Հայերեն   English   Русский  

​Պատմության մի կարևոր դրվագ մոռացումից փրկած թանգարանագետը


  
դիտումներ: 3121

Մոտենում էր 1984 թվականի ապրիլ ամիսը: Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող և ավանդապահ Կարինե Ավագյանը մտորումների մեջ էր: Նա միշտ էր մեծ ուշադրությամբ ու բծախնդրությամբ վերաբերվում Հայոց ցեղասպանության թեմային: Մտածում էր՝ այս անգամ Ցեղասպանության հիշատակմանը նվիրված պատի թերթի համար ինչ նոր թեմա գտնի, որ լուրջ նյութ դառնա, հետաքրքրի և գրավի այցելուներին: Բաժնի վարիչը խորհուրդ է տալիս օգտագործել թանգարանի XIX դարավերջի և XX դարասկզբի զարդարվեստը ներկայացնող ցուցափեղկում ցուցադրված համրիչը (թզբեհ)։ Դա մի իր էր, որն անչափ կարևոր տեղեկություն էր հաղորդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Կարինե Ավագյանի համար այդ համրիչն իսկական հայտնություն էր: Դա նրան ուսումնասիրման անսպառ նյութ է տալիս, պատմության նորահայտ էջեր բացում` դառնալով նրա կյանքի գործը:

Բանն այն է, որ 99 հատիկից բաղկացած համրիչի հատիկների վրա փորագրված էր 103 ազգանուն (հատիկներից մեկի վրա փորագրված էր Լևոն 2, մյուսի վրա՝ Օհնիկիանք 4) աքսորյալ-նահատակ Վարդերես մուխթարի (թաղապետ) ձեռքով, որը 71-րդ հատիկի վրա փորագրել էր նաև իր անունը։ Դրանք պոլսահայ այն երևելիների անուններն էին, որոնք 1915 թվականի ապրիլի 11-ին (նոր տոմարով` 24) ձերբակալվել էին երիտթուրքական վարչակարգի կողմից և աքսորվել Չանղրը: Համրիչի հատիկների շարքը կապող քարի վրա գրված էր. «Չանղրըի, 1915, Ապրիլի 11, Յիշատակ»: Նրանց մեջ էին Կոմիտասը, Գասպար Չերազը,Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ անվանի հայեր:

Կարինե Ավագյան

Համրիչը 1965 թվականին Պատմության պետական թանգարանին էր նվիրել Վարդերես մուխթարի դուստրը` Էժենի Աթանասյան-Գյուլբոլյանը, որը 1946 թվականին ամուսնու և մոր հետ Ֆրանսիայից ներգաղթել էր Հայաստան:

Էժենին պատմել է. «Մի օր մեկը դուռը թակեց, մտավ մեր տուն, առանձնացան մայրիկի հետ, բայց խոսակցությունից ոչինչ չգիտեմ, քանի որ երեխաները մեծերի խոսակցությանը չէին կարող մասնակցել: Նրա գնալուց հետո մեզ մնում է այս Մասունքը»: Մասունքն այդ համրիչն էր: Իսկ հորից այլևս ոչ մի լուր չեն ստանում, նա նահատակվել էր։

Եվ ահա առաջին անգամ համրիչի վերաբերյալ հանրությանն առավել լայն տեղեկություն է տրվում Կարինե Ավագյանի կողմից պատրաստված պատի թերթի միջոցով: Նա նախ համարակալում է անունները` հետագայում աղբյուրներից օգտվելու համար: Գիտաշխատողը հիշում է. «Համրիչի լուսանկարը տեղադրեցի պատի թերթում և այն մակագրեցի «Վերագտնված մասունք»։

Գրեթե 20 տարի համրիչը գտնվել էր թանգարանում, սակայն միայն նոր էր հասարակությանը ներկայացվում դրա իսկական բովանդակությունը: Ավելին, երբ գիտաշխատողն առաջին անգամ փորձում է համրիչի վերաբերյալ տեղեկություններ հավաքել, զարմանքով պարզում է, որ անգամ թանգարանում դրա վերաբերյալ լուրջ տեղեկություններ չկան, եղածն էլ թերի է: «Համրիչի մասին տեղեկություն կար, որ այն պատրաստել է աքսորյալ Վարդերեսյանը: Սակայն 71-րդ հատի վրա փորագրված էր` Վարդերես մուխթար: Հասկացա, որ խոսքը նույն մարդու մասին է: Մինչդեռ թանգարան մուտքագրված յուրաքանչյուր առարկա ունի իր անձնագիրը, որում ամփոփվում են հիմնական տեղեկությունները, և զարմանալիորեն համրիչը փորագրողը ներկայացված էր Վարդերեսյան»:

Կարինե Ավագյանի համար սարսափելի էր գիտակցել, որ նման առարկան, որը աքսորյալը գաղտնի կարողացել էր ուղարկել իր հարազատներին, և որը ներառում էր այնքան կարևոր փաստագրություն, կարող էր նման անփույթ վերաբերմունքի արժանանալ: Ահա թե ինչու է նա իր պատի թերթում վերնագրում այն «Վերագտնված մասունք»: Ճիշտ է` Կարինե Ավագյանն այդ վերնագրի համար աշխատավայրում իր համար խնդիրներ էր ստեղծում, սակայն նրա համար սկզբունքային հարց էր մասունքն իր իսկական բովանդակությամբ ու ողջ խորությամբ հանրությանը ներկայացնելը:

Չանղրի աքսորականները

Այդ օրվանից անցնում են տարիներ... Կարինե Ավագյանը չէր մոռանում համրիչի մասին, սակայն դրա հատիկներից յուրաքանչյուրի վրա փորագրված անունների հետքերով գնալու և պատմական փաստեր հայտնաբերելու առիթ է դառնում այն, որ 1991 թ. նա գրախանութում պատահաբար տեսնում է «Հայ Գողգոթա» գիրքը, որի հեղինակի՝ Գրիգորիս ծայրագույն վարդապետ Պալաքյանի ազգանունն արձանագրված էր համրիչի 99-րդ հատիկի վրա։ (Գիրքը նվիրված է աքսորված մտավորականների հիշատակին, որտեղ սակայն նշված են Չանղրը աքսորվածներից միայն 69-ի և Այաշ աքսորվածներից 62-ի անունները:)

Ի դեպ, հայ ազգային կուսակցական գործիչներին, աքսորի ճանապարհի կեսից առանձնացնելով, քշել են Այաշ:

«Ես անմիջապես վերցրի գիրքը և սկսեցի ուսումնասիրել, խորանալ և բացի համրիչի վրա նշված անուններից, ուսումնասիրեցի նաև Այաշի աքսորականների ճակատագրերը»,- պատմում է նա:

Եթե աքսորից փրկված Գրիգորիս Պալաքյանը վերադարձից հետո 69 աքսորականի մասին էր գրել` ափսոսանք հայտնելով, որ դա աքսորյալների կեսն է, ապա Կարինե Ավագյանը, 1991 թվականից սկսած, գտել և ուսումասիրել է Չանղրըի 120-ից ավելի և Այաշի 90-ից ավելի աքսորականի ճակատագիր:

Արխիվներ, գրադարաններ, անքուն գիշերներ` մոմի լույսի տակ: Գիտաշխատողը պատմության փակ էջեր էր բացում: Անգամ համրիչի վրա եղած որևէ ազգանուն պատահաբար ռադիոյով լսելու դեպքում գնում էր դրա հետքերով: Հարյուրավոր ազգանունների հետքերով էր գնում, և հարյուրից մեկը կարող էր կապ ունենալ համրիչի հետ:

Կարինե Ավագյանն իր վերագտնված մասունքի վերաբերյալ 1995 թվականին «Ազգ» օրաթերթում հրապարակում է հայտ համայն Սփյուռքին, որպեսզի Սփյուռքում ևս տեղյակ լինեն համրիչի գոյության մասին: Նա հույս ուներ, որ Սփյուռքից ստացված արձագանքները կօգնեն իրեն ավելի լայն տեղեկություններ հավաքելու համրիչի վրա նշված աքսորականների մասին: Եվ իսկապես, արձագանքները չեն ուշանում` լրացնելով ու հարստացնելով նրա ուսումնասիրությունները: Նույն թվականին «Գարուն» ամսագրում լույս է տեսնում վերաբերյալ «Անզուգական ցուցանմուշ կամ վերագտնված մասունք» նրա առաջին հոդվածը, իսկ 2002 թ. այդ ողջ աշխատանքն ամփոփվում է «Եղեռնահուշ Մասունք կամ Խոստովանողք և Վկայք Խաչի» պատմագիտական աշխատանքում: Հեղինակն իր գրքի վերնագրում էլ որևէ բառ պատահական չէր ընտրել: «Քրիստոնեության տարածման շրջանում բոլոր նրանք, ովքեր խոստովանում էին իրենց քրիստոնյա լինելը չարչարանքներով, կոչվում էին խոստովանողք, իսկ նրանք, ովքեր արյամբ էին վկայում իրենց քրիստոնյա լինելը, կոչվում էին վկաներ, ինչպես Ստեփանոս նախավկան- ասում է նա:- Այս տարի մեծ շուքով սրբադասեցին Ցեղասպանության նահատակներին, բայց փաստորեն դեռևս 2002 թվականին իմ գրքի վերնագիրն արդեն ուներ այդ խորհուրդը»:

Եղեռնահուշ մասունք

Գրքի լույս ընծայմամբ, սակայն, չեն ավարտվում պրպտումները: Կարինե Ավագյանն իր միջոցներով այցելում է հայահոծ գաղթօջախներ` Հալեպ, Բեյրութ, անգամ ոճրի բնօրրան Պոլիս (Ստամբուլ), հասնում Դեր-Զոր, ուսումնասիրություններ կատարում գրդարաններում, Անթիլիասի մատենադարանում և ամեն անգամ վերադառնում հսկայական կապոց-թղթերով, որոնք հատ-հատ պետք է ուսումնասիրվեին ու ի մի բերվեին այս անհայտ պատմության հսկա հանրագիտարանում: Գրքի հրատարակումից հետո նա այնքան նյութ է հավաքում և հոդվածներով հրատարակում, որ գիրքը կրկնակի ծավալով կարող է վերահրատարակվել:

Կարինե Ավագյանն այսօր վատառողջ է և ցավոք այս պահին այդ ուղղությամբ ուսումնասիրությունները դադարեցրել է, սակայն հնագետ- պատմաբան- թանգարանագետը դեռ շատ անելիքներ ունի: Երևի հնարավոր չէ գտնել մեկ այլ դեպք, երբ մի առարկայի վերաբերյալ նման հսկայածավալ աշխատանք է կատարվում ընդամենը մեկ գիտաշխատողի կողմից:

Արտաքուստ ուժեղ, բայց էությամբ փխրուն այս կինը, որի մանկության երազանքն էր ընդունվել թատերական ինստիտուտ, դառնալ դերասանուհի, հավանաբար նախախնամության պահանջով ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժին ու հայտնվեց Հայաստանի պատմության պետական թանգարանում, որպեսզի բացահայտի առերևույթ մի աննշան ու անշուք թվացող առարկայի մեջ թաքնված խորհուրդը: «Ես պետք է դա տեսնեի, իմ արյան կանչով դա զգայի ու պիտի թողնեի իմ հնագիտական կարիերա կոչվածը և զբաղվեի դրանով: Հենց այնպես կյանքում ոչինչի չի լինում»,-եզրակացնում է նա:

1976 թվականից աշխատելով Հայաստանի պատմության թանգարանում` նա զուգահեռ այնպիսի բազմակողմանի գործունեությամբ է զբաղվել, որը մեկ հոդվածում դժվար է ամբողջությամբ ներկայացնել: Թանգարանում աշխատելուն զուգահեռ նա գերազանց ավարտել է Երևանի օտար լեզուների երկամյա դասընթացների ֆրանսերենի բաժինը և այդ հրաշալի լեզվից ստացած գիտելիքներով ֆրանսիական պոեզիայից ծաղկաքաղ է արել ու «Հավերժի թրթիռներ» վերնագրով թարգմանությունների ժողովածուն ներկայացրել հայ հանրությանը: Կարինե Ավագյանի բանաստեղծական տաղանդն արդեն իսկ արտահայտվել էր երկու այլ ժողովածուներով` «Գերադասելին` Փշեպսակը» և «Սիրում ենք` կանք»: Ի դեպ, նրա գեղագիտական ճաշակն այնքան նուրբ ու խորն էր, որ անձամբ էր իր գրքերի շապիկները ձևավորում` յուրաքանչյուրի համար ընտրելով տվյալ հոգեվիճակին համապատասխան նկար ու վերնագիր:

1985 թվականին նա աշխատանքին զուգահեռ ավարտում է նաև Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը` չնայած հոգով միշտ դեմ էր կոմունիզմին: Դա էր պատճառը, որ երբ պատմության թանգարանում իրեն առաջարկում են ընդունվել այդ համալսարան, մի պայման է դնում` միայն գեղագիտության բաժին, չնայած այդ բաժին կարող էին ընդունվել, ասենք, պատկերասրահի, արվեստի, թատրոնի ոլորտի աշխատողները: «Ես սովետի պրոպագանդիստը չեմ»,-ասում է Կարինեն և ընդունվում գեղագիտության բաժին:

1996 թվականից Կարինե Ավագյանը Ժուռնալիստների միության անդամ է: Նա բազմաթիվ գիտական հոդվածներով ու վերլուծություններով թղթակցել է ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի հայտնի թերթերին ու գիտական հանդեսներին, բազմաթիվ միջազգային ու հանրապետական գիտաժողովներում հանդես եկել զեկուցումներով: Այդ ամենին զուգահեռ, նա երբևէ չի թողնում իր բուն մասնագիտությունը` հնագիտությունը, հանդես է գալիս հնագիտական, թանգարանի հնագիտության բաժնի 1986-1997 թթ. ժամանակավոր ցուցադրությունների վերաբերյալ գիտահանրամատչելի հոդվածներով:

«Թանգարանագետ դառնում ես, եթե ստեղծագործաբար և ամենայն պատասխանատվությամբ ես մոտենում գործիդ, թե չէ այսօր շատերն են մեդալներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր ստանում: Ես չկամ դրանց մեջ, խորթ եմ այսօրվան, այսօրվա չափանիշներին: Աշխատել եմ անշահախնդիր, նվիրումով, դրա համար էլ նման արդյունքի եմ հասել: Կարևորը սկզբունքային վերաբերմունքն է գործին, քանզի համոզված եմ, որ ոչ մի տիտղոս չարժի Մարդ կոչումին»,- ելնելով շուրջ չորս տասնամյակի թանգարանային գործունեության փորձից ` ասում է հայոց պատմության արյունալի տարեգրության մի կարևոր դրվագ մոռացումից փրկած թանգարանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: