Հայերեն   English   Русский  

​«Մուսալեռից Խնապատ». ֆիլմ, որ արժե նայել դասեր քաղելու համար


  
դիտումներ: 6483

«Ցանկացած դեպք ամեն մարդ յուրովի է ընկալում ու մեկնաբանում, և դա բնական է: Իսկ եթե վավերագրող ես և առնչվում ես պատմական իրադարձությունների՞ն»:

Այս հարցն ինքն իրեն տալիս է կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանը, որն Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ վավերագրողներից է: Նա, մի ձեռքին հսկայածավալ տեսախցիկը, մյուսին` զենքը, բաց չէր թողնում ոչ մի ռազմական կարևոր գործողություն: Մի ձեռքով վավերագրում էր պատմությունը, մյուսով` պաշտպանում այն:

Ազատամարտի արժեքավոր կադրերը, սակայն, միայն արխիվում չէին ամփոփվում: Սերունդներին ամենակարևոր դասը փոխանցելու համար դրանք դառնում էին փաստավավերագրական ֆիլմեր:

«Մուսալեռից Խնապատ»: Սա ռեժիսորի վերջին ֆիլմերից մեկն է, որը, սակայն, նկարահանվել է պատերազմից հետո: Հետպատերազմական Արցախը վավերագրելը նրա համար նույնքան կարևոր էր, որքան պատերազմական բուն գործողությունները: Ռեժիսորն ինքն է բացում ֆիլմը հետաքրքիր դիտարկմամբ. «Ռուսաստանի դաշնություն, Մոսկվա: Մի գործով Զինված ուժերի թանգարանում էի, փոխտնօրենի առանձնասենյակում: Հրաժեշտ տալուց առաջ որոշեցի նրան հարց տալ. «Այսօր ձեր երկրում գրքեր են հրատարակվում, որոնցում նշված փաստերը Երկրորդ համաշխարհային պատերազմը գլխիվայր են ներկայացնում: Հիմա ես, որ սովորել եմ սովետական դասագրքերով, չգիտեմ` ում հավատալ»: «Ոչ մեկին էլ մի հավատա,- ասաց,- ես ռազմական պատմաբան եմ, իմ դիսերտացիայի թեման Մոսկվայի պաշտպանությունն է: Ես եկա այն համոզման, որ գերմանացիները Մոսկվա չմտան մի պարզ պատճառով, որ փամփուշտները վերջացել էին: Երկու կողմի արխիվներն էլ ուսումնասիրել եմ. գերմանական հետախուզությունն աշխատել էր հոյակապ, նրանք հաշվի էին առել ամեն ինչ, բացի մի բանից, որ այդ համեմատաբար փոքր տարածքում, որի անունն էր Լիստրա, խորհրդային բանակը կստեղծի կենդանի պատ և կտա 2 միլիոն զոհ: Այնպես որ՝ ոչ մեկին պետք չէ հավատալ: Եվ ընդհանրապես, պատմաբանները միշտ կատարում են գործող իշխանությունների պատվերը, բայց դա մեր ճանապարհը չէ»:

Որպես վավերագրող` հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է ֆիլմի հեղինակը: Նա ցույց է տալիս իրականությունը՝ առանց խմբագրման, իսկ հետևությունները թողնում է սերունդներին:

Նրա ֆիլմի հերոսները պատերազմի հերոսներն են, որոնք արտացոլում են նորօրյա իրականությունը: Սակայն ֆիլմի ամենաարժեքավոր խորհուրդն այն յուրօրինակ զուգահեռներն են, որ անցկացվում են պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած երկու իրադարձությունների միջև: Մի կողմից Արցախյան պատերազմն է և Խնապատ գյուղի ինքնապաշտպանությունը, մյուս կողմից` 1915 թվականի Մուսա լեռան հերոսամարտը: Հեղինակը համեմատություններ է անցկացնում այդ պատմականորեն տարբեր, միաժամանակ նման իրադարձությունների միջև` ներկայացնելով Մուսա լեռան և Խնապատի հերոսական կերպարներին, որոնք մինչև վերջ պայքարել են իրենց հողը, տունը պահելու ու պաշտպանելու համար: Ճիշտ է, 1915 թվականին 53-օրյա ինքնապաշտպանությունից հետո հայ քաջարի գյուղացիները ստիպված են եղել լքել Մուսա լեռը, սակայն այդ պայքարի շնորհիվ նրանք կարողացել են փրկվել և շարունակել գենը:

Խնապատցիներն էլ Արցախյան պատերազմում նույն հերոսական պայքարն են մղել, սակայն կարողացել են ոչ միայն փրկվել, այլև փրկել սիրելի Խնապատը` թույլ չտալով հակառակորդին ներխուժել գյուղ, այլ, ինչպես ֆիլմի հերոսներից մեկն է ասում, միայն հեռադիտակով տեսնել Խնապատը, որտեղ ռմբակոծության ժամանակ էլ մարդիկ շարունակում էին ապրել ու արարել, անգամ հարսանիք անել` ոչ մի վայրկյան չմտածելով գյուղը լքելու մասին:

Խնապատցիները հպարտությամբ ներկայացնում են իրենց գյուղն ու ինքնապաշտպանական մարտերը, որից հետո ֆիլմում կտրուկ անցում է կատարվում դեպի ներկայիս Մուսա լեռ գյուղը: Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի մոտ տոնախմբություն է, երգուպար: Մուսալեռցի Գևորգ Վրդանեսյանը պատմում է, թե ինչպես, 1990 թվականից սկսած, նվիրվել է Մուսա լեռան պատմությունը գրելուն` նկատելով, որ պատմության դասագրքում այդ հերոսական իրադարձության մասին ընդամենը երկու տող է գրված: Մուսալեռցի Հակոբ Վրդանեսյանն էլ հպարտությամբ ներկայացնում է պատմական հայրենիքից` Մուսա լեռից եկած-հասած իր խաղողի վազերը, որոնք ամենայն քնքշանքով խնամում է, փայփայում, որպեսզի տեսակը պահպանվի ու տարածվի, որ ինչքան էլ թուրքը փորձի արմատախիլ անել՝ այն շարունակի բերք տալ ու մի օր էլ ծլարձակել այն հողում, որտեղից բերվել է:

Հետո կրկին Խնապատն է: Խնապատցի հերոսներից մեկը պատմում է, որ երբ 93-ին մարտերը թեժացել են, գյուղի ժողովրդին տեղափոխել են ապահով վայր: Սակայն հաջորդ օրը գյուղացիները հերթով վերադարձել են գյուղ` ասելով, որ ոչ մի տեղ չեն գնա զինվորների կողքից: «Եթե մենք համախմբված չլինեինք, հաջողության երևի չէինք հասնի: Էն ժամանակ, տարիքով լինի, մեծ լինի, բոլորի նպատակը մեկն էր` պաշտպանել էս հողը, էս գյուղը: Բոլորն էլ ոնց որ մի հորից, մի մորից լինեին»,- ասում է խնապատցին:

Ֆիլմի հերոսները, հպարտությամբ խոսելով պատերազմի դառը, բայց միասնական ու ոգևորիչ օրերի մասին, անդրադառնում են նաև ներկա ժամանակների ցավոտ խնդիրներին, շոշափում բազում կնճռոտ հարցեր, որոնք մտահոգում են հայ մարդուն, հայ զինվորին ապագայում ևս մեկ փորձության դեպքում, հայ ոգու կենսունակության տեսանկյունից:

Ֆիլմի հերոսներից մեկը ցավով ասում է, թե ժողովուրդը շատ է փոխվել, առաջվա ժողովուրդը չի… Մեկ ուրիշն էլ նկատում, թե էն ժամանակվա տղամարդկությունը հիմա չկա. «Պատերազմի ժամանակ մեկ վիրավոր հանելու համար չորս վիրավոր էինք տալիս: Ոչ ոք չէր ափսոսում, որ ինքը գնում է ընկերոջ համար վիրավորվելու, բայց դե էսօր դժվարություններն են շատ, թե ինչ, մարդիկ համախմբված չեն այն աստիճան, ոնց որ պատերազմի ժամանակ»:

Կարծում ենք` այստեղ արժե անպայման զուգահեռներ անցկացնել նաև ապրիլյան վերջին իրադարձությունների հետ: Եթե մի քանի տարի առաջ նկարահանված այս կադրերում քաջարի խնապատցիները մտահոգ էին նորօրյա մարդու պահվածքով ու նորօրյա բարքերով, ասում էին, թե ժողովուրդն առաջվանը չէ, ապա ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ապացուցելու, որ դժվարության, հայրենիքը վտանգված լինելու պահին հայը կրկին միասնական է, կրկին` մի հորից ու մորից, կրկին չի խնայում իր կյանքը հանուն ընկերոջ: Ժողովուրդն էն ժողովուրդն է, որին մենք գիտենք ու սիրում ենք:

«Մուսալեռից Խնապատ» ֆիլմի տպավորիչ տեսարաններից է խնապատցիներից մեկի տանը դրված կասետային ռումբի մնացորդը, որը որպես ծաղկաման է ծառայում գեղեցիկ արմավենու համար: Չափազանց հուզիչ է նաև պատերազմի ժամանակ ձախ ոտքը կորցրած հերոսի կերպարը, որը բակում իր ոտքի պրոթեզն է հագնում ու ասում, որ ոչ մի վայրկյան չի ընկճվում հաշմանդամ դառնալու համար և հույսը երբեք ոչ ոքի վրա չի դնում: Ավելին, դեռ մի բան էլ շնորհակալ է ճակատագրից, որ ողջ է մնացել:

Ֆիլմն ավարտվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի մոտ շարունակվող տոնախմբության տեսարանով, որտեղ հնչում են ազգային երաժշտության ելևէջները, ապա երաժշտության հնչյունների ներքո անցում է կատարվում դեպի Խնապատ` զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարը, որի վրա գրված է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ապա նորից միանում է Մուսալեռը` իր խրոխտ հնչյուններով, ազգային հագուստով տարեց կանանց ու տղամարդկանց պարով` եռագույնը ձեռքին: Եվ կրկին Խնապատ, հերոսների շիրմաքարեր, որտեղից երևում է ազատ ու անկախ Արցախը:

«Մուսալեռից Խնապատ». սա մեր ճակատագիրն է: Այս տողերով է ավարտվում ֆիլմը` դիտողին փոխանցելով մեծ ասելիք հայրենիքի, հայրենասիրության, միասնության ու հավերժ հայ հողին փարված լինելու գաղափարների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: