Հայերեն   English   Русский  

​Աշխատաշուկայի պահանջը. ուսանողը բուհն ավարտելիս նվազագույն աշխատանքային փորձ պետք է ունենա


  
դիտումներ: 6157

Վերջին տարիներին կրթության ոլորտում ամենից շատ քննարկվող հարցերից է, թե որքանով են բուհերը մասնագետներ պատրաստելիս հաշվի առնում աշխատաշուկայի պահանջները, և ինչ հմտություններ ու կարողություններ պետք է ունենա շրջանավարտը` հեշտությամբ աշխատանք գտնելու համար: ՏԵՄՊՈՒՍ-ի «Արարատ» ծրագրի շրջանակներում, որը կոչված է խթանելու բուհ-գործատու երկխոսությունը, ուսումնասիրություններ են կատարվում, որոնց արդյունքում պետք է ստեղծվի ՏՏ, կառավարում և մանկավարժություն ոլորտային որակավորումների շրջանակ` աշխատաշուկայի պահանջներին համահունչ: Ծրագրում, որպես շահակից, իր ներդրումն ունի նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: Խնդրի մասին հարցազրույց ենք ունեցել հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:

- Պարոն Թոփչյան, ՏԵՄՊՈՒՍ-ի «Արարատ» ծրագրի շրջանակներում հանդիպումներ եք ունեցել ՏՏ ոլորտի տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Որո՞նք են գործատուների հիմնական պահանջները և դժգոհությունները բուհերից:

- ՏՏ ոլորտից բացի, մենք հանդիպումներ ենք ունեցել նաև այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Վերջերս, օրինակ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում իրենց ոլորտի գործատուների հետ հանդիպում կայացավ: Բոլորը հիմնականում նման խնդիրներ են բարձրացնում: Այնպես որ, նշածս խնդիրները համակարգային են, ոչ թե ոլորտային:

Բոլոր գործատուները նշում են, որ բուհի շրջանավարտները պրակտիկ գիտելիքներ չունեն, հստակ չեն պատկերացնում, թե որ փուլում է գործն ավարտուն վիճակի հասնում: Այսինքն՝ ուսանողը հիշում է բոլոր փաստերը, գիտելիքները, որ ստացել է համալսարանում, գիտի անգամ իր ոլորտին հատուկ որոշակի մեթոդաբանություն, բայց այն հարմարեցված չէ աշխատանքային միջավայրում կիրառելուն: Եթե շրջանավարտը նաև իր գիտելիքն աշխատանքային կոնտեքստում կիրառելու հմտություն ունենար՝ ամեն ինչ շատ լավ կլիներ: Այնպես է ստացվում, որ ուսումնառության ընթացքում, երբ ուսանողն ազատ է պատասխանատվության առումով, իր ստացած գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն չի ունենում: Իսկ աշխատանքի անցնելուց միանգամից մեծ պատասխանատվության առջև է կանգնում, ինչին պատրաստ չէ: Մինչդեռ, եթե բուհում մի անգամ ներկա իրականությանն առնչվող առաջադրանք կատարեր, դասախոսի հետ քննարկեր, թե ինչն ինչպես արեց, ինչ արդյունք ստացավ և ինչպես կարելի էր ավելի լավ անել, ապա հաջորդ անգամ, այսինքն՝ արդեն աշխատավայրում ավելի հաջողված արդյունք կունենար:

Խնդիր է նաև այն, որ գործնական առումով տեսանելի չէ միջառարկայական կապը: Յուրաքանչյուր առարկայի շրջանակներում սովորածն ուսանողը պետք է կարողանա կապել մինչ այդ սովորածի հետ, այդ ամենը տեսնել ընդհանրության մեջ:

Գործատուները դժգոհում են, որ ուսանողը չի պատկերացնում արտադրական ցիկլը: Դասավանդվող առարկաների տեղն արտադրական ցիկլում չտեսնելով` ուսանողը չի կարևորում դրանք:

Գործատուների համար կարևոր է նաև, որ ուսանողի մեջ դեռ բուհում մասնագիտական վարքագիծ ձևավորվի: Օրինակ, եթե ուսանողը սովորելու ընթացքում իր գործը որակյալ չի անում, ավարտելուց հետո միանգամից չես կարող նրանից որակյալ աշխատանք պահանջել: Ուսման ընթացքում որակյալ աշխատանքի մշակույթ պետք է ձևավորվի: Իսկ դրա համար ուսանողը պետք է պրակտիկա ունենա, որն էլ կապահովի մասնագիտական վարքագծի ձևավորումը:

- Մի՞թե խորհրդային տարիներին բուհի շրջանավարտը միանգամից պատրաստ էր աշխատելուն:

- Խորհրդային տարիներին էլ իրավիճակն այսպիսին էր: Սակայն այն ժամանակ շրջանավարտն ավարտելուց հետո, որպես երիտասարդ մասնագետ, իր գիտելիքների ողջ պաշարն աշխատավայր էր տանում ու այնտեղ 1-2 տարի ուղղորդվում գործատուի կողմից: Այսինքն՝ ուսուցման պրոցեսը շարունակվում էր նաև ավարտելուց հետո:

- Ստացվում է, որ աշխատաշուկայի պահանջները փոխվել են, մինչդեռ բուհերը շարունակում են ուսուցումը կազմակերպել նախկին մեթոդով:

- Գործատուն այսօր ուզում է աշխատանքի ընդունել մասնագետի, որն արդեն պատրաստ է: Այսօր աշխատաշուկայում թե՛ մրցակցությունը, թե՛ ընտրությունը մեծ է, հետևաբար, գործատուն ձգտում է լավագույն մասնագետներ ունենալ: Նաև համոզված չէ, որ նորեկ աշխատողի վրա ներդրումներ կատարելու և պատրաստի մասնագետի վերածելու դեպքում նա հետագայում կշարունակի իր մոտ աշխատել: Բացի այդ, աշխատաշուկան այսօր դարձել է միջազգային: Արտերկրում ևս կարևորում են պատրաստի մասնագետներին: Այսօր աշխատաշուկայի պահանջը հետևյալն է. ավելի լավ է շրջանավարտն ունենա քիչ, բայց արդեն փորձարկված գիտելիքներ: Մինչդեռ խորհրդային տարիներն ուսանողին տալիս էին ընդհանուր գիտելիք ողջ կյանքի համար, բայց դա պրակտիկայի հաշվին չէր արվում:

- Պարոն Թոփչյան, ինչպե՞ս կարելի է հասկանալ այս իրավիճակը. շուկան ավելի շատ գործնական հմտություններ է պահանջում, իսկ բուհերում պրակտիկան գնալով նվազում է:

- Երբ բուհերում ժամեր կրճատելու անհրաժեշտություն էր առաջանում, մինչև վերջերս առաջինը պրակտիկայի ժամաքանակն էին կրճատում: Պատճառներից մեկն էլ այն է, որ բուհերը համարում են` եթե ուսանողը գիտելիք ունենա, հարկ եղած դեպքում ինքնուրույն այն գործնականում կկիրառի: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ:

Երբ նոր ժամանակային պլանին հարմարվելու և 4 տարում 240 կրեդիտում տեղավորվելու խնդիր առաջացավ, անմիջապես պրակտիկան կրճատվեց: Այսօր հստակ չէ, թե 240 կրեդիտով ավարտող բակալավրն իր միավորների որ մասը պետք է ստացած լինի գործնական հմտությունների համար: Մինչդեռ բակալավրը հենց կիրառող է, ոչ թե հետազոտող: Օրինակ՝ ռուսական չափորոշիչները հստակ սահմանում են, թե կրեդիտներից որ մասն ուսանողը պետք է ստանա գործնական, որ մասը՝ տեսական գիտելիքների համար:

- Ասացիք՝ մինչև վերջերս: Այդ մտայնությունը փոխվե՞լ է:

- Վերջերս բուհերում ակտիվացել են խոսակցությունները պրակտիկայի կարևորության մասին, գիտակցություն կա, որ պրակտիկայի ժամերը կրճատելով՝ ինչ-որ բան կորցրել ենք: Բայց առայժմ միայն խոսակցություններ են:

- Փաստորեն, փորձ է արվում գործատուներին ներգրավել կրթական ծրագրերի մշակման գործընթացում: Գործատուները պատրա՞ստ են դրան:

- Քանի որ որակի ապահովման պատասխանատվությունը դասախոսի վրա է, նա պետք է տարբեր միջոցներ գտնի գործատուների հետ շփվելու և աշխատաշուկայի պահանջներն իր ուսանողներին հասցնելու համար: Բուհը, իր հերթին, պետք է շահագրգռի գործատուներին, որ մասնակից լինեն թեմատիկ քննարկումներին, որոնցից բուհն ու դասախոսը համապատասխան եզրակացություններ կանեն: Ի վերջո, սովորեցնողը դասախոսն է, բայց գործատուից պետք է ազդակ գա, թե ինչի է պետք ձգտել, ինչ առանձնահատկություններով է պետք կրթությունը կազմակերպել:

- Իսկ բուհերի կողմից գործատուների հետ երկխոսություն սկսելու ցանկություն կա՞:

- Անգամ եթե բուհերը չուզենան, հավատարմագրման գործընթացները դրան են հանգեցնում: Ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ դիտարկվում է, թե բուհը որքանով է հաշվի առնում շուկայի պահանջները, որքանով է արդյունավետ համագործակցությունը գործատուների հետ: Ուստի արդեն որոշակի առաջընթաց կա: Ծրագրային հավատարմագրման արդյունքում առավել մեծ առաջխաղացում կունենանք:

- Արտերկրում ամեն մասնագիտություն մրցում է, թե իր շրջանավարտներից քանիսն են աշխատանքի անցել, որքանով են ավելի պահանջված աշխատաշուկայում: Մեզ մոտ էլ նման օր կգա՞:

- Մենք այսօրվա դրությամբ անում ենք համալսարանների վարկանիշավորում, որն ինչ-որ կերպ պետք է արտահայտեր այդ մրցակցությունը, բայց դա չենք տեսնում, քանի որ ուսումնական հաստատությունը մեծ է, իսկ մասնագիտությունները՝ շատ: Բուհի մակարդակի կողմնորոշիչները քիչ են: Մի աստիճան ներքև է պետք իջնել: Օրինակ՝ մրցակցության մեջ պետք է լինեն Երևանի պետական և պոլիտեխնիկական համալսարանների ծրագրավորողները, ոչ թե այդ բուհերը: Այդ պարագայում բուհը, իր շահերից ելնելով, գուցե որոշ մասնագիտություններ կփակի` հասկանալով, որ լայն ճակատով գործելու համար ուժերը չեն բավարարում, մնացած ծրագրերն ավելի մրցունակ կդառնան, ուսանողն էլ ավելի կողմնորոշված կլինի դեպի պրակտիկան:

- «Արարատ» ծրագրի արդյունքում երեք ոլորտների համար որակավորումների շրջանակ կստեղծվի: Դա ինչպե՞ս է նպաստելու գործատուների պահանջների բավարարմանը:

- Փաստաթղթում մի քանի պարամետրեր պետք է նկարագրված լինեն. ինչպիսի արտադրանք է տալիս տվյալ ոլորտը մեր երկրում, որոնք պայմանավորում են կրթության առանձնահատկությունը, երկրորդ` տվյալ ոլորտին յուրահատուկ ինչպիսի մտածելակերպ է ձևավորվում մասնագետի մոտ, երրորդ` ինչպիսին է աշխատանքային ցիկլը գործատուների միջավայրում: Ներառվելու է նաև գիտելիքների բովանդակությունը տվյալ առարկաների համար: Այս ամենը կհանգեցնի կրթության որակի բարելավման:

Կարծում եմ, որ մեծ փոփոխություններ պետք չեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Պարզապես ամեն առարկայի համար պետք է մշակվի հանձնարարությունների ցանկ, որոնք կարտացոլեն գործատուների պահանջը: Օրինակ՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ հանձնարարելիս թեմաները լինեն ոչ թե վերացական կամ հնացած, այլ գործնական` նվիրված այսօրվա ակտուալ խնդիրներին, որոնք այսօր լուծման կարիք ունեն: Կարևոր է նաև, որ գնահատման մոտեցումները փոխվեն. դասախոսը կարևորի ոչ թե փաստերի մեխանիկական վերարտադրությունը, այլ կիրառական հմտությունները:

- Իսկ մյուս ոլորտների առումով ինչ-որ քայլեր ձեռնարկվելո՞ւ են:

- «Արարատի» շրջանակներում ստեղծելու ենք հիմքեր, որպեսզի ձևավորվեն ոլորտային հանձնաժողովներ, և դա հնարավորություն կտա, որ նույնը տեղի ունենա նաև մյուս ոլորտների համար: Հաջողված փորձի տարածումը ժամանակի հարց է:

Հարցազրույցը՝ Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆԻ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: