Հայերեն   English   Русский  

«Աշուղ Ղարիբ» հեքիաթի հիման վրա ստեղծվել է Հայաստանում առաջին ժողովրդական օպերան


  
դիտումներ: 2467

Հայաստանում ստեղծվել է առաջին ժողովրդական օպերան:

Դրա հեղինակներն են Սմբատ Խալաթյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը:

Ստեղծագործությունը հիմնված է «Աշուղ Ղարիբ» հեքիաթի վրա և բաղկացած է երկու գործողությունից:

«Օպերա հասկացությունը արվեստի մի տեսակ է, որում համադրվում են մի քանի արվեստներ՝ պար, թատրոն, երաժշտություն և այլն: Դրա տարատեսակներից մեկը ժողովրդական օպերան է, որը մեզանում չկա: Սակայն հարևան ազգերը, այդ թվում՝ աբխազները, վրացիները, թուրքմեններն ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սմբատ Խալաթյանը:

Նրա խոսքով՝ եթե դասական օպերան լայն հանրության շատ հասու չէ, ապա նույնը չի կարելի ասել ժողովրդականի մասին:

«Ժողովրդական օպերան բերում նույնն երևույթները գեղեցիկ դեկորները, բարձր մակարդակի երաժշտությունը և դերասանական խաղը: Սա հին աշուղական հեքիաթ է, որը լայն տարածում է ունեցել մեր ժողովրդի մեջ: Մինչև հիմա մեր մեծերը երգում են դրանից հատվածներ: Ժամանակին աշուղները շրջել են գյուղերում և պատմել են դրանք: Հիմա փորձում ենք վերաձևակերպել այն և վերադարձնել մարդկանց»,- նշեց երգիչը:

Երաժշտության հեղինակ Արտեմ Խաչատուրն իր հերթին նշեց, որ «Աշուղ Ղարիբ» օպերայի լիբրետոն գրվել է ըստ համանուն հեքիաթի աշուղ Ջիվանու մշակման: Ղարիբի և Շահ-Սանամի մասին առաջին գրավոր տեղեկությունը մեզ տալիս է Սայաթ- Նովան իր «Մե խոսք ունիմ իլթիմազով...» բանաստեղծության մեջ:

«Սայաթ- Նովային քաջ հայտնի է եղել այս հեքիաթը և առաջինը նա է գրի առել: Բացի այդ, «Ղարիբը» զուտ հայկական անուն է: Իսլամական երկրներում այդ անունը չկա: Ղարիբությունը երևի թե հայերի մենաշնորհն է»,-նկատեց նա:

Ամբողջ հեքիաթը չի ներառվել, քանի որ այն շատ ծավալուն է: Օպերայում ներառված պարային սյուիտները նույնպես ժողովրդական են լինելու: Սիմֆոնիկ նվագարանները համադրվելու են ժողովրդական գործիքների հետ

Բեմադրող նկարիչը Հայկ Սայադյանն է լինելու: Քանի որ օպերայի ժամանակագրությունը լինելու է 15-րդ դարում, ապա լուրջ աշխատանք կկատարվի նաև տարազների հարցում:

Ոլորտի շատ մասնագետներ արդեն բարձր են գնահատել ժողովրդական օպերան: Մշակույթի նախարարությունը նույնպես դրական գնահատական է տվել: Սակայն չնայած դրան, այն կանգնած է ֆինանսական խոչընդոտների առջև:

«Օպերային թատրոնի արտիստական կազմը հնարավորություն չունի այն կատարելու: Քանի որ դերասանները հիմնականում դասական կատարման մեջ են մասնագիտացած: Որպես հեղինակ կարգելեմ, եթե փորձեն դասական ձևով կատարեն»,- ընդգծեց Արտեմ Խաչատուրը:

Սակայն հեղինակները հույս հայտնեցին, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հաղթահարել այդ մարտահրավերը և տեսնել առաջին ժողովրդական օպերան արդեն բեմին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: