Հայերեն   English   Русский  

ՄԻՀՐ


  
դիտումներ: 3460

Միհրի պաշտամունքը թերևս ամենատարածվածն է եղել Հին աշխարհում: Սկիզբ առնելով Հայաստանից՝ այն տարածվեց նախ Արևելքում, ապա՝ Հին Հռոմում: Առաջին դարում Հռոմի բնակչության քառորդ մասը միհրականություն էր դավանում, ինչը նպաստեց քրիստոնեության ընդունմանը: Քրիստոնեությունը, իր հերթին, շատ բան է փոխառել միհրականությունից:

Միհրը ծնվել է քարայրում, Հիսուսը ծնվել է մսուրում: Նորածին Միհրին այցելել են հոտաղներ, Հիսուսին` մոգեր: Միհրը ծնվել է դեկտեմբերի 25-ին, Հիսուսը՝ նույնպես: Միհրը լույսի և բարության մարմնավորողն է, Հիսուսը՝ բարության: Միհրը դարբին է, Հիսուսը՝ հյուսն: Միհրն ուներ 12 աշակերտ, Հիսուսը՝ նույնպես: Միհրն էլ ճաշակեց վերջին ընթրիքը, Հիսուսն էլ: Միհրը գարնանը հառնեց երկինք, Հիսուսն էլ: Միհրի պաշտամունքում կնքվում են, քրիստոնեության մեջ մկրտվում են: Մեհյանում անշեջ կրակ էր վառվում, եկեղեցում մոմ են վառում: Միհրը մեսիա է և լավ ու վատ գործերի դատավորը, Հիսուսը՝ նույնպես: Միհրի հոգևորականությունը յոթ կարգ ունի, եկեղեցու հոգևորականությունը՝ նույնպես:

Այո՛, Հռոմում միհրականությունը լայն տարածում և ամուր արմատներ ուներ: Մ.թ.ա. առաջին դարից արդեն հռոմեական հասարակությունը ճեղքեր էր տալիս, և Հռոմի տիրակալները, փորձելով փրկել հզոր կայսրությունը, ըստ էության՝ նպաստեցին միհրականության տարածմանն Արևմուտքում: Քանզի հռոմեական և հելլենական դիցարանի աստվածներն իրենց բարոյական նկարագրով ուղղակի կործանման էին տանում հռոմեական հասարակարգը: Չէ՞ որ ամեն ոք նման է այն դիցերին, որոնց երկրպագում է: Ի դեպ, միհրականությունը բուն Հռոմից զատ, տարածվեց նաև Հռոմի եվրոպական տիրույթներում: Սակայն, կտրվելով պատմական արմատներից՝ այն հիմնականում խեղաթյուրված էր ներկայացված: Համենայն դեպս, Հռոմում Միհրը և միհրականությունը բացարձակ արժեքներ չէին, ինչպես Արևելքում:

Միհրը, լույսի և արդարադատության աստվածություն լինելուց զատ, նաև երկնային մարմինների պտույտը հովանավորող աստվածն է: Հայոց հին հավատալիքների համաձայն՝ ամեն առավոտ պատռվում է երկինքը և Աղի ծովում (Վանա լճում) գտնվող ժայռից ծնվում է արարչագործ Միհրը, որ հայոց հնագույն ժայռապատկերներում պատկերված է մերկ և հայկական թագով: Նա աջ ձեռքին ջահ է կրում, որ արարչական լույսի, արևի խորհրդանիշն է, իսկ ձախ ձեռքում՝ դաշույն, որով պահպանում էր արդարադատությունը Երկրի վրա: Ծնվելով՝ Միհրը գոտեմարտի է բռնվում Ցլի հետ, որին սպանում է և աշխարհում հաստատում արարչական օրենքը:

Հայոց պատումի համաձայն՝ Միհրի ծնունդի ականատեսն են եղել երեք հովիվներ. դարձյալ նմանություն քրիստոնեության հետ: Երբ Հիսուսը ծնվեց մսուրում, նրան արևելքից երեք մոգեր այցելեցին:

Միհրի տաճարները Հայաստանում ամենուր էին: Արտաշատի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Միհրի՝ սև մարմարից կառուցված տաճարի ավերակները: 301 թ. մշակութասպանությունից հետո, Հայաստանում պահպանվեց միայն Գառնիի տաճարը: Իսկ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Միհրի արձանը մինչ օրս պահպանվել է Նեմրութի հայոց աստվածների դիցարանում, որ մ.թ.ա. 80-ական թվականներին կառուցել է Կոմմագենե հայոց պետության թագավոր Անտիոքոս Ա Երվանդունին:

Միհրի անվամբ են հայոց ազգային տաճարները ստացել մեհյան անունը: Հայոց շատ անձնանուններ էլ ծագում են Միհր անունից՝ Մհեր, Մեհրուժան, Միհրդատ…

Հայկյան տոմարի յոթերորդ ամիսը դարձյալ Միհրի անվամբ է կոչված՝ մեհեկան: Միհրի անունով է կոչված նաև յուրաքանչյուր ամսվա ութերորդ օրը:

Հայերը Միհրի ծնունդը տոնել են դեկտեմբերի 22-25-ը: Այսօր կաթոլիկ աշխարհը Միհրի ծննդյան հետ կապված՝ Հիսուսի ծնունդը ևս տոնում է դեկտեմբերի 25-ին:

Միհրը հայոց մեջ աստվածային օրենքները հաստատողն ու պահապանն էր, արդարադատության պահապան աստվածը:

Ինչպես նշեցինք վերը, պաշտամունքը դարերի ընթացքում տարածվեց այլ երկրներում ևս: Արևելքում Միհրը հայտնի էր Միթրաս կամ Միտրա անվամբ: Մանավանդ Իրանում մեծ շուքով էին նշում Միհրի տոնը: Աքեմենյան շրջանում հայոց Երվանդունի արքաները միհրական տոներին 20 հազար մտրուկ էին նվիրաբերում համաարիական շահնշահին՝ պարսից արքային: Իրանում, Զրադաշտի պաշտամունքից հետո, երկրորդ տեղում հենց հայոց Միհրի պաշտամունքն էր, և Միհրն իր ամուր տեղն ուներ իրանական աստվածների պանթեոնում:

Ասորական Աշուրբանիպալ արքայի արձանագրության մեջ Միհրը նշվում է նաև որպես Արևի աստված:

Միհրի պաշտամունքն իր արտացոլանքն է գտել նաև հայոց ազգային էպոսում, հանձինս Մեծ և Փոքր Մհերների:

Մեծ Մհերը հայտնի է նաև Առյուծաձև՝ առյուծ ձևող Մհեր անվամբ: Էպոսի համաձայն՝ Սասունում սով է բռնկվում: Մի ամեհի առյուծ փակում է Սասնա ճամփան, և քարավանները չեն կարողանում մուտք գործել Սասուն: Մհերն անզեն մենամարտի է բռնվում առյուծի հետ, երախից ճղում, երկու մասի է բաժանում առյուծի մարմինը: Սա, անշուշտ, Միհրի և ցլի գոտեմարտի անդրադարձն է. պարզապես ցլի փոխարեն հանդես է գալիս առյուծը:

Միհրի կերպարանքն է կրում նաև ազգային էպոսի Փոքր Մհերը, որ խռոված աշխարհի անարդարությունից՝ փակվում է ժայռում՝ Ագռավաքարում:

Հայոց էպոսում ժայռածնության մոտիվը չկա, բայց առկա է Փոքր Մհերի ժայռում փակվելը: Ագռավաքարն այսօր կոչվում է նաև Մհերի դուռ: Երբ տարին մեկ անգամ բացվում է Մհերի դուռը, հովիվը կամ նախրապանը մտնում է և տեսնում Մհերին: Պատումի համաձայն՝ Մհերը միայն աշխարհի վախճանի ժամանակ է դուրս գալու ժայռից, երբ հին աշխարհը քանդվի և նորը կառուցվի, կամ երբ գարին դառնա ընկույզի, իսկ ցորենը՝ մասուրի չափ, այսինքն՝ աշխարհը նյութական բարիքներով լցվի:

Միհրի կերպարը, «Սասնա ծռեր» էպոսից զատ, արտահայտվել է նաև հայոց ավանդություններում: Ավելին, հայոց պատմական որոշ գործիչների ժողովրդական ավանդապատումը Միհրի կերպարն է տվել: Ահավասիկ՝ Արտավազդ Ա արքան, որ թագավորել է մ.թ.ա. 160-115 թթ.: Հայոց ավանդությունը պատմում է, որ Արտավազդը հոր՝ Արտաշես Ա Բարի արքայի անեծքի պատճառով որսի է դուրս գալիս Ազատ Մասիսի փեշերը և ընկնում Մասյաց վիհը, ուր նրան կալանում են չարքերը, և դարբիններն Արտավազդ արքային գամում են ժայռին: Եվ ինչպես Միհրը, եթե Արտավազդին էլ հաջողվի խորտակել իր շղթաները և դուրս գալ երկիր, նա կկործանի Չարը և երկրի վրա արդարություն ու բարեպաշտություն կսահմանի:

Ավելորդ չէ նշել, որ Միհրի պաշտամունքը Հայաստանում քրիստոնեության մուտքից հետո չանհետացավ: Միհրականության շատ տարրեր էին իրենց գաղափարախոսության մեջ կրում պավլիկյանները, ավելի ուշ՝ թոնդրակեցիները: Ներսես Շնորհալի կաթողիկոսը նշում է, որ XII դարում էլ դեռ Հայաստանում արևորդիների համայնքներ կային:

Միհրականության պաշտամունքը երկար մնաց հայության մեջ, քրիստոնեությունը չկարողացավ իսպառ վերացնել այն: Արևմտյան Հայաստանում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում բնակվող ալևիները հենց միհրականության հետևորդներ են: Ուղղակի, դարերի ընթացքում նրանց վրա մեծ ազդեցություն են թողել քրիստոնեությունն ու իսլամը: Ալևիները պաշտում են Արևը, որ ամեն օր ծնվում է Աղի ծովում, երեկոյան մայր մտնում և փակվում ժայռերի մեջ:






Մեկնաբանություններ - 1

Աշոտ     12.03.2016 Զվարճալի հոդված էր, առավոտյան լավ էներգիա ստացա ընթեր ելիս։ Մնում էր միքյն, որ գրեիք, թե Միհրի մոր անունը Մոնիկա էր /Մարիամ Աստվածածնի հետ զոգահեռներ անցկացնելու համար/, և ամեն ինչ կընկներ տեղը։ Մի խոսքով՝ Հիսուսի մասին ինֆոն լավ աղավաղել եք ցանկացել։ Մի բան հիշեք, որ եթե նա աշխարհ եկած չլիներ, այդքան նահատակներ չէին լինի ու հրեաներն ամեն ինչ կանեին, որպեսզի նրա մասին ինֆոն իսպառ ջնջվեր մարդկության հիշողության շարքից։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: