Հայերեն   English   Русский  

Բագրատյանը ներկա վիճակը 1993-ին է նմանեցնում


  
դիտումներ: 513

ԱԺ-ն քննարկում է ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն նախատեսում է երկրորդային հումքի նկատմամբ շրջանառության հարկ սահմանել ներկայիս 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով`երկրորդային հումքի`թափոնների համար փաստաթղթեր ապահովել հնարավոր չէ, ուստի ներկայում տնտեսվարողները չեն կարող օգտվել գործող օրենքի հնարավորությունից և ըստ ցանկության ցածր շրջանառության հարկ մուծել`փաստաթղթեր ներկայացնելով:

Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք հաշվարկներ կատարվել են`օրենքի ընդունումը որքանով կնպաստի Հայաստանում թափոնների օգտագործմանը: Ի պատասխան` Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ հակոբ Հակոբյանը նշեց` չկան: «Միգուցե այս օրենքը նպաստի, որ թափոնները հավաքվեն ու հանձնվեն համապատասխան ձեռնարկություններին»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանն էլ, մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց, թե պետք է կողմնորոշվենք`ուզում ենք սպառումը հարկել, թե արտադրությունը: «Քանի որ նեղ տեղը արտադրությունն է, սպառումը ՀՆԱ-ին գերազանցում է, ապա միանգամայն ակնհայտ է, որ առաջիկա 10-15 տարիներին պետք է հարկենք սպառումը և այդ միջոցներն ուղղենք արտադրության զարգացմանը»,- ասաց նա: Բագրատյանը ներկայիս իրավիճակը նմանեցնում է 1993-ին, երբ ինքը վարչապետի պաշտոնը ստանձնեց, և հոսանքի մատակարարման խնդիր կար: «6 ամսով ընդհանրապես բնակչությունից կտրեցինք, տվեցինք արտադրությանը: 6 ամիս հետո արտադրությունն աշխատեց ու մեկ տարի անց հոսանքը բոլորին հերիքեց,- ասում է Բագրատյանը: - Նույն վիճակն այսօր ստեղծվել է ֆինանսներում: Հանրապետությունը թաղվում է պարտքի մեջ, փող չկա ներդրում անելու: Այդ գումարը ստեղծելու համար պետք է գնալ սպառման որոշակի կրճատման: Այդ տեսանկյունից շրջանառության հարկը գտած բան է`հեշտ կառավարվող, քիչ կոռուպցիոն ռիսկերով»: Բագրատյանի խոսքով`ԱԱՀ-ից հրաժարվելու և շրջանառության հարկի անցնելու պարագայում զգալիորեն կկրճատվի նաև ստվերային տնտեսությունը:

«Եթե անցնում ենք շրջանառության հարկի, լավագույն օրինակներն են Կանադան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան: Ավստրալիան 27 տարի շարունակ տնտեսական աճ ունի»,- ասում է նա`հավելելով, որ այդ փոփոխությունը 10-15 տարվա համար կապահովի լուրջ դինամիկա:

Օրենքի հեղինակ Միքայել Մելքումյանը, արձագանքելով Բագրատյանի առաջարկին`նշեց, որ կարելի է թե Շրջանառության հարկի, թե ԱԱՀ-ի պայմաններում արդյունավետ գործել, նայած ինչ ես իրականացնում: Նա նշեց, որ ճիշտ շրջանառությունը ֆիքսելը խնդիր է, այսօր չունենք գործիքներ դրա համար, մինչդեռ ԱԱՀ-ն պետության համար պրոբլեմ չէ:

Նա հիշեցրեց, որ Շրջանառության հարկի շեմը 58 մլն-ից բարձրացնելու պատճառով բյուջեն նախորդ տարի 80 մլրդ դրամի թերմուտքեր է ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: