Հայերեն   English   Русский  

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հնդկաստանում հանդիպել է գյուղտեխնիկա արտադրողների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 918

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող, այդ թվում` խոշորագույն Դաշմեշ և Շաքթիման ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի նկատմամբ առկա է մեծ պահանջարկ` միևնույն ժամանակ կարևորելով արտադրանքի որակի և գնի հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղտեխնիկայի արտադրությանն ու մատակարարմանն առնչվող մի շարք հարցեր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության շուրջ: Մասնավորապես հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի ցուցադրություններ կազմակերպելու, ինչպես նաև տեղում պահանջարկն ուսումնասիրելու նպատակով:

Այնուհետև Հնդկաստանում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է հայկական գինիների համտես, որտեղ ներկայացվել են երկու տասնյակից ավելի հայկական կարմիր և սպիտակ չոր գինիներ: Համտեսին հրավիրված էին ալկոհոլային խմիչքներ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է հայ գինեգործության պատմությունն ու ավանդույթները, ինչպես նաև Հայաստանում գինու արտադրության ներկա վիճակը: Նախարարը նաև հրավիրել է ներկաներին այցելել Հայաստան տեղում հայկական գինեգործական արտադրանքին և գինու արտադրության պայմաններին ծանոթանալու համար: Միևնույն ժամանակ նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հնդիկ ներմուծողներին հայ գործընկերների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ: Հնդկական գինեգործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչներ հայտնել են, որ առաջիկայում կայցելեն Հայաստան հայ մասնագետների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու, փոխգործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես հայկական գինու արտահանման հնարավորության հարցը քննարկելու նպատակով:

Պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է նաև հանդիպում Հնդկաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանի հայկական համայնքը նույնպես ակտիվորեն կարող է ներգրավվել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման գործում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին, պատասխանել ներկաների հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: