Հայերեն   English   Русский  

​Ձյուդոյիստները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար


  
դիտումներ: 1132

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները Ռիո 2016-ին մասնակցելու իրավունք ստանալու համար տարվա սկզբից մինչև մայիս տարբեր մրցաշարերում պայքարելու են օլիմպիական վարկանիշային թանկարժեք միավորներ վաստակելու համար: Մեր մարզիկների հնարավորությունների, առաջիկա մրցաշարերին մասնակցելու, ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին զրուցել ենք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ:

- Պարոն Խիթարյան, տարին օլիմպիական է: Մարզիկները պայքարելու են օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար: Այս առումով պայքարը թեժ է լինելու: Ի՞նչ գնահատական կտաք մեր մարզիկների տարեսկզբյան ելույթներին:

- Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը հունվարի 22-23-ը մասնակցեցին Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած Գրան պրի մրցաշարին: Հովհաննես Դավթյանը մրցաշարում դարձավ բրոնզե մեդալակիր: Ֆերդինանտ Կարապետյանը հաղթեց առաջին գոտեմարտում, սակայն անսպասելի պարտվեց երկրորդում:

Ժաննա Ստանկևիչը հունվարի 30-31-ը մասնակցեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը: Նա պայքարում է 14 ուժեղագույն ձյուդոյիստների շարքում տեղ զբաղեցնելու համար: Ժաննա Ստանկևիչը հաջող ելույթ ունեցավ այս մրցաշարում, նվաճեց բրոնզե մեդալ և վաստակեց օլիմպիական վարկանիշային 40 միավոր:

Ուրախալի է, որ մեդալակիրներ ունեցանք, բայց մեր մարզիկների հնարավորություններն ավելի բարձր են, եզրափակիչ մտնելն իրական էր նրանց համար:

- Ո՞րն էր Ֆերդինանտ Կարապետյանի ձախողման պատճառը Կուբայի Գրան պրի մրցաշարում:

- Ֆերդինանտ Կարապետյանը հաղթեց առաջին գոտեմարտում, բայց չկարողացավ տրամադրվել հաջորդին: Երրորդ գոտեմարտը նա պետք է անցկացներ Բաքվի Եվրոպական խաղերի հաղթողի հետ, ժամանակից շուտ սկսեց տրամադրվել այդ գոտեմարտին և չկարողացավ կենտրոնանալ: Պարտերում շատ անզգույշ գտնվեց, ինչից օգտվեց մրցակիցը և հաղթեց: Ֆերդինանտ Կարապետյանը հեռանկարային և ներուժ ունեցող մարզիկ է, բայց դեռևս մեծ մրցումների մասնակցության փորձ չունի, չի պատկերացնում, որ փոքրիկ սխալը, անզգույշ քայլը կարող են հանգեցնել պարտության: Նա միայն անցյալ տարվա վերջից է սկսել մասնակցել բարձրակարգ մրցումների: Գուցե փորձի պակասն էր պատճառը: Դեռևս ժամանակ կա, և մեր մարզիկը հնարավորություն կունենա պայքարելու օլիմպիական ուղեգրի համար:

- Փետրվարի 6-7-ը կայացավ Փարիզի Մեծ սաղավարտի մրցաշարը: Այս կարևոր ստուգատեսին մասնակցեցին Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը: Գո՞հ եք արդյունքներից:

- Փարիզի Մեծ սաղավարտը ամենահեղինակավոր մրցաշարերից է, որին մասնակցում են բոլոր ուժեղագույնները: Մարզիկները պայքարում են ոչ միայն միավորների, այլև մրցանակային տեղերի համար: Մրցաշարը, համեմատած Հավանայի և Սոֆիայի հետ, բավականին բարդ էր:

Թեև մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել, բայց ընդհանուր առմամբ նրանց մասնակցությունից գոհ ենք: Հովհաննես Դավթյանն անցկացրեց 4 հաղթական գոտեմարտ, Ֆերդիանատ Կարապետյանը՝ 2: Մեր մարզիկները պարտվեցին ճապոնացիներին: Ցավոք, ասիացիներին հաղթելու բանալին դեռևս չենք գտել:

Փարիզի մրցաշարում վիճակահանությունն այնքան էլ բարեհաճ չգտնվեց Ժաննա Ստանկևիչի նկատմամբ, և նա պարտություն կրեց առաջին գոտեմարտում:

- Առաջիկայում կլինե՞ն այլ մրցաշարեր, որոնց կմասնակցեն մեր մարզիկները:

- Օրացուցային պլանի համաձայն՝ մինչև օլիմպիական վարկանիշային աղյուսակների փակումը, այսինքն՝ մայիսի 1-ը, օլիմպիական խաղերի թեկնածուները պետք է մասնակցեն մոտավորապես 4-5 վարկանիշային մրցաշարերի՝ կախված մարզիկների վաստակած միավորներից:

Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, այս պահի դրությամբ, դեռևս չունեն բավարար միավորներ և չեն մտնում վարկանիշային ցանկի մեջ, ուստի կշարունակեն մասնակցել բոլոր հնարավոր մրցումներին՝ օլիմպիական վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար:

Հովհաննես Դավթյանն այդ խնդիրը չունի, և, հավանաբար, մրցումների մասնակցության առումով նրա ծանրաբեռնվածությունն ավելի թեթև կլինի:

Մարզիկները Սոչիում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Այնուհետև, Նինբուրգում կմասնակցեն Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող «Բոլորս դեպի օլիմպիական ոսկի» հավաքին, որին 400-500 ձյուդոյիստ է մասնակցելու:

Հնարավորության սահմաններում ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ մարզիկները լավագույնս պատրաստվեն առաջիկա մրցաշարերին: Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պլանավորածի համաձայն:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի վերջին, Կազանում:

- Անդրադառնանք նաև տեղական մրցաշարերին: Փետրվարին կայանալու են նաև ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան առաջնությունները: Առաջնությունից հետո ի՞նչ է սպասում մարզիկներին:

- Փետրվարի13-ին կայանալու է երիտասարդների Հայաստանի ձյուդոյի առաջնությունը, որից անմիջապես հետո կձևավորվի հավաքականը: Մարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում, այնուհետև կմեկնեն Աթենք՝ մասնակցելու Եվրոպայի գավաթի մրցաշարին, կորոշվի, թե ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդական հավաքականի հիմնական անդամները զինծառայողներ են: Ֆեդերացիան ակտիվ և բարձր մակարդակով համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Համատեղ հնարավորություն ունենք զինվոր մարզիկներին լավագույնս նախապատրաստելու մրցաշարերի: Թիմի կազմում է նաև անցյալ տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիրը՝ Աբաղյան Շահենը:

Պատանիների Հայաստանի առաջնությունը նախատեսել էինք անցկացնել հունվարի 23-ին: Հանրապետությունում առկա վարակների պատճառով այն հետաձգվեց և կանցկացվի փետրվարի 25-ին: Առաջնությունից հետո պատանիներն Աբովյանում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:

Ապրիլի սկզբին ուսումնամարզական հավաք կունենան նաև Ռուսաստանում և կմասնակցեն Եվրոպայի գավաթին:

Արտասահմանում անցկացվող մրցաշարերը շատ կարևոր են: Այնտեղ մրցակցությունն ուրիշ է: Տեղական առաջնություններում մարզիկները ճանաչում են միմյանց, ուստի նրանց իրական հնարավորություններն այնքան էլ տեսանելի չեն:

- Փետրվարի 6-ին անցկացվեց ձյուդոյի մարզչական և մրցավարական սեմինար: Որքանո՞վ են կարևոր նման սեմինարները:

- Հայաստանի ֆրանսիական համալսարանում փետրվարի 6-ին Ձյուդոյի ֆեդերացիայի կողմից անցկացվեց մարզչական և մրցավարական սեմինար, որը նախատեսված էր մարզիչների, մրցավարների և մարզիկների համար:

Նման սեմինարի նախորդ շաբաթվա ընթացքում մասնակցել էի Տոկիոյում: Կարևոր եմ համարում սեմինարների անցկացումը: Տեսաձայնագրությունները հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալու մրցականոններին: Ձյուդոյում լինում են դժվար իրավիճակներ, նկատողություններ: Հարկավոր է արագ կողմնորոշվել, գրագետ գործել: Տակտիկական պայքարը ճիշտ կառուցելու համար մրցականոնների խոր իմացությունն այս առումով պարտադիր է:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: