Հայերեն   English   Русский  

​Հայաստանյան հնագիտությունն աշխարհի հետ փաստերի լեզվով է խոսում. ոլորտի հնչեղ ձեռքբերումները


  
դիտումներ: 3053

Վերջերս տեղի ունեցավ «Հին Հայաստանի մշակույթը» խորագրով 16-րդ գիտաժողովը, որտեղ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ 2009-2014 թթ. պեղումներն ու դրանց արդյունքները: Հայկական հնագիտության վերջին տարիների ձեռքբերումների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, հայաստանյան հնագիտության համար ինչո՞վ են աչքի ընկել վերջին մի քանի տարիները:

- 2007-ից ՀՀ կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացնում ինստիտուտին, որպեսզի դաշտային հետազոտական աշխատանքները կարողանանք նորմալ կազմակերպել: Մինչ այդ պեղումների համար գումարները շատ քիչ էին, ծավալուն, սիստեմատիկ աշխատանքներ չէինք կարողանում իրականացնել: Այդ ժամանակից ի վեր լուրջ ծրագրեր ենք մշակել և մեր արտասահմանյան գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք: 2012-2013 թվականներին պեղման մակերեսները, ներգրավված աշխատակիցների թիվը, ծրագրերի ու ենթածրագրերի քանակը շատ ավելին են եղել, քան խորհրդային իշխանության տարիներին: Հայաստանյան հնագիտությունն այդ լրացուցիչ գումարների և համատեղ ծրագրերի շնորհիվ անչափ մեծ ծավալի աշխատանքներ է կատարել:

Դաշտային հետազոտական աշխատանքները վերաբերում են մեծ ժամանակահատվածի՝ սկսած քարեդարյան հնագույն փուլերից մինչև ուշ միջնադար` XVII դար: Այդ դիապազոնի մեջ տարբեր ծրագրեր ենք իրականացնում` տարբեր հուշարձաններ պեղելով կամ ուսումնասիրելով: Դրանում կարևոր տեղ ունի անթրոպոգենեզի` մարդագոյացման խնդիրը:

Շատ կարևոր ձեռքբերում ունեցանք Նոր Գեղիում: Այստեղ 300-350 հազար տարի վաղեմության նյութեր ենք գտել: Այդ հետքերը թողել է նախամարդու տեսակը, որին կոչում ենք ուշ Homo Erectus կամ վաղ Homo Sapiens: Մինչ այս տեսակետ կար, որ Եվրասիան բնակեցնող այդ հոմինիդը` վաղ Homo Sapiens-ը, ձևավորվել է Աֆրիկայում և տարածվել Եվրասիայում: Տարածման ճանապարհն անցել է Հայաստանով կամ Փոքր Ասիայով: Հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում կատարված պեղումները ցույց տվեցին, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Նոր Գեղիի նյութերը ավելի հավանական են դարձնում, որ այդ մարդիկ տեղի բնակիչներ են, ոչ թե եկվորներ: Նախկինում լևալուազյան տեխնիկայով մշակված առարկաներ ֆիքսելիս ասվում էր, որ դա ստեղծողներն Աֆրիկայից են եկել: Այս նյութերը ցույց տվեցին, որ այդ մարդիկ տեղացի են եղել և տարեկից Աֆրիկայում եղածներին: Սակայն Աֆրիկայից դեպի Փոքր Ասիա ճանապարհին պեղված հուշարձաններն ավելի երիտասարդ են, քան մերը: Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր հուշարձանները ստորին պալեոլիթի մշակույթի կրողներ են, և այդ մշակույթը տեղում է ձևավորվել:

Սա այդ ահռելի տարածքները բնակեցնողների մասին պատկերացումները փոխող ուսումնասիրություն է և մեր խոշորագույն ձեռքբերումներից է:

Հաջորդ բացահայտումը վաղ քաղաքակրթություններին է վերաբերում: Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ամենահին բնակատեղիները ֆիքսել ենք Արարատյան դաշտավայրում` Ակնաշենում, Մասիս բլուրում, Առատաշենում: Դրանք թվագրվում են Ք.ա. VI հազարամյակի 1-ին քառորդով: Մասիս բլուրում և Ակնաշենում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Կարևորն այն է, որ Ք.ա. VI հազարամյակի սկզբներին այստեղ արդեն բավական զարգացած մշակույթով և սոցիալական բավական բարդ կազմ ունեցող հասարակություններ են ապրել, զբաղվել են թե՛ հողագործությամբ, թե՛ անասնապահությամբ, թե՛ դաշտավայրերն են բնակեցրել, թե՛ բարձրացել են լեռնային շրջանները` հեռագնա անասնապահության: Նրանք նաև մշակութային սերտ կապեր են ունեցել շրջակա աշխարհի այլ մշակույթներ կրող հասարակությունների հետ: Սրանք հայկական լեռնաշխարհի պատմության ելակետային փուլերը ներկայացնող հուշարձաններ են:

Նշեմ նաև, որ մինչև 40 հազար տարվա վաղեմության բանական մարդու հետք ենք գտել Աղիտուում` Սիսիանի հարևանությամբ: Դա ողջ Եվրասիայի տարածքում մարդ բանականի ամենահին հետքն է: Գուցե ավելի վաղ շերտեր էլ կան. աշխատանքներն ավարտված չեն:

Հաջորդ կարևոր ձեռքբերումը Արենի 1 քարայրից է, որ միջազգային մեծ հնչեղություն ստացած հուշարձան է: Այստեղից գտանք աշխարհի ամենահին ոտնամանը և ամենահին գինու արտադրության համալիրը: Դրա թե՛ գիտական, թե՛ հրապարակախոսական նշանակությունը հասկանալի է. Երկիր մոլորակի վրա չկա ավելի հին գինու արտադրության համալիր, քան Արենիում բացվածը, որը թվագրվում է IV հազարամյակի սկզբով:

Մարդը շատ ավելի վաղ ժամանակներից հավանաբար գիտեր, թե գինին ինչ բան է: Բայց գինու արտադրության լաբորատոր ապացուցված փաստեր ավելի վաղ շրջանի համար չկան: 4 տարբեր տիպի անալիզների արդյունքներով պարզել ենք, որ այնտեղ գինի է արտադրվել, անգամ կարմիր գինի է եղել: Դա ցույց տվեց, որ Հայկական լեռնաշխարհը գինեգործության ելակետային օջախ է և խաղողի ընտելացման հայրենիք:

Արենիի ուսումնասիրությունները և Արենիի գոյության փաստը խոսում են այն մասին, որ գործ ունենք հին ժամանակների զարգացած հասարակության հետ: Ընդ որում, առևտրական կապերը կարևոր դեր են ունեցել այդ հասարակությունների համար: Հուշարձանը գտնվում է տարանցիկ ճանապարհների խաչմերուկում: Իսկ տարանցիկ առևտուրը նշանակում է, որ հսկայական տարածքների վրա մարդիկ ապրանք ու գաղափար են տարել-բերել, իսկ մենք այդ գործընթացների ակտիվ մասնակիցն ենք եղել: Սրանք Հայկական լեռնաշխարհի սահմաններում ձևավորված քաղաքակրթություններին բնորոշող կարևոր ուսումնասիրություններ են:

Կարևոր արդյունքներ ենք ունեցել նաև հայոց խոշոր քաղաքների և մայրաքաղաքների ուսումնասիրության ժամանակ: Արտաշատում պեղումների ժամանակ բացվեց տաճարական համալիր բաղնիք՝ խճանկարներով: Այդ ծավալներով հասարակական բաղնիք` պահպանված իր բոլոր ատրիբուտներով, չկար: Այնքան ճարտարապետական մանրամասներ ենք գրանցել, որ գործնականում կարող ենք վերականգնել Արտաշատի տաճարի տեսքը:

Սենյակներից մեկում գտել ենք 800 կնքադրոշմ: Ք.հ. I, II դարերի կնքադրոշմներ նախկինում մի քանի հազար հատ գտնվել էր, բայց սրանք Սասանյան շրջանին են վերաբերում (III-VII դարեր): Մինչ այդ ամբողջ Սասանյան կայսրության, Առաջավոր Ասիայի պատմության համար նման սկզբնաղբյուրներ չկային: Այս նյութերի մշակումը դեռ տարիներ կպահանջի:

- Ասացիք, որ վերջին տարիներին ավելի շատ պեղումներ են իրականացվում, քան խորհրդային տարիներին: Եվ հիմնականում համատեղ ծրագրեր են: Ինչո՞վ եք պայմանավորում, որ հնագետների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է:

- Ցանկացած տարածաշրջան ինքնին հետաքրքիր է ցանկացած ուսումնասիրության համար: Դրսում մարդկության պատմությունը մի քիչ այլ կերպ են շարադրում: Մենք մի քիչ ազգային ենք, գրում ենք հայոց պատմությունը, լավագույն դեպքում՝ հարևաններինը, իսկ ուրիշ երկրներում կան գիտական հաստատություններ, որոնք Երկիր մոլորակի և մարդկության պատմությունն են գրում երկրաբանական, պատմական, մշակութային առումներով: Հայկական լեռնաշխարհը, պայմանավորված իր դիրքով, այդ ամեն ինչի մեջ վճռորոշ դերակատարություն է ունեցել: Խորհրդային տարիներին բազմաթիվ պատճառներով Հայաստանը փակ էր աշխարհի գիտնականների համար, մենք մոսկովյան գիտնականների հետ էինք աշխատում: Այսօրվա պահանջները, սակայն, այլ են, քան նրանց արածն է: Նոր խոսք պետք է ասենք, դրա համար պետք են նոր փաստագրումներ և նոր ուսումնասիրություններ:

Եթե աշխարհի տարբեր կենտրոններ ուզում են Եվրասիայի բնակեցման ելակետային փուլերի մասին պատկերացում կազմել, չեն կարող չուսումնասիրել այնպիսի ելակետային տարածք, ինչպիսին Հայաստանն է: Ամեն անգամ գտնում ենք հուշարձաններ, որոնք դրվագ առ դրվագ լրացնում են պատմությունը: Որոշ գտածոներ այնքան կարևոր նշանակություն ունեն, որ անգամ տեսակետ են փոխում: Տարեկան միջինը 20-25 համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք վերաբերում են քարե դարի հուշարձաններից մինչև միջնադարին:

- Ո՞ր երկրների հետ են հիմնականում համատեղ ծրագրեր իրականացվում:

- Ամեն տարի առնվազն հինգ դաշտային հետազոտական աշխատանքներ ենք անում ԱՄՆ-ի հետ, 5 ծրագիր` Ֆրանսիայի հետ, 5-ը՝ Գերմանիայի, 2-ը` Իտալիայի հետ, Ավստրիայի հետ ենք պեղումներ անում, նաև՝ Իսրայելի ու Ճապոնիայի: Այլ երկրների հետ ևս աշխատում ենք: Թվարկածներն այն երկրներն են, որոնց հետ երկար տարիներ ենք աշխատում:

Հայաստանյան ժամանակակից հնագիտության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ համատեղ ծրագրեր ենք իրականացնում աշխարհի տարբեր համալսարանների ու հնագիտական կենտրոնների հետ, ուստի կարողանում ենք մեծ քանակությամբ անալիզներ անել աշխարհի տարբեր լաբորատորիաներում: Հայաստանյան հնագիտության հիմնական ձեռքբերումները հիմնված են այդ անալիզների վրա, և երբ ինչ-որ բան ենք հայտարարում, ոչ թե կարծում ենք, այլ անալիզներով փաստում ենք: Իսկ աշխարհի կողմից ընդունված գիտական փաստ ունենալը հեշտ բան չէ:

- Պարոն Ավետիսյան, Նոր Գեղիում արված բացահայտումներն արդյոք ամրապնդո՞ւմ են այն տեսակետը, որ մարդկության բնօրրրանը կամ բնօրրաներից մեկը Հայկական լեռնաշխարհն է:

- Չէ, այդպես չէ: Բոլոր դեպքերում մարդ արարածի ելակետային կետը Աֆրիկան է, Հայկական լեռնաշխարհը չէ: Մարդ բանականի նախնիները ձևավորվել են Աֆրիկայում և տարածվել աշխարհով մեկ: Հայկական լեռնաշխարհն այդ տարածման կարևորագույն ճանապարհներից է եղել:

- Միջազգային գիտական հանրությունն ինչպե՞ս է ընդունում ու մեկնաբանում վերջին տարիների բացահայտումները:

- Այս բացահայտումների մեծ մասն արվել է համատեղ ծրագրերի շրջանակներում. ինչ ասվել է, ասվել է նրանց բերանով` հիմնված լաբորատոր արդյունքների վրա: Դա արդեն միջազգային գիտական ծրագրերով իրականացված աշխատանքների արդյունք է: Մեջտեղից դուրս է եկել այն խնդիրը, որ հայն ասաց, գուցե ազգայնական է և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: