Հայերեն   English   Русский  

Եթե ազգը գլուխ չունի, ապա մարմինն անընդհատ հարվածներ է ստանալու. Հարություն Մեսրոբյան


  
դիտումներ: 1707

Քառօրյա պատերազմի ընթացքում հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ հայ ժողովրդի հավաքական ուժը շատ ավելի բարձր է քաղաքական վերնախավի որակից: Սա մի կողմից հանգստացնում է, բայց մյուս կողմից՝ ցավ պատճառում, քանի որ էլիտան անարժան է , իսկ դա միշտ փորձություններ է բերում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Փորձագետն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում մասնագետները զգուշացրել են, որ տատանումների շրջան է սկսվել և հնարավոր են այնպիսի սցենարներ, ինչպիսին եղավ ապրիլի 2-ին. «Սակայն ոչ ոքի չէին հետաքրքրում այդ զգուշացումները: Էլ ոչ մի բան հնարավոր չէ զգուշացնել, կանխագուշակել: Պետք է արձագանքման քաղաքականություն վարենք, քանի որ նախապատրաստման փուլն արդեն բաց ենք թողել», - նշեց Հարություն Մեսրոբյանը:

Նա մատնացույց արեց այն հանգամանքին, որ զոհված զինծառայողների ցուցակում չկան քաղաքական ընդդիմադիր, թե իշխանական վերնախավի հետ կապված անունները.«Դուք տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն նրանց որդիները: Զոհվում է առողջ, սովորական հայը»,- նշեց նա:

Ըստ նրա՝ եթե նման անհեռատես քաղաքականություն չվարեինք, կարող էինք զերծ մնալ այդքան շատ զոհերից. «Այս սխալների մեղավորը վերնախավն է, այլ ոչ թե այլ երկրները կամ ուրիշ ուժերը: Եթե ազգը գլուխ չունի, ապա մարմինն անընդհատ հարվածներ է ստանալու, և պետք չէ ինչ-որ վեհ հարցերից խոսել հիմա»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականաությանը՝ փորձագետը, նշեց, որ պետք է ակտիվ լոբինգային քաղաքականություն վարել գերտերությունների տարածքներում. «Ամեն ուժ կա´մ հաչում է գերտերությունների վրա, կա´մ սիրաշահում: Պետք է հասկանալ վերջապես, որ ոչ մի գերտերություն Հայաստանի շահը չի պաշտպանի: Խնդիրն այն է, որ մեր և նրանց շահերը իրար դեմ դուրս չգան»:

Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն վարել բոլոր ոլորտներում՝ թե´ տնտեսությունում, թե´ արտաքին քաղաքականությունում. «Մենք թույլ ենք, որովհետև գործում է կառավարման օլիգարխիկ համակարգ: Դա բոլոր ոլորտները դարձնում է անմրցունակ, իսկ պատերազմի ժամանակ դա նշանակում է փորել սեփական գերեզմանը»:

«Ամբողջ աշխարհին պետք է մեկ բան հասկացնենք.Արցախն ատամներով պահելու ենք: Նրանք այս գաղափարի հետ պետք է հաշտվեն»,- եզրափակեց Հարություն Մեսրոբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: