո հավատարիմ զինվորը, սակայն այն բոլոր քրիստոնյաները, որոնք նեղության մեջ կլինեն և իր անունը կտան աղոթքի ժամանակ, Աստված լսի նրանց: Ահա այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին նրան դարեր շարունակ իբրև սիրո բարեխոս է ընդունել, և Սուրբ Սարգսի տոնն էլ կոչվում է Սիրո տոն, «Անկախ» շաբաթաթերթի հետ զրույցում նշեց վանահայր Տեր Շնորհքը և մեր խնդրանքով ավելի մանրամասն պատմեց Սուրբ Սարգսի մասին:

- Սուրբ Սարգիսը հայ եկեղեցու սրբերից մեկն է, ծնվել է IV դարում և ազգությամբ հայ չի եղել: Նա միայն հայ եկեղեցու կողմից է ընդունված որպես սուրբ. ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները չեն ընդունում Սուրբ Սարգսին: Նա գործել և նահատակվել է Հայաստանում: Հուլիանոս կայսեր ժամանակ Բյուզանդական կայսրության մեջ կարևոր զորավարներից մեկն է եղել, և չնայած արդեն 311 թվականին քրիստոնեությունն ամբողջ աշխարհում համարվում էր ընդունելի կրոն, Հուլիանոս կայսրը, երբ գահ բարձրացավ (կրթություն էր ստացել Աթենքում), մտածում էր, որ հին աստվածները ոչնչով պակաս չեն քրիստոնեությունից: Այս մտածմունքներով նա սկսեց քրիստոնեությունը հալածել, որպեսզի նորից հեթանոսությունը թատերաբեմ բերի: Պալատական խավում շատերը ծպտված քրիստոնյա էին, մյուսները՝ ոչ, բայց Սուրբ Սարգիսը միակ զորավարն էր, որ բացեիբաց հայտնեց իր քրիստոնյա լինելը և ասաց, որ չի էլ պատրաստվում ուրանալ Քրիստոսին: Նրան սկսեցին հալածել, և նա իր 14 զինվորների հետ տեղափոխվեց արևելյան շրջան՝ Հայաստան: Այստեղ որոշ ժամանակ մնալով՝ հայ թագավորների մոտ ծառայության անցավ, սակայն քանի որ այն ժամանակ Բյուզանդական կայսրությունն էր իշխում, և Հայաստանն էլ որոշ չափով ենթակա էր այդ կայսրությանը, Հուլիանոս կայսրը դիմեց Հայաստանին, որ Սուրբ Սարգսին վերադարձնեն Բյուզանդիա, որովհետև նա դավաճան է:

Հայ թագավորները, որոնք նույնպես քրիստոնյա էին, խնդրեցին, որ Սուրբ Սարգիսը Հայաստանից հեռանա, որպեսզի Հայաստանը Բյուզանդական կայսրության հետ խնդիրներ չունենա: Ստիպված, Սուրբ Սարգիսն իր զինվորների հետ ծառայության անցավ Պարսից թագավորի մոտ: Երբ Պարսկաստանում դարձավ զորավար, մասնակցեց ռազմական գործողությունների և շատ հրաշքներ գործեց,- պատմեց հոգևորականը:

ԱԶԳԱԳՐԱԳԵՏԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Ազգագրագետ Ստելլա Նուբարյանն էլ այն կարծիքին է, որ մենք՝ հայերս, պետք է տոնենք միայն Սբ. Սարգսի տոնը: Նա ցավով է նշում, որ մեր երիտասարդությունը դեռ շարունակում է նշել Սբ. Վալենտինի տոնը.

- Ես, որպես ազգագրագետ, խրախուսում եմ մեր՝ հայկական տոները: Երբեմն նաև ցավում եմ, որ տոները մեր երկրում հավուր պատշաճի չեն նշվում: Միգուցե տեղեկատվության պակասից է, որ մեր տոներին սովորաբար խառնում ենք նաև այլ ժողովուրդներից վերցված ավանդույթները:

Ազգագրագետը մեր խնդրանքով մի լեգենդ պատմեց Սուրբ Սարգսի մասին:

- Աղքատ աշուղը սիրում է մի մեծահարուստի աղջկա: Աղջիկն էլ սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն՝ աշխատելու: Սակայն մինչ այդ երիտասարդն իր սիրած էակից խոստում է առնում՝ յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ցանկությամբ: Յոթ տարի աշխատելով՝ աշուղը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքներով և խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին: Եվ նա ազնիվ սրտով ու արդար մտքով աղոթում է Սբ. Սարգսին՝ հայցելով արագահաս սրբի օգնությունը:

Սբ. Սարգիսը, լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: