Հայերեն   English   Русский  

Օպերային թատրոնը համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր բալետներ կներկայացնի


  
դիտումներ: 757

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը մի շարք ծրագրեր է պատրաստում, որոնք կներկայացվեն միջազգային բեմերում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:

Նա նկատեց, որ անցյալ տարի արդեն իսկ համաշխարհային ստանդարտներին համապատասխան գործ են ներկայացրել հանդիսատեսի դատին: Խոսքը «Զույգ արեգակներ» բալետի մասին է: Այն 8 անգամ ներկայացվել է երևանյան օպերային թատրոնում, ապա նաև մարզերում:

Ըստ Ռուդոլֆ Խառատյանի` այն եզակի մի գործ է Հայաստանի համար, որը կարելի է ներկայացնել նաև արտասահմանյան բեմերում:

Սակայն միայն այդ գործով բալետմայստերը չի սահմանափակվի: Թատրոնի անձնակազմն արդեն իսկ աշխատում է Շառլ Ազնավուրին նվիրված բալետի վրա: Այն ստեղծելու համար մեծ շանսոնյեի երկացանկից կընտրվեն գործեր, որոնք բացահայտում են նրա անցած ուղին:

Շատ շուտով բեմին կհայտնվի նաև «Անուշ» բալետը, որը Տիգրանյանի օպերայի հետ աղերսներ գրեթե չունի և ավելի շատ ժամանակակից միտումներին է համապատասխանում:

Ռուդոլֆ Խառատյանն ընդգծեց, որ 2017-ին կարևոր փուլ կսկվի թատրոնի կյանքում. «Մարդկության առաջին էպոսի` «Գիլգամեշի» պատմության հիման վրա կստեղծվի բալետ: Լիբրետոյի ընտրությունը պատահական չէ, քանի որ էպոսը կապ ունի նաև Հայաստանի հետ: Գիլգամեշը գալիս է Մասիս սարի շրջակայքում գտնվող երկիրը, որտեղ ապրում էր Նոյը, ում Աստված հավերժական կյանք էր պարգևել: Երբ շումերը հարցնում է Նոյից, թե ինչպես դառնալ անմահ, վերջինս պատասխանում է, որ դա անհնար է և` «Դու քո գործերով ես անմահանում» սա նաև շատ լավ ուղերձ կլինի ժողովրդին»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: