Հայերեն   English   Русский  

​Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը ՀՀ քաղաքացիներն են


  
դիտումներ: 2961

Քառօրյա պատերազմը որոշակի դասեր տվեց հայ քաղաքական վերնախավին և հասարակությանն ընդհանրապես:

Դրանց շարքում գլխավորը վերաբերում է հայ ժողովորդի «ավագ եղբորը»: Հարևան պետությունը, ըստ էության, Հայաստանի քաղաքացիների և ԼՂՀ բնակչության (որոնք, ի դեպ, նույնպես ՀՀ քաղաքացիներ են) վրա կրակեց մեր ռազմավարական դաշնակցի զենքով: Սա ստիպեց շատերին աչքերը բացել:

Առհասարակ, վերջին տարիներին եղան դեպքեր, որոնք փոխեցին շատ հայաստանցիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Օրինակ՝ Գյումրիում Ավետիսյանների սպանությունը, որի մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովին հրաժարվում էին փոխանցել ՀՀ արդարադատությանը: Միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խոշոր ցույցերից հետո ռուսական կողմը համաձայնեց Պերմյակովին դատել ՀՀ օրենքներով: Այնուամենայնիվ, շատերն են մինչև այժմ տարակուսում, թե ինչու է դատը ընթանում ռազմաբազայում:

Սակայն վերջին տարիներին քաղաքական շրջանակներում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը մնում է Ռուսաստանի զենքի վաճառքը Ադրբեջանին: 2015 թ. հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, 2010 թ. կնքված պայմանագրերի համաձայն, ավարտում է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները, իսկ 2017-ին կավարտի սպառազինությունների ու տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումները ։

Հատկանշական է, որ ուղիղ մեկ ամիս առաջ ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը անակնկալ այց կատարեց Բաքու, որի ընթացքում քննարկվեցին ռազմա-տեխնիկական հարաբերությունները երկու երկրների միջև, ինչպես նաև տնտեսական հարցեր:

Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը: Ակնհայտ է, որ թուրք-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանին նույնպես չկորցնելու համար:

Ապրիլի 2-ից զենքի վաճառքի ահազանգերի կարևորությունը հասկանալի դարձավ բոլորին: Միայն ռազմական աննախադեպ գործողություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն արտահայտեց ռազմավարական գործընկերոջ պահվածքի վերաբերյալ. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին»: Սակայն միևնույն ժամանակ նշեց, որ «մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա»:

Մինչ Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճում են, ռուսաստանցի պաշտոնյաներն անգամ չեն փորձում ձևացնել, որ դա հուզում է իրենց: Ճիշտ հակառակը: Ռոգոզինը, չնայած լարվածությանը, առաջին իսկ հնարավորության դեպքում հայտարարեց, որ Ռուսաստանը, պայմանագրերի համաձայն, կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին: «Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: Ավելի ուշ նա հայտարարեց, որ նեղացած է «որոշ քաղաքացիների վերաբերմունքից»: Հավանաբար, նրա կարծիքով, ՀՀ քաղաքացիները պետք է շնորհակալություն հայտնեին այդ երկրին դաշնակցային և դիվանագիտական այլ պարտավորությունները չկատարելու համար: Իսկ այդ պարտավորությունները բավականին հստակ են:

Նախ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Ռուսաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Զենք վաճառելն արդեն իսկ հակասում է դրան: Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն շարունակ հայտարարում է, որ Մոսկվան թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զենք մատակարարելիս «պահպանում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։ Թե այդ հավասարակշռությունն ինչպես է պահպանվում, ակնհայտ եղավ վերջին բախումների ընթացքում:

Երկրորդ` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի չորրորդ հոդվածում նշված է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»: Այս կետի ընդունումից ի վեր Ադրբեջանը բազմիցս կրակել է Տավուշի ուղղությամբ, սակայն ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում դրա անդամ Ռուսաստանը, որևէ քայլ չեն կատարել դա կանխելու կամ առնվազն դատապարտելու ուղղությամբ:

Բոլոր մեղադրանքներին ռուսաստանցի պաշտոնյաները մեկ պատասխան ունեն` զենքի վաճառքը պարզապես բիզնես է: Թե ինչպես կարելի է գործնական հարաբերություններ համարել այն, ինչ հետո կրակելու է դաշնակից երկրի քաղաքացիների` երեխաների և ծերերի վրա, անհասկանալի է:

Սակայն մի բան այլևս պարզ է: Հայաստանյան դիվանագիտությունը նույնպես պետք է առաջնորդվի միմիայն գործնական և իր շահերի վրա հիմնված քաղաքականությամբ: Ոչ մի «ռազմավարական դաշնակից», ոչ մի «բարեկամ երկիր» չի կարող լինել անվտանգության երաշխիք: Հայաստանն ունի լծակներ իր կամքը թելադրելու համար. հենց այս ուղղությամբ պետք է աշխատել դիվանագիտական ճակատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: