Հայերեն   English   Русский  

​ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ԵՎ ԱՍՏՂԻԿ


Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը


  
դիտումներ: 9845

Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը՝ Վահագնի ծնունդը: Վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել:

Ուժն առանց սիրո ավերող է, սերն առանց ուժի՝ անզոր….

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

Բոց ունէր մօրուս,

Եւ աչքունքն էին արեգակունք։

Ամեն ազգ նման է իր երկրպագած երկնային ուժերին: Եվ հայության մեջ միշտ առանձնահատուկ հարգանք ու պատկառանք է եղել հայ զինվորի, ռազմիկի նկատմամբ: Բնականաբար, հայերս մեր նախաքրիստոնեական դիցարանում ունեցել ենք ռազմի ու քաջության աստված՝ հանձին Վահագնի: Ի դեպ, Վահագնի պաշտամունքը ամենաառաջնայինն է համարվել հայոց մեջ:

Հայոց առասպելաբանության մեջ Վահագն ռազմաստվածը հաճախ հիշատակվում է նաև որպես կայծակի, շանթի աստված, երբեմն՝ Արևի աստված: Նա կենսատու լույսի հովանավորն էր, որ ամենուր պայքարում էր չարի դեմ, խավարի դեմ:

Ի դեպ, Անանիա Շիրակացու հաղորդման համաձայն՝ Տիտանյան Բելի դեմ մարտնչողն ու նրան տապալողը ոչ թե Հայկ նահապետն էր, այլ Վահագն աստվածը:

Հայերը երկնային մարմիններից Հարդագողի ճանապարհ են կոչել Ծիր կաթինը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, դրա մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ: Հայոց տոմարի յուրաքանչյուր 27-րդ օրը նվիրված էր Վահագնին:

Վահագն աստծուն նվիրված տաճարներ Հայաստանում ամենուր էին: Իսկ գլխավոր տաճարը Տարոնում էր՝ Վիշապ քաղաքի մերձակա լեռան լանջին: Վիշապի Վահագնի տաճարում դրված է եղել Վահագն Վիշապաքաղի արձանը, տաճարը հարուստ էր, լի ոսկով և այլ գանձերով, որ բարբարոսաբար թալանվեց ու ավերվեց 301 թ. Գրիգոր Պարթևի կողմից:

Վահագնի խորհրդանիշը Խաչ պատերազմին էր՝ սվաստիկան, որ իր արտահայտությունն է գտել նաև ազգային էպոսում: Խաչ պատերազմին հայ ռազմիկի պատվո նշանն էր, որ կրում էր ռազմիկն աջ բազկին, մարտից առաջ երդվում Վահագնի բազկով ու զարկում թշնամուն: Հետագայում, որոշ ուսումնասիրողների կարծիքով, հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի շնորհիվ մեր սվաստիկան հայտնվեց գերմանական ռեյխի խորհրդանիշների շարքում:

Քրիստոնեական շրջանում էլ Վահագնի խորհրդանիշը, արդեն որպես զարդ, պահպանվեց շատ եկեղեցիների ճակատին: Այսօր էլ, եթե եկեղեցու ճակատին տեսնում ենք Խաչ պատերազմին, ուրեմն եկեղեցին կառուցված է կործանված վահագնական տաճարի փլատակների վրա: Ուղղակի միջնադարում վարպետները հին տաճարի դեկորացիաներն արդեն որպես զարդ օգտագործել են քրիստոնեական ճարտարապետության մեջ:

Հայոց Անի մայրաքաղաքի խորհրդանիշն էլ եղել է Խաչ պատերազմին, որը մինչ օրս ներսից զարդարում է քաղաքի Ավագ դռան ճակատը:

Վահագնի տաճարներում դպրոցներ են գործել: Հայ մանուկներն այնտեղ 8-ամյա կրթական փուլ են անցել, նրանց, ռազմարվեստից զատ, սովորեցրել են արհեստներ, արվեստներ, կենցաղավարություն: Վահագնական դպրոցներն իսկական դարբնոցներ են եղել հայ պատանիների համար, որոնք դպրոցն ավարտելուց հետո կյանք են մտել՝ պատրաստ սուր ճոճելու հանուն ազգի, հայրենիքի և պատվի:

Վահագնի տաճարի քրմերն ավանդաբար հայոց Վահևունյաց նախարարական տոհմի պայազատներն են եղել:

Վահագնին են նվիրված հայոց տոնածիսական համակարգի շատ ծեսեր, տոներ. մասնավորապես՝ Տրնդեզը: Սուրբ Սարգսի տոնն էլ վահագնական տոնածիսական համակարգի աղավաղված ձևն է, Համբարձումը հին հայոց մեջ նշվել է որպես Վահագնի և Աստղիկի սիրո տոն, բայց վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել: Ի դեպ, այսօր էլ արորդիներն այդ օրը նշում են որպես ամանոր՝ Վահագնի ծնունդ: Մարտի 21-ին է սկսվում հայոց տոմարը՝ Արեգ ամսվա Արեգ օրը:

Սովորույթի համաձայն՝ ողջ Հայաստանում մարտի 21-ի արևագալը մարդիկ դիմավորել են արթուն՝ ոտքի վրա, ապա փառաբանել Վահագնին, հայոց աստվածներին, վառել ծիսական կրակը, զոհաբերություն մատուցել Վահագն աստծուն, հիմնականում՝ արջառ, և սկսել ամանորյա խրախճանքը: Հայոց տաճարներում ազգային երգ ու պարն է թևածել, հայոց նազանի աղջիկներն են իրենց հեզաճկուն պարերը պարել, հայոց պատանիներն ու երիտասարդներն են մեր ազգային ռազմապարերը պարել, ռազմախաղերը խաղացել, ազգովի խրախճանք է եղել, և մեծ ու փոքր, կին թե տղամարդ, շինական թե իշխանավոր հավասարապես օգտվել են նույն սեղանից, հանց մեկ միասնություն:

Վահագնը Հայոց դիցարանում, բնականաբար, պետք է ունենար իր սիրեցյալին, հանձին Աստղիկի, որ սիրո և գեղեցկության աստվածուհին է: Աստղկական գլխավոր տաճարը գտնվում էր Աշտիշատում: Աշտիշատից ոչ հեռու գտնվում էր Աստղկաբերդը, որի պահապան քրմերի գործառույթը Աստղիկի տաճարի պաշտպանությունն էր: Աստղիկի տաճարը երբեմն կոչել են նաև Սենյակն Վահագնա: Հայոց ավանդապատումի համաձայն՝ Վահագնն ու Աստղիկն այդ սենյակում են հանդիպել, և նրանց սիրո արգասիքը կենարար ջուրն է եղել, ոսկե անձրև է տեղացել հայոց դաշտերի վրա: Աստղիկին նվիրված տաճարներ Հայաստանում ամենուր են եղել: Նշանավոր էր Վանա լճի ափին՝ Արտամետում գտնվող տաճարը: Ի դեպ, աստղկական տաճար է եղել նաև Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տեղում: Աստղիկի անունն է կրել հին հայոց տոմարի ամեն ամսվա 7-րդ օրը:

Ի տարբերություն հունա-հռոմեական և ասորական սիրո աստվածությունների՝ Աստղիկը բարեպաշտ ու խոհեմ էր: Նրա սերն ու հմայքը միայն Վահագնինն էին: Ավանդույթը պատմում է, որ երբ ամեն լուսաբացին Աստղիկը մերկանում էր և Արածանիի ջրերը մտնում լողալու, բազում պատանիներ էին հավաքվում, որ տեսնեն սիրո դիցուհու մերկությունը: Բայց բարեպաշտ դիցուհին մշուշով էր պատում չորս դին, որովհետև իր կուսական գեղեցկությունը միայն Վահագնինն էր: Ի դեպ, այդ պատճառով Արածանիի հովիտը Մշո դաշտ է կոչվում:

Սակայն մի օր չար վիշապը (որ հայոց առասպելաբանության մեջ հանդես է գալիս նաև Աժդահակ անունով) փախցնում է Աստղիկին: Արարատի երկրից պակասում է սերը: Եվ Վահագնը մեկնում է Աստղիկին որոնելու: Նա իր սիրեցյալին գտնում է խոր վիհի մեջ փակված: Վահագնը մենամարտում է Վիշապի դեմ, հաղթում նրան: Դրա համար Վահագն ռազմաստվածը նաև Վիշապաքաղ է կոչվում: Ապա իր թուր-կեծակիով զարկում է վիրապի բերանը փակած 40 ջաղացի քարին և փշրում՝ ազատելով Աստղիկին գերությունից: Այս պատումն իր անդրադարձն է գտել նաև ազգային էպոսում: Դրանից հետո Վահագնը Աստղիկին գրկած տանում է Արաքսի ափ, Արաքսի ջրերով լվանում նրա ոտքերը: Դաշտը փշապատ էր, և Աստղիկի ոտքերից արյուն է կաթում: Ամեն կաթիլ արյան տեղը վարդի թփեր են բուսնում: Այստեղից է բխում հայոց Վարդավառը՝ սիրո տոնը: Ի նշանավորումն դրան՝ Վարդավառին պատանիներն ու աղջիկները միմյանց վարդաջրով են ցողել: Քրիստոնյա եկեղեցին նենգափոխեց սիրո տոնը և ներկայացնում է որպես Հիսուսի պայծառակերպության տոն:

Հայկական ժողովրդական հեքիաթներում էլ պահպանվել է Վահագնի և Աստղիկի սիրո պատմությունը: Շատ հեքիաթներ ունենք, որոնցում Վիշապը գալիս փակում է կենարար ջրի ակն ու պահանջում կույս աղջիկ: Եվ Վիշապին դարձյալ հաղթում է հերոսը: Սա անմիջականորեն առնչվում է սիրո դիցուհի Աստղիկի պաշտամունքին, քանզի Աստղիկը նաև կենարար ջրի հովանավոր աստվածուհին է:

Ի դեպ, Աստղիկը կուսության խորհրդանիշն է: Նրա խորհրդանիշն աղավնին ու ծիծեռնակն են: Հայոց ավանդույթի համաձայն, երբ Վահագնն ու Աստղիկն ամուսնանում են, հարսանիքի ժամանակ Աստղիկն շտապելուց ցած է գցում ուսի լավաշը: Եվ Աստվածամայր Անահիտն արգելում է այդ պսակը՝ ասելով, թե նա, ով հացը գետնին կգցի, անարժան է հարսնանալու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: