Հայերեն   English   Русский  

​Ըմբիշների փայլուն մեկնարկը


  
դիտումներ: 1459

Հունահռոմեական ոճի ըմբիշներն անցյալ շաբաթ փայլուն հանդես եկան Բուլղարիայում և Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարերին: Օլիմպիական տարվա հաջողված մեկնարկը տրված է: Ուրախալի է, որ Ռիո 2016-ին ընդառաջ մեր մարզիկները լավ մարզավիճակում են, տրամադրված են մարտական և վստահ հաղթանակներ են տոնում:

Այսպես, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուվարի 29-31-ը կայացավ ըմբշամարտի տարեսկզբյան հեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարը, որին մասնակցում էր 23 երկրների 220 ըմբիշ: Բավական ուժեղ կազմ հավաքող այս կարևորագույն ստուգատեսին մասնակցում էին նաև առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվող հունահռոմական ոճի Հայաստանի ազգային ընտրանու անդամները:

Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Հայազգի մարզիկներից առաջինը Սոֆիայում ոսկե մեդալ նվաճեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Նախորդ տարիներին Չալյանն այս մրցաշարում 2 անգամ դարձել է բրոնզե մեդալակիր: Այս անգամ հայազգի ըմբիշը տրամադրված էր մարտականորեն և եզրափակչում 8:0 հաշվով հաղթելով իր մշտական մրցակցին՝ բուլղարացի Իլիան Գեորգիևին՝ առաջին անգամ դարձավ ստուգատեսի հաղթող:

Կարապետ Չալյանի հաղթարշավը շարունակեցին և ոսկե մեդալների արժանացան, արդեն իսկ օլիմպիական ուղեգրեր նվաճած Միհրան Հարությունյանը (71 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Նրանք բոլոր մրցակիցներին հաղթեցին բացահայտ առավելությամբ՝ առանց միավոր զիջելու:

Նշենք նաև, որ Միհրան Հարությունյանն առաջին անգամ դարձավ Սոֆիայի մրցաշարի հաղթող, իսկ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս մրցաշարի ամենատիտղոսակիր ըմբիշն է: Նա երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի մրցաշարում՝ արժանանալով ոսկե մեդալի:

Հունահռոմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Սոֆիայում հանդես եկավ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալականի ղեկավարությամբ: Նրան օգնում էին մարզիչներ Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը: Սոֆիայի մրցաշարում Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը ներկայացրեց որպես մրցավար:

Ընդհանուր առմամբ հայ ըմբիշները Սոֆիայում նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Երկրորդ մրցաշարը կայացավ Ստամբուլում հունվարի 30-31-ը: Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արամ Ջուլֆալակյանը (66 կգ)՝ մարզիչ Արամ Գասպարյանի գլխավորությամբ:

Մրցաշարում հաջող հանդես եկավ Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Հայ ըմբիշը փայլուն անցկացրեց բոլոր 4 գոտեմարտերը և ոչ մի միավոր չզիջելով մրցակիցներին՝ արժանացավ ոսկե մեդալի: Արսեն Ջուլֆալակյանի համար հաջող մեկնարկը Թուրքիայում շատ կարևոր էր: Նա առաջիկա մրցաշարերին դեռ պետք է պայքարի օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար: Նշենք, որ օլիմպիական վարկանիշային եզրափակիչ մրցաշարը կայանալու է հենց Ստամբուլում, մայիսին:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: