Հայերեն   English   Русский  

«Ավելի լավ է մեռնել հայրենիքի համար, քան ապրել անարդարություններով շաղախված դատապարտյալի խարանը կրելով». կալանավորի բաց նամակը


  
դիտումներ: 1306

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հակոբյանը, որն ազատազարկման է դատապարտված 11 տարով, բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով առաջին իսկ հնարավորության դեպքում թույլ տալ իրեն մեկնելու առաջին գիծ, ուր ամենաթեժ մարտերն են ընթանում և ինչպես ինքն է գրել` որտեղ գնում են միայն հանուն հայրենյաց մահապարտները

Դատապարտյալը նախ նշում է, որ 1976 թվականին զորակոչվել է և պարտադիր զինվորական ծառայության է անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգի Գորիի տանկային ռազմաուսումնավարժական գնդում` ստանալով նախ նշանառուի, ապա նաեւ տանկի հրամանատարի կոչում: «Իմ հայ ազգին, նաեւ հայ զինվորներին վատաբանելու համար գնդի շարահրապարակում բոլորի աչքի առաջ ուժգին ապտակել էի իր անսահման լկտի պահվածքով աչքի ընկնող ադրբեջանցի սպա, կապիտան Օվչիեւին` նախ նրան ցույց տալով հայի բազկի ուժը, հետո նաեւ հասկացնելով իրականությունն ու իր նման թափթփուկների տեղը»,- բաց նամակում գրել է Աշոտ Հակոբյանը:

Դատապատյալը նաև գրել է, որ ծառայության ժամանակահատվածում մասնակցել է «Կարայազ» ռազմավարժական կենտրոնի տանկային բոլոր զորավարժանքներին՝ ստանալով բազմաթիվ խրախուսանքներ:

Ինչ վերաբերում է իր ազատազրկմանը, ապա կալանավորը գրել է, որ դատապարտվել է 2010 թվականին «անմաքուր սկզբունքներով առաջնորդվող դատաիրավական համակարգի փողառուշտ պաշտոնատար անձանց կողմից»` կաշառք տալուց հրաժարվելու, դրանից հետո իր դեմ սարքված քրեական գործի պատճառով: Աշոտ Հակոբյանը նշում է, որ իրեն խաբեությամբ կանչել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ձերբակալել են, ապա դատապարտել 11 տարվա ազատազրկման: Նա իր պատիժն է կրում անազատության մեջ արդեն 6 տարի:

«Ձեզ եմ դիմում ոչ թե իմ գործի հետ կապված խնդրանքով, այլ խնդրանքս բոլորովին այլ է,-գրում է Աշոտ Հակոբյանը,-քաջ գիտակցելով երկրիս առջեւ ծառացած բարդ ու անորոշ պատերազմական իրավիճակի մասին եւ հայացք գցելով իմ անցած ուղու վրա, գիտակցելով իմ դերն ու նշանակությունն արյունռուշտ արդրբեջանա-թուրքական հրոսակների կողմից սանձազերծված ուխտադրուժ հարձակմանը դիմագրավելու գործում, խնդրում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում թույլ տրվի ինձ մեկնելու առաջին գիծ, ուր ամենաթեժ մարտերն են ընթանում եւ որտեղ գնում են միայն հանուն հայրենյաց մահապարտները»:

Կալանավորն ունի ընտանիք, վեց թոռ, ըմբշամարտիկ է, իրեն համարում է զինվորական ծառայությանը պիտանի: «Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ մարտադաշտում գտնվելուս ժամանակահատվածը չի դիտվելու որպես պատժաչափի կրճատում, նորից կշարունակեմ վերադառնալուն պես իմ անօրինական կալանքը կրել, իսկ եթե չվերադառնամ եւ զոհվեմ թշնամու դավադիր գնդակից, չեմ վշտանա, ուրախ կընդունեմ մահս, քանզի իմ վրա ընդունած կույր գնդակով փրկած կլինեմ դեռ կյանք չմտած 20-ամյա մի հպարտ հայորդու»:

Ըստ կալանավորի, իր համար ավելի լավ է մեռնել հայրենիքի համար, քան ապրել ստով, անարդարություններով շաղախված դատապարտյալի անդուր խարանը կրելով:

Նշենք, որ 2015 թ.Անկախ-ն անդրադարձել է Աշոտ Հակոբյանի քրեական գործի պատմությանը` «Ես հաշտվել եմ, որ արդարություն չկա, բայց Աշոտը դեռ հավատում է» հոդվածում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: