Հայերեն   English   Русский  

Ծաղիկները կփրկեն աշխարհը. Լուսանկարներ


  
դիտումներ: 15270

Աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ գարնանային ավանդույթների շարքում ամենագեղեցիկը մնում է ճապոնական «հանամին»` սակուրայի ծաղկունքով զմայլվելու ճապոնական ավանդույթը:

Թեև վարդագույն և սպիտակ բալենու ծաղիկները փթթում են ընդամենը մի քանի օրով, սակայն ամբողջ երկրի տարածքում մարդիկ վայելում են այդ բացառիկ օրերը: Սակուրայի ծաղկունքով զմայլվելը երկար սպասված իրադարձություն է, որը փոխում է կյանքի ռիթմը և իսկական ընտանեկան տոնի վերածվում: Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ ընկերներով, ընտանիքներով հավաքվում են զբոսայգիներում և հիանում սակուրայով: Ծաղկումը սկսվում է փետրվարին և կախված տեղանքից` տևում մինչև ապրիլ:

ծաղիկներ 7









Պատկառուկ


ծաղիկներ 7

Տրամաբանորեն մեր կլիմային համապատասխան տարվա առաջին ծաղիկները պետք է լինեն ձնծաղիկները: Իրականում շատ երկրներում գարնան գալուստի մասին հուշում է պատկառուկը:

Սակայն այժմ վաճառվող պատկառուկը երբեմն կասկածելի համբավ է ունենում՝ խորհրդային տարիներին դրանք վաճառվում էին յուրաքանչյուր անկյունում, և այդ դեղին ծաղիկները մարտի 8-ի կապակցությամբ սովորաբար ամենաշատ նվիրվող ծաղիկներից էին:

ծաղիկներ 7

Պատկառուկ, միմոզա, միմոզազգիների ընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Հայտնի է պատկառուկի 450-500 տեսակ։

Պատկառուկի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ օրինակ, ամոթխած պատկառուկի տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ տերևն իջնում է։

Բազմաթիվ պճնամոլ քաղաքացիներ դեռևս շարունակում են են ատել պատկառուկը` հիշելով Բուլգակովին, որը քննադատում էր դրանք որպես ընդհանուր առմամբ գարնանը համապատասխանող անվստահության և անապահովության խորհրդանիշ:

Պատկառուկի իրական անվստահությունը պայմանավորված է նրա անվանմամբ, քանի որ այն պատկառուկը չէ, այլ արծաթագույն ակացիան, որն իր հերթին իրական ակացիան չէ, այլ բակլազգիների ընտանիքին է պատկանում: Իսկական պատկառուկը ռոմանտիկ «ամոթխած» մականունով ծաղիկն է, որի հետ արծաթագույն ակացիան ինչ-որ կերպ միավորվել է: Այդիսկ պատճառով չափազանց զգայուն մարդկանց երբեմն հեգնանքով «պատկառուկ» են անվանում:

Մագնոլիա


ծաղիկներ 7


Իր դեկորատիվ հատկանիշներով մագնոլիան առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում ծառերի և թփերի շարքում: Դրանք ունեն մեծ և գեղեցիկ ծաղիկներ, խոշոր դեկորատիվ տերևներ և ոչ պակաս դեկորատիվ պտուղներ: Այն կարող է ցանկացած այգու գեղեցիկ զարդ լինել: Մագնոլիան աշխարհի ամենահին բույսերից մեկն է, մագնոլիազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղից։ Տերևները պարզ են, կոշտ, ամբողջաեզր, հերթադիր, պարունակում են եթերայուղեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ։ Ծաղիկները երկսեռ են, մեկական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կազմված է գալարաձև պարկուկներից։ Հայտնի է շուրջ 80 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայում, Ամերիկայում։ Այգեպանների համար մագնոլիան այն հազվադեպ էկզոտիկ բույսերից է, որոնք գեղեցիկ և խոշոր ծաղիկներ և տերևներ ունեն , իսկ ծաղկի նրբությունը մանգոլիաների ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի մասնագետ Կ. Լյուսին ստիպել է դրանք բուսական աշխարհի «ազնվականներ» անվանել:

Նարդոս


ծաղիկներ 7

Նարդոսի հայրենիքը Հնդկաստանը, Պակիստանը և միջերկրածովյան տարածաշրջանի երկրներն են: Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ: Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլներում հավաքված։

Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության, արոմաթերապիայի մեջ և խոհանոցում։ Առավել տարածված տեսակներից են անգլիական, հոլանդական և ֆրանսիական նարդոսները:

Բնության մեջ տարածված նարդոսի ավելի քան 300 տեսակից 2-ը` լայնատերև (L. Latifolia) և դեղաբույսային, (L. Officinalis) օգտագործվում են համեմունք և եթերային յուղ ստանալու նպատակով: Իսկ նարդոսի ևս 5-6 տեսակ աճեցվում է բժշկական հումք ստանալու և դեկորատիվ նպատակներով` այգիներին և բակերին անուշահոտություն հաղորդելու համար: Նարդոսի տեսակները տարբերվում են ձևով, չափսով, տարածման տարածաշրջաններով և այլն: Նարդոսը սովորաբար ասոցացվում է նուրբ մանուշակագույն ծաղկի հետ: Սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ այլ երանգներ` սպիտակ, վարդագույն, բաց և մուգ մանուշակագույն, երկնագույն:

Լոտոս


ծաղիկներ 7

Հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ջրային բույս է` գեղեցիկ ծաղիկներով և ուտելի պտուղներով: Լոտոսը մեր մոլորակի ամենահիասքանչ ջրային բույսերից մեկն է համարվում, որը կարծես իր գեղեցկությամբ մրցակիցներ չունի: Արևելքի բազամթիվ երկրներում դարեր շարունակ շատերը երկրպագել են այն և սուրբ բույս համարել: Այն պատվավոր տեղ է զբաղեցրել կրոնական արարողությունների, ավանդույթների և լեգենդների մեջ, և այդ մասին վկայում են դրան նվիրված գրականության, ճարտարապետության և արվեստի բազմաթիվ գլուխգործոցները:

Լոտոսը համարվել է մաքրության խորհրդանիշ, Բուդդա Աստվածը հաճախ է պատկերվել տերեւի վրա նստած, իսկ եգիպտական վերջին թագուհի Կլեոպատրան` թանկարժեք քարերով զարդարված, ձեռքում լոտոսի ծաղիկը պահած:

Չինական, վիետնամական, հնդկական, արաբական եւ տիբեթյան բժշկության մեջ նկարագրված են բույսի կոճղարմատի, ցողունի, տերեւների, ծաղկաթերթերի եւ առէջքների բուժիչ հատկությունները։ Փոթոթահամ, քաղցր առէջքներն օգտակար են սրտի, երիկամների, միզապարկի բորբոքման դեպքում, քանի որ պարունակում են ֆլավոններ եւ ալկալոիդներ։

Կա լոտոսին նվիրված հավատալիք. որի համաձայն` եթե շնչեք լոտոսի ծաղկի բուրմունքը եւ երազանք պահեք, ապա այն անպայման կկատարվի։

Եղրևանի


ծաղիկներ 7

Եղրևանին (յասաման) ձիթազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ կամ ծառ է: Հայրենիքը Արևելյան և Կենտրոնական Ասիան է: Աշխարհում տարածված է եղրևանու ավելի քան 350 տեսակ: Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։

Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ): Ցրտադիմացկուն է, պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ: Թուփը ստվերադիմացկուն է, սակայն փարթամ ծաղկում է արևի առատ լույսի պայմաններում:






Մեկնաբանություններ - 1

Sandy     02.05.2016 Herlig! Hvis jeg vinner vil jeg bruke gavekortet pÃ¥ forskj leker til lekenjøkkeket som barna skal fÃ¥ til jul.Klem fra Kristin
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: