Հայերեն   English   Русский  

​Ամուսնալուծության հետևանքով տուժում են բոլորը, բայց առավել՝ երեխաներն ու երկիրը


  
դիտումներ: 1754

Մեր ազգային մտածողության մեջ ընտանիքի գաղափարը միշտ եղել է առաջնային, չափազանցություն չի լինի ասել՝ սրբություն:

Այն դիտվում է նաև որպես պետության հիմք կամ միջնաբերդ: Բայց արի ու տես, որ մասնագետների համոզմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել արժեքների վերագնահատում, փոխվել է վերաբերմունքն ընտանիքի նկատմամբ: Նոր սերունդն այլ սպասումներ ու պահանջներ ունի ընտանիքից: Այս վարկածը, ցավոք, ապացուցում է վիճակագրությունը. ամուսնալուծությունների թիվը վերջին տարիներին աճել է:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թ. Հայաստանում գրանցվել է 3669 ամուսնալուծություն, ինչը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 18,4 տոկոսով. դրա մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Ինչպես միշտ ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշն ունենք Լոռիում, միջին հանրապետական ցուցանիշից քիչ ավելի բարձր է նաև Երևանում, իսկ մնացած մարզերում այդ գործակիցն ավելի ցածր է, քան միջին հանրապետականը»,- նշում է Կույումջյանը՝ շեշտելով, որ ամուսնալուծության ամենացածր ցուցանիշը Տավուշի մարզում է:

ԱՎԾ տվյալների համաձայն՝ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, նվազել է 0.3 պրոմիլային կետով և կազմել 1.2 տոկոս: «Հանրապետությունում 2015 թ. հունվար-դեկտեմբերին, 1000 ամուսնության հաշվով, արձանագրվել է ամուսնալուծության 208 դեպք` 2014 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 238-ի համեմատ»,- նշվում է ԱՎԾ-ի հրապարակած տվյալներում:

Սա, անշուշտ, դրական փաստ է: Բայց խնդիրն այն է, որ 2010-2012 թթ., 1000 ամուսնությունների հաշվով, եղել է միջինը 166 ամուսնալուծություն, իսկ 2013-2015 թթ. այդ ցուցանիշն արդեն հասել է 217-ի: Այսինքն՝ վերջին 2-3 տարիներին ամուսնալուծությունների ցուցանիշը աճել է: Սա, մասնագետների համոզմամբ, արդեն մտահոգիչ է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այս կապակցությամբ «Անկախին» ասաց, որ վերջին 2 տարիներին ունեցել ենք ամուսնալուծությունների մի փոքր աճ, և այս միտումը պահպանվում է:

«Հասարակության համար ամուսնալուծությունը, որպես երևույթ, լավ բան չէ, դրա հետևանքով ունենում ենք ավելի շատ ոչ լիարժեք ընտանիքներ: Դա կարող է հանգեցնել ինչպես սոցիալական, այնպես էլ հոգեբանական բարդությունների: Պետության համար դա սոցիալ-տնտեսական բեռի ավելացման հետևանք կարող է ունենալ, իսկ անձերի համար` հոգեբանական, հատկապես երեխաների հոգեբանության վրա դա կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ»,- նշում է Գարիկ Հայրապետյանը:

Իհարկե, ամուսնալուծությունը ոչ միայն մեզանում, այլև համամարդկային առաջնահերթ խնդիրներից է, և մասնագետների գնահատմամբ`ապահարզանների թվի աճ գրեթե բոլոր երկրներում է արձանագրվում: Բայց Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի արվում: Դժվար է գտնել նաև մասնավոր հետազոտություններ: Հետևաբար, հայաստանյան զույգերի ամուսնալուծության պատճառների մասին կարելի է կարծիք կազմել` հիմնվելով այս խնդիրն ուսումնասիրողների դիտարկումների ու անձնական փորձի վրա միայն:

Ամուսնալուծության պատճառները տարբեր են

Ըստ ուսումնասիրողների դիտարկումների՝ ամուսնալուծությունների աճի հիմնական գործոններից է ուրբանիզացման մակարդակը. մեծ քաղաքը ամուսիններից յուրաքանչյուրին բնակության վայրի, աշխատանքի, մտերիմների և ընկերների ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում, միաժամանակ թուլանում է հանրության կարծիքի ազդեցությունն ամուսինների վարքի վրա: Հասարակությունում կնոջ դերի մեծացումը բերում է ամուսնության և ամուսնական զուգընկերոջ հանդեպ կնոջ պահանջների ավելացում: Որքան բարձր է կնոջ կրթական մակարդակը, մասնագիտական որակավորումը, որքան լայն է նրա անձնական և հասարակական շփումների մակարդակը, որքան ավելի անկախ և ինքնուրույն է կինը, այնքան շատ են նրա պահանջներն ամուսնությունից:

Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի կողմից մեր երկրում անցկացված հարցումների արդյունքները ցույց էին տալիս, որ ամուսնալուծվողները որպես ապահարզանի պատճառ ավելի հաճախ նշում են հետաքրքրությունների և ընդհանուր հայացքների բացակայությունը, բնավորության անհամապատասխանությունը, սիրո բացակայությունը, քան ամուսնու հիվանդությունը, երեխա ունենալու անհնարինությունը կամ վատ կենցաղային պայմանները:

Հոգեբաններն էլ ամուսնալուծությունների բազմաթիվ պատճառներ են նշում: Նրանց համոզմամբ՝ ամուսնալուծությունները խթանող գործոններից առաջինը կենսական արժեքների անհամապատասխանությունն է: Սրանց թվին են պատկանում այն հարցերը, թե երբ և ինչքան երեխաներ ունենալ, ինչքան պետք է վաստակել և ինչպես այն ծախսել, ինչպես կազմակերպել հանգիստը, ինչպես նաև սննդային և սեռական նախընտրությունները:

Ըստ հոգեբանների՝ ամուսնալուծությունները խթանող գործոններից են նաև պայմանավորվելու և կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու անկարողությունը: Ամուսնալուծության պատճառ կարող է դառնալ նաև ընտանիքում երեխայի բացակայությունը: Մեկ այլ պատճառ էլ ամուսիններից մեկի դավաճանությունը կամ ենթադրյալ դավաճանությունն է և մյուսի՝ այդ դավաճանությունը ներել չկարողանալը:

Շատ ընտանիքներ քայքայվում են նաև սոցիալական խնդիրների պատճառով, երբ ամուսինն ի վիճակի չի լինում լիարժեք ապահովելու ընտանիքի կարիքները: Հայաստանում ամուսնալուծության պատճառներից է նաև զույգերից մեկի ծնողների միջամտությունը զույգի ընտանեկան կյանքին:

Պատճառների մի մեծ խումբն էլ տնտեսական է: Օրինակ` կանայք բողոքում են, որ տղամարդիկ չեն աշխատում, չեն ապահովում ընտանիքը, մեղադրում են ամուսնուն սոցիալական առումով կոմպետենտ չլինելու մեջ: Պարզվում է՝ Հայաստանում քիչ չեն նաև սեռական կյանքում անհամատեղելիությամբ պայմանավորված ամուսնալուծությունները: Վերջապես, ամուսնալուծության պատճառ կարող են լինել բռնությունը, կախվածությունը` ալկոհոլից, թմրանյութերից, մոլախաղերից, աղանադավոր լինելը և այլն:

Ազդեցություն է թողնում նաև արտագնա աշխատանքը: Հայաստանի մարզերում ամուսնալուծությունների թվի աննախադեպ աճը մասնագետները կապում են հենց այդ գործոնի հետ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչն էլ է նշում, որ դեռևս չկան ուսումնասիրություններ, թե ինչով է պայմանավորված Հայաստանում վերջին տարիներին արձանագրված ամուսնալուծությունների աճը, սակայն խիստ նախնական գնահատականներով՝ դա ավելի շատ պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով, միգրացիոն հոսքերով, քանի որ տարբեր վայրերում բաժան ապրելը բացասաբար է անդրադառնում ընտանիքի վրա` ի վերջո հանգեցնելով ամուսնալուծության:

«Շատ նախնական և ավելի շատ զգացմունքային՝ անձնական դիտարկումներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ չափով պատճառ կարող են լինել նաև վերջին տարիների ընթացքում դիտարկվող կանանց և տղամարդկանց անձնական աճի տարբերությունները: Վերջին տարիներին մեզ մոտ կանայք շատ ավելի մեծ ակտիվություն են դրսևորում կրթության, առաջադիմության հարցերում, քան տղաներն ու տղամարդիկ, և ինչ-որ կետում տեղի է ունենում, այսպես ասած, անհամատեղելիություն, արժեքների զեղում. չեն համընկնում կանանց և տղամարդկանց հետաքրքրությունները: Ես ընդամենը դիտարկումների մակարդակի հետևություն եմ անում և չեմ պնդի, որ հենց այդպես է, բայց նախնական դիտարկումները թույլ են տալիս այս առումով որոշ եզրակացություններ անել»,- նշում է Գարիկ Հայրապետյանը:

Թե ինչպես կարելի է պայքարել հասարակական այս չարիքի դեմ, իհարկե, տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են կիրառում: Բայց դժվար է նշել որևէ միջազգային հետաքրքիր կամ դրական ու օրինակելի փորձ, որը կօգնի նվազեցնելու կամ դանդաղեցնելու ամուսնալուծությունների աճը: Այդպիսի փորձի չի հանդիպել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ լուծումը կարող է լինել սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի բարելավումը:

Ինչ էլ որ լինի պատճառը, ամուսնալուծությունից ոչ ոք չի շահում, կորցնում է թե՛ տղամարդը, թե՛ կինը: Բայց առավել շատ, եթե ընտանիքում երեխաներ կան, տուժում են հենց նրանք: Եվ, վերջին հաշվով, երկիրը, քանի որ «ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոս-գաղափարը դեռ ոչ ոք չի վիճարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: