Հայերեն   English   Русский  

Հաղթանակները վստահություն են ներշնչել


  
դիտումներ: 1061

Քիչ ժամանակ է մնացել Վիեննայում կայանալիք մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության 5-րդ խմբի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այն մայիսի 17-19-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Տանտերերի թիմից բացի, այդ ստուգատեսում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաև Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչները:

Բոլորն էլ ուժեղ են, այդ երկրներում հանդբոլը բարձր մակարդակի վրա է: Եվրոպական երկրների թիմերի խաղացողները միջազգային մրցաշարերի մասնակցելու և խաղային փորձ կուտակելու մեծ հնարավորություններ ունեն: Մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչների հնարավորությունները սահմանափակ են:

Ստուգատեսին նախապատրաստվող մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի ընտրանին օրերս ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Հայաստանի և Վրաստանի հանդբոլի ֆեդերացիաների միջև սերտ փոխհամագործակցություն կա, և երկու երկրների ներկայացուցիչները հաճախակի են փոխայցելություններ կատարում: Ստուգողական հանդիպումներ են կազմակերպվում, և երկու երկրների ներկայացուցիչները միմյանց հետ խաղալու հնարավորություն են ստանում:

Ահա մեր երկրի մարզուհիների ընտրանին չորս խաղ անցկացրեց իր հասակակիցների թիմերի հետ և բոլոր հանդիպումներն էլ ավարտեց իր օգտին: Հայաստանի հավաքականն առավելության հասավ «Կվարելիի» (30:20), «Մարտվեի» (28:20), «Իմեդիի» (35:28), Թբիլիսիի հավաքականի (31:21) նկատմամբ:

Ինչ խոսք, մերոնք բարձր տրամադրությամբ կմեկնեն Վիեննա` եվրոպական ստուգատեսին մասնակցելու համար:

Թե ինչ տվեցին ստուգողական խաղերը, հարցրինք Հայաստանի հավաքականի մարզիչներին: Ահա թե ինչ ասացին նրանք.

Անահիտ Հարությունյան.-Վերջին շրջանում Վրաստանում կանանց հանդբոլն առաջադիմել է, և մեր մրցակիցներն արժանի խաղեր ցուցադրեցին: Հայաստանի հավաքականի համար ստուգողական հանդիպումները շատ կարևոր էին: Փաստորեն, մեր թիմի խաղացողներին գործնականում ստուգելու առիթ էր ստեղծվել: Բացահայտվեց, որ անելիքներ ունենք, և հնարավոր է ավելի լավ նախապատրաստվել առաջիկա փորձությանը: Պարզապես ժամանակը սահմանափակ է: Աղջիկս` Անի Ասատրյանը, մեր թիմի առաջատարն է, և ուրախալի է, որ նա աստիճանաբար վերականգնում է իր լավ մարզավիճակը:

Աստղիկ Գյուրջինյան.-Ինչպես հայտնի է, մեր թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել, վիրահատվել և չի կարող օգնել թիմին: Նրան արժանի փոխարինող գտնելը դժվար է: Մտավախություն ունեինք, բայց Սոֆիկ Թորոսյանը, որը 5 ամիս է, ինչ մեր թիմի հիմնական դարպասապահի դերում է, զգալիորեն բարելավել է իր խաղամակարդակը: Թբիլիսիում նա հուսալի խաղ ցուցադրեց: Առաջիկայում պետք է փորձենք ուղղել այն սխալները, որոնք հավաքականը թույլ է տալիս: Պետք է աշխատել, որ հարվածները դարպասին ավելի դիպուկ լինեն: Աշխատանք կա թիմի տեխնիկատակտիկական խաղամակարդակը բարելավելու ուղղությամբ: Հոգեբանական առումով այս հաղթանակները վստահություն են ներշնչել թիմի խաղացողներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: