Հայերեն   English   Русский  

​Հայաստանը մոնղոլ զբոսաշրջիկի աչքերով


  
դիտումներ: 7501

Վերջին տարիներին Հայաստանում մեծանում է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը: Թեև տուրիստական հոսքը հիմնականում սկսվում է ամռանը, ձմռանը նույնպես փողոցներում երբեմն կարելի է լուսանկարչական սարքերով և ուսապարկերով զինված մարդկանց հանդիպել:

Նրանցից մեկը Ծերեմփիլ Շուրխուն է, որը Հայաստան է ժամանել Ուլան Բատորից: Չինգիզ Խանի հայրենակցուհուն Հայաստան է բերել ոչ թե նվաճելու տենչը, այլ հայկական լեռների և բնության գեղեցկության մասին պատմությունները:

Մոնղոլական արշավանքերից 8 հարյուր տարի է անցել, և շատ բան է փոխվել երկու երկրներում էլ: Շատ քչերն են ճանաչում Ռուսաստանի և Չինաստանի մեջտեղում հայտնված երկիրը, որը, չնայած տարածքային մեծությանը, ընդամենը 3 միլիոն բնակիչ ունի: «Երբ զանազան գիտաժողովների կամ սեմինարների ժամանակ ասում եմ` Մոնղոլիայից եմ, ոչ ոք չի հասկանում` ինչ երկիր նկատի ունեմ: Սովորաբար խնդրում են կրկնել և հարցնում` «Մոլդովա՞»,- «Անկախի» հետ զրույցում պատմեց Ծերեմփիլը:

Նա նշում է, որ իր երկրի իշխանությունները, փորձելով խուսափել կախվածություն ձեռք բերելուց, հրաժարվել են գազ ներկրելուց, և այժմ երկրի ջեռուցման հիմնական աղբյուրը ածուխն է: Դրա հետևանքով երկրի ողջ տարածքը պատված է ծխի թանձր շերտով:

Քիմիկոս Ծերեմփիլը պատմում է, որ Հայաստանից ստացած առաջին տպավորությունը նույնպես կապված է ծխի հետ. «Հենց մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, ես մի տեսակ ծխի հոտ զգացի ու անընդհատ ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, բայց այդպես էլ պատասխան չգտա: Օրեր անց դա մի քիչ մեղմացավ, սակայն մինչև այժմ էլ զգում եմ դա. ամենուր այրվող փայտի հոտ է գալիս»:

Նա նշում է, որ Հայաստանում իրեն ամենից շատ գրավում է յուրահատուկ լանդշաֆտը. «Ես սիրում եմ լեռներ: Այդ պատճառով Հայաստանը վաղուց այն երկրների ցուցակում էր, որոնք ես անպայման ուզում էի այցելել: Սակայն սկսեցի գործնականորեն պլանավորել ճանապարհորդությունը, երբ Նիդեռլանդներում ծանոթացա մի հայաստանցի բնապահպանի հետ, որը հրավիրեց ինձ իր երկիր: Ես էլ որոշեցի իրականացնել երազանքս»:

Ծերենփիլի խոսքով` Հայաստանում ճամփորդությունն անչափ հերաքրքիր է անցնում. «Ինձ շատ դուր եկան ձմեռային տեսարանները: Այդ նույն վայրերը ես համացանցում տեսել էի, սակայն նկարներում միայն ամռան շրջանն էր ներկայացված: Գուցե դրանք ամռանն իսկապես ավելի գեղեցիկ լինեն, սակայն այդ ճերմակությունը, ձյունոտ լեռնագագաթներն իսկապես եզակի են և ամեն տեղ չէ, որ կարելի է հանդիպել»:

Ծերենփիլի համար ամենահուզիչ պահերն անցել են Գեղարդում, որտեղ նա պատահաբար ներկա է գտնվել պատարագի արարողությանը: Հայկական եկեղեցական երաժշտությունը բուդդայական փիլիսոփայության հետևորդին ստիպել է փշաքաղվել:

«Ես ուղղակի ապշած եմ եկեղեցիների գեղեցկությամբ: Սակայն, եթե անկեղծ լինեմ, այս երկու օրերի ընթացքում շատ-շատ եկեղեցիներ տեսա: Եվ հնարավոր է, որ դա ձանձրացներ, եթե չլինեին զարմանահրաշ և բազմազան բնապատկերները: Օրինակ՝ այսօր դեպի Խոր Վիրապ տանող ճանապարհն այնքան հարթ էր, մթնոլորտն այնքան խաղաղ, ձյան հետք անգամ չկար: Իսկ հետո դեպի հյուսիս ճանապարհին ամբողջ տարածքը պատված էր ձյան շերտով»:

Մոնղոլ զբոսաշրջիկն առանձնացնում է նաև Հայաստանում մայրաքաղաքի և այլ բնակավայրերի միջև առկա հսկայական տարբերությունը. մի կողմից՝ միջնադարյան եկեղեցիներ, մյուս կողմից` ժամանակակից ոճով կառուցված ժամանցի կենտրոններ Երևանում, սոցիալական և տնտեսական ծանր վիճակ Գառնիում և Օշականում, իսկ մայրաքաղաքում` ուրախ դեմքեր, թանկարժեք մեքենաներ, բազմամարդ առևտրի կենտրոններ:

Ուլան Բատորի բնակչին Հայաստանում շատ են զարմացրել կիսակառույց առանձնատները, որոնք կարելի է տեսնել գրեթե բոլոր բնակավայրերում, որոնք նա հասցրել է այցելել:

«Դրանք մեկ-երկու հատ չէին, այլ ամբողջ շարաններ: Ես չէի հասկանում` ինչու են դրանք լքվել: Ինձ տխրեցնում է այդ միտքը, որ մարդիկ իրենց ընտանիքների համար սկսել են կառուցել դրանք, բայց հետո կիսատ են թողել: Թվում է, թե մարդիկ այստեղ շատ են հիասթափվում և հուսահատվում»,- ասում է նա:

Ծերենփիլը կարծում է, որ ամեն ազգ ունի իր յուրահատկությունը: Տարբերություններ կարելի է գտնել չինացիների, թուրքերի կամ իրանցիների միջև. «Ամենահետաքրքիր երևույթը, որ այստեղ տեսա, տղամարդկանց խմբերն էին գրեթե ամեն փողոցում ինչ-որ բան քննարկելիս: Այլ երկրներում էլ են հավաքվում, քննարկում ինչ-որ թեմա, բայց մի տեսակ այլ կերպ: Մյուս երկրների համար դա այդքան էլ բնորոշ չէ: Հատկանշական էր այդ սեռային միատարրությունը: Այլ երկրներում ես տեսնում եմ կանանց և տղամարդկանց միմյանց հետ զրուցելիս, այստեղ հստակ տարանջատում կա»,- ասում է նա:

«Մարդիկ այստեղ բարի են, հյուրասեր, բայց ամենաբնորոշ բառը հայերի համար հետաքրքրասիրությունն է: Ես համոզված եմ, որ հայերը շատ են սիրում տուրիստներին»,- ծիծաղում է նա:

«Անկախի»այն հարցից, թե արդյոք հուզի՞չ չէ տեսնել մոնղոլական պատմության և մշակույթի հետքեր հայրենիքից այսքան հեռու՝ օտար երկրում, Ծերենփիլը մի փոքր նեղսրտում է. «Իսկապես, ես շատ բան այստեղ տեսա Մոնղոլիայի հետ կապված, Հայաստանի պատմության թանգարանում՝ հատկապես, որտեղ անգամ դրամներ են պահպանվել մոնղոլ խաների պատկերներով: Սակայն պետք է խոստովանեմ, որ երբ առաջին անգամ ուրիշ երկրներում տեսա Մոնղոլիայի պատմությանը վերաբերող նմուշներ, իսկապես շատ էի հուզվել, դա շատ հետաքրքիր էր: Սակայն մի քանի անգամ նույն բանը տեսնելուց հետո դա սովորական է դառնում: Ամեն անգամ մտածում եմ` լավ, այդ բարձունքին մենք կարողացանք հասնել, բայց դրանից հետո ոչ մի նվաճում չունեցանք, չկարողացանք ավելին ձեռք բերել»:

Հայաստան կատարած ուղևորությունը շատ կարճ է տևում: Մի քանի օր անց Ծերենփիլ Շուքրուն արդեն Անթալիայում կլինի, որտեղ պետք է սկսի աշխատել գիտական նոր հոդվածի վրա. «Մի քանի ամսից նորից կայցելեմ ձեր երկիր, բայց արդեն երեխաներիս հետ: Ուզում եմ տեսնել՝ ինչպիսին է այն ամառային Հայաստանը, որի մասին այդքան շատ եմ լսել»,- հրաժեշտի պահին խոստանում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: