Հայերեն   English   Русский  

​17 շահառու հիմնել է իր բիզնեսն ու մնացել հայրենիքում


  
դիտումներ: 736

Եվրամիության կողմից ֆինանսավորված «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացրել է «Մարդը կարիքի մեջ» («People in need») կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ համատեղ, ավարտում է իր ծրագիրը Հայաստանում:

Ծրագիրն իրականացվել է չորս մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքում: Այս ընթացքում մարզկենտրոններում ստեղծվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք գործել են զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից, իսկ անցած տարվա հուլիսից պաշտոնապես ընդգրկվել են զբաղվածության համակարգում:

Հետաքրքիր է՝ ինչպես է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատանքային թիմը գնահատում եռամյա ծրագրի արդյունքները: Այս հարցի շուրջ զրուցեցինք կազմակերպության հայաստանյան գրասենյակի միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի հետ:

- Ի՞նչ ասելէ շրջանառու միգրանտ, և ո՞րն է ծրագրի բուն նպատակը:

- Շրջանառու միգրանտն աշխատանքային միգրանտն է: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել տեղեկատվական կենտրոններ վերադարձողների և Հայաստանից մեկնողների համար: Մեր գործունեությունն ուղղված էր ոչ թե մեկնող միգրանտներին աջակցելուն, քավ լիցի, այլ արդեն վճռական տրամադրված մեկնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելուն, հատկապես՝ իրենց իրավունքների մասին:

Այդ նպատակով զարկ տրվեց համապատասխան միգրացիոն ռեսուրս կենտրոնների ստեղծմանը Հայաստանի 4 մարզերում՝ զբաղվածության տարածքային կենտրոններին կից: Մենք ներդրում կատարեցինք ոչ միայն գույքի, տեխնիկայի ձեռքբերման գործընթացներում, այլև մասնագիտական աջակցություն ցույց տվեցինք. զբաղվածության ծառայության աշխատակիցների վերապատրաստում և այլն:

- Եռամյա ծրագրի ընթացքում քանի՞ անձ է խորհրդատվություն ստացել, ովքե՞ր են վերապատրաստվել և քանիսն են աշխատանքով ապահովվել:

- Ընդհանուր առմամբ ռեսուրս կենտրոններում խորհրդատվություն է ստացել 8527 անձ, իսկ 284 ը, կարողությունների զարգացման անհրաժեշտությունից ելնելով, ցանկություն են հայտնել մասնակցելու միջին մասնագիտական վերապատրաստման դասընթացների՝ 1-3 ամիս տևողությամբ: Նրանց 53 տոկոսը, կարող եմ փաստել, այս պահին աշխատանք ունի, ինչը բավական կարևոր ու գոհացնող ցուցանիշ է:

- Անդրադառնանք ծրագրի դրամաշնորհային մասին. քանի՞ շահառու ընդգրկվեց ծրագրում, ի՞նչ չափանիշներով և ինչպիսի՞ տեսանելի արդյունքներ ունենք այսօր:

- Եվրամիության կողմից մեզ հատկացված դրամաշնորհային ծրագրի միջոցով պետք է մոտ 200 շահառուի վերապատրաստեինք, այնինչ այդ ցուցանիշը մեծացավ մի քանի տասնյակով: Մեծացել է նաև դրամաշնորհային ծրագրի շահառուների թիվը, 15 դրամաշնորհային ծրագրի փոխարեն 17 դրամաշնորհ ենք տրամադրել 1,5 -5 մլն դրամի շրջանակներում, որոնք նպատակաուղղվել են տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեությանը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր դրամագլուխը եղել է 100 հազար եվրո: Շահառուների բիզնես գործունեության արդյունքում բացվել է 55 նոր աշխատատեղ: Սակայն մեր աշխատանքները չեն սահմանափակվել միայն ռեսուրս կենտրոնների ստեղծմամբ և գործունեությամբ: Զուգահեռ, ներմուծված նոր ուսումնական մեթոդի շնորհիվ, իրականացրել ենք լայնամասշտաբ իրազեկում հանրակրթական ուսումնական հաստատություններում: Վերապատրաստված ուսուցիչների շնորհիվ. հասարակագիտության առարկային կից վավերագրական ֆիլմերի միջոցով լուսաբանվել է միգրացիա երևույթը՝ իր առկա վտանգներով ու խնդիրներով:

Ուսումնական մեթոդը մշակվել է Կրթության ազգային ինստիտուտի կողմից, ձեռնարկներն արդեն տպագրվել են, և 96 դպրոցի 132 ուսուցիչ վերապատրաստվել է միայն մեր ծրագրի արդյունքում:

- Ինչպե՞ս եք աջակցել շահառուներին՝ իրականացնելու բիզնես նախաձեռնությունները, և ծրագրի ավարտից հետո այդ բիզնեսները կկարողանա՞ն ինքուրույն գոյատևել:

- Ընդհանուր առմամբ բիզնեսի ֆինանսավորման աջակցության 75 դիմում է ներկայացվել և հավանություն է տրվել միայն 17-ին: Կային հստակ չափանիշներ, օրինակ՝ շահառուն պետք է առնվազն 6 ամիս աշխատած լիներ արտերկրում և 1 տարվա ընթացքում վերադարձած լիներ Հայաստան: Այդպիսի 150 շահառու դիմել է կազմակերպությանը և մասնակցել բիզնես դասընթացների, սովորել բիզնես պլան գրել, հաշվարկել եկամուտը և այլն: Դրամաշնորհը նրանց տրվել է ոչ թե ֆինանսի, այլ գույքի և տեխնիկայի տեսքով: Այսօր, վստահաբար, կարող ենք ասել, որ նրանց բիզնես գործունեությունը բավական լավ դիրքերում է, նույնիսկ՝ կայացած: 2009-2012 թթ. մենք 27 բիզնես ծրագիր ենք ֆինանսավորել, որոնցից 25 -ը մինչ օրս շարունակում են աշխատել:

- Իսկ կա՞ն տվյալներ, թե շահառուներն ինչ պատճառով են վերադարձել Հայաստան:

- Վերադառնալու պատճառները բազմազան են: Օրինակ՝ եղել է շահառու, որ վերադարձել է ոչ սեփական կամքով, Հայաստանում առաջացած խնդիրների պատճառով, այնուհետև, դրամաշնորհի շրջանակներում իր բիզնեսն է հիմնել: Եղել է շահառու, որ վերադարձել է աշխատանքային պայմանագրի ավարտից հետո: Մեզ համար կարևոր է նաև, որ շահառուն ստիպված վերադարձած չլինի: Այնպես չէ, որ դրամաշնորհը տալուց հետո մենք չենք հետևում նրանց բիզնես գործունեությանը: Մեկ տարի շարունակ նրանց գործունեությունը մշտապես մոնիթորինգի է ենթարկվել:

- Իսկ ինչպե՞ս է կազմակերպությունը մասնակցել միգրացիոն հայեցակարգի գործողությունների ծրագրի մշակմանը:

- 2009-2012 թթ. ծրագրի ընթացքում մենք ԵԱՀԿ գրասենյակի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ վարձեցինք փորձագետներ, որոնք հայեցակարգի գործողությունների ծրագիր մշակեցին: Դրան աջակցեցինք աշխատանքային հանդիպումների կազմակերպմամբ և մասնագիտորեն: Հանդես եկանք մեր առաջարկներով՝ անմիջապես շփվելով միգրանտների հետ: Այս տարի փորձագետ վարձեցինք, որը գնահատեց գործողությունների ծրագիրը, վեր հանեց բացերը, ներկայացրեց առաջարկները 2017 թ. գործողությունների ծրագրի կազմման համար:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: