Հայերեն   English   Русский  

​Վատ վարորդին ինչ ավտոմեքենա էլ տաս՝ վատ է քշելու. փորձագետը՝ կառավարության օպտիմալացման մասին


  
դիտումներ: 1405

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցյալ տարեվերջին հայտարարեց կառավարությունում օպտիմալացման հնարավորության մասին, և դրանից հետո ստեղծվեց բազմաթիվ անհայտներով ու հարցականներով մի իրավիճակ: Հասկանալու համար, թե նման օպտիմալացումներն ինչ են նշանակում, ինչի համար են արվում ու ինչի կհանգեցնեն, «Անկախը» զրուցեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

- Պարո՛ն Մեսրոբյան, ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում կա՞ կառավարության օպտիմալացում անելու անհրաժեշտություն, և Ձեր պատկերացմամբ, ի՞նչ օպտիմալացման մասին է խոսքը:

- Այն, ինչ նախատեսվում է անել, կարվի, թե չի արվի, հարցի մյուս կողմն է, բայց դա օպտիմալացում չէ, այլ ժամանակավոր կրճատում: Օպտիմալացումը կրճատումից տարբերվում է մի պարզ հատկանիշով. օպտիմալացման արդյունքում արդյունավետությունն է բարձրանում և կառավարման մոդելն է փոխվում: Իսկ այն, ինչ նախատեսվում է անել Հայաստանում, որևէ դրական փոփոխություն չի բերի: Որովհետև կառավարությունը և ընդհանրապես կառավարման համակարգն օպտիմալացնելու համար ոչ միայն պետք է կրճատել, այլև ընդհանրապես ազատել կառավարությանը ոչ բնորոշ բոլոր ֆունկցիաներից:

- Որո՞նք են այդ ֆունկցիաները:

- Կառավարման մեջ կան գործադիր ֆունկցիա և զտիչ ֆունկցիա հասկացություններ: Օրինակ՝ մշակույթը գործադիր ֆունկցիա չէ, բնապահպանությունը գործադիր ֆունկցիա չէ: Մեզ մոտ ի՞նչ է ստացվում. նստած է բնապահպանության նախարարությունը, և կառավարությունն ընդունում է որոշում, որի հետևանքով բնապահպանությունը վտանգվելու է: Հիմա ի՞նչ պետք է անի բնապահպանության նախարարը. դիտարկենք ֆորմալ հարթությունում: Եթե անգամ դեմ քվեարկի այդ նախագծին, միևնույն է, ձայների մեծամասնությամբ այդ որոշումն ընդունվելու է: Նույնն է հարցը մշակույթի և նման այլ նախարարությունների ու գերատեսչությունների ֆունկցիաների դեպքում: Ես էլ չեմ խոսում տարատեսակ անկապ-անիմաստ հանձնաժողովներից:

- Այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, որպեսզի իրոք լինի օպտիմալացում, ոչ թե ձևական հայտարարություն օպտիմալացման մասին:

- Դրա համար, ինչպես արդեն ասացի, կա զտիչ ֆունկցիա հասկացությունը: Դա համարվում է փորձագիտական կառավարման մոտեցում: Այսինքն՝ կառավարությունը կամ խորհրդարանը որոշման կամ օրենքի նախագիծ է պատրաստում, որը քննարկվում է միմիայն այն դեպքում, երբ համապատասխան փորձագետները դրա վերաբերյալ դրական եզրակացություն են տալիս: Օրինակ, եթե բնապահպանական փորձագիտական խումբը բացասական եզրակացություն է տալիս որևէ նախագծի վերաբերյալ, անգամ խորհրդարանը պետք է դրա համար քվեարկելու իրավունք չունենա: Սա նշանակում է, որ այս մոտեցման շնորհիվ որոշ նախարարություններ ընդհանրապես կվերանան, նաև նշածս այդ բոլոր հանձնաժողովները սակագների, մենաշնորհների և այլնի դեմ կարելի կլինի հանգիստ փակել. դրանք ֆունկցիա չունեն: Որպեսզի դրանց ֆունկցիաներն ընդհանրապես վերանան, պետք է յուրաքանչյուր հարցում բանաձևային լուծումներ լինեն:

- Եթե ավելի կոնկրետ խոսելու լինենք, պարո՚ն Մեսրոբյան, ներկայումս Հայաստանում քանի՞ նախարարություն պետք է լինի և ինչպե՞ս պետք է ձևավորվեն այդ նախարարությունները:

- Ես կարծում եմ՝ պետք է լինի մի 10 նախարարություն, ու վերջ: Դրանք, ինչպես ասացի, պետք է ձևավորվեն գործադիր սկզբունքով: Այսինքն՝ կա՞ գործադիր ֆունկցիա, ուրեմն պետք է լինի նախարարությունը, չկա՞, ուրեմն պետք է նախարարությունը կա՚մ վերացվի, կա՚մ վերափոխվի փորձաքննական օղակի:

- Նոր սահմանադրությամբ ենթադրվո՞ւմ է Հայաստանի կառավարման համակարգի օպտիմալացում, և նոր Սահմանադրությամբ նոր որակի կառավարման մոդել առաջարկվո՞ւմ է:

- Ասեմ, որ ո՚չ հին Սահմանադրությունն էր մի բան, ո՚չ նոր Սահմանադրությունն է մի բան, և այն պարզ պատճառով, որ դրանք մեր սահմանադրությունը չեն: Հերիք է այստեղ-այնտեղ նայել, սրանից նրանից «թխել», պետք է ուղղակի նստել ու սեփական սահմանադրությունը գրել: Չեմ ուզում շատ խոսել սահմանադրությունների մասին, ինչ վերաբերում է կառավարման որակին, մեզ մոտ 1991 թվականից ստեղծվել է կակոկրատական կառավարման համակարգ (վատ կառավարում, հունարեն kakos` վատ և kratein՝ կառավարել բառերից-ծնթ. խմբ.), այսինքն՝ բացասական ընտրասերման հիման վրա ստեղծվել է անարժանների վերնախավ: Ընդ որում, ոչ միայն իշխանական թևում, այլև ընդդիմադիր թևերում: Որքան մարդն անարժան է, այնքան նրա համար դժվար պետք է լինի պաշտոնական սանդղակով վեր բարձրանալը: Բայց երբ հաղթում է բացասական ընտրասերումը, արդեն կարևոր չէ, թե ինչեր են գրված օրենքներում, օրենսգրքերում, սահմանադրություններում կամ ինչ անուններ են դրված նախարարությունների վրա: Վատ վարորդին ինչ ավտոմեքենա էլ տաս՝ վատ է քշելու:

- Պարո՚ն Մեսրոբյան, երբ խոսում ենք այս օպտիմալացման մասին, ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ ունի այն և ի՞նչի կարող է հանգեցնել, ի՞նչ հետևանքներ ունենալ:

- Խնդիրն այն է, որ 2016 թվականի բյուջեի եկամտային մասը խնդիրներ ունի, դա արդեն երևում է բյուջեից, ու հենց դա է պատճառը. փողը չի հերիքում, ու պետք է ինչ-որ կերպ կրճատել կառավարության կազմը, որպեսզի հնարավոր լինի բյուջեն մի կերպ պահել: Եվ ոչ միայն կառավարությունում, այլև ամեն տեղ է պետք այդպես անել: Դա է հիմնական պատճառը, և դրա արդյունքում ուղղակի բյուջեի ծախսային մասը փոքր-ինչ կքչանա:

- Ի՞նչ վտանգներով է հղի նման ձևով «օպտիմալացում» անելը, այսինքն՝ միայն ծախսային մասի կրճատումն ապահովելու համար դնել ու մեխանիկորեն կրճատել պետական կառավարման համակարգի օղակները:

- Շատ ճիշտ նկատեցիք, հենց մեխանիկական կրճատում է տեղի ունենում, ոչ թե ֆունկցիոնալ մոտեցում, ոչ թե գործադիր ֆունկցիաների, ոչ թե փորձագիտական ֆունկցիաների իմաստով բարելավում, այլ ուղղակի կրճատում: Դրա արդյունքում ծախսային մասը փոքր-ինչ կկրճատվի, բայց արդյունավետությունը չի փոխվի. պետական կառավարման համակարգը նույն անարդյունավետն է մնալու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: