Հայերեն   English   Русский  

ԱՀԿ-ի տվյալներով Հայաստանը ամենաառողջ ու երջանիկ երեխաներ ունեցող երկրների թվում է


  
դիտումներ: 1528

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել ՝ «Դպրոցահասակ երեխաների վարքը առողջության հանդեպ 2016» (HBSC 2016): Այդ հետազոտության մեջ կազմակերպության մասնագետները, վերլուծելով տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից 11-15 տարեկան 220 հազար երեխայի մասին տվյալները, եկել են այն եզրակացության, որ դեռահաս տղաները բոլոր երկրներում ավելի շատ են տառապում ավելորդ քաշով, քան աղջիկները:

Հետազոտության համաձայն, աշխարհի որոշ երկրներում գիրությունն ու ավելորդ քաշը ամենևին էլ դժվար հաղթահարելի խնդիր չեն դեռահասների շրջանում: Այդ երկրներին են Հայաստանը, Հունաստանը, Ալբանիան:

Ինչպես նշվում է զեկույցում, այս երկրներում ծնողները աջակցում են երեխաներին ավելորդ քաշի ց ազատվելու հարցում, իսկ երեխաներն ազատ կարող են դիմել ծնողներին այդ հարցով:
Բացի այդ, Հայաստանը, Պորտուգալիան ու Իտալիան այն երկրների շարքում են, որտեղ երեխաները ավելի շատ սնվում թարմ բանջարեղենով ու մրգերով, քան Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրներում, ինչը դրական է անդրադառնում քաշի ու առողջության վրա:
15 տարեկանում ծխող դեռահասների թվով առաջատարներն են Ֆրանսիան, Իտալիան Հունգարիան ու Խորվաթիան: Միևնույն ժամանակ Հայաստանում, Կանադայում, Իսլանդիայում և Նորվեգիայում 15 տարեկանների շրջանում ծխախոտի գործածման համարյա զրոյական մակարդակ է: Այս երկրները առաջատար են նաև չխմող երեխաների թվով:
Եթե Չեխիայում ու Մեծ Բրիտանիայում 15 տարեկանում սեռական կյանքով ապրողների թիվը կտրուկ աճել է, ապա Հայաստանում, Ալբանիայում, Մոլդովայում կրճատվել է՝ հասնելով համարյա զրոյի:
Հետազոտության տարբեր գնահատականներով, դպրոցական տարիքի հայ երեխաները ոչ միայն ամենաառողջներից են, այլ նաև ամենաերջանիկներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: